ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանը Ժնևում հանդիպում չեղարկեց․ «Խաղաղության պայմանագիրը» քննարկվեց Թուրքիայի հետ

Հայաստանի ԱԺ պատվիրակությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին։ Իր ելույթով Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» վրա և տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։

Նույն թեման նաև ԱԺ նախագահի երկկողմ այլ հանդիպումների օրակարգում էլ է եղել։ Նախապես ծրագրված էին Ալեն Սիմոնյանի հանդիպումները Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հետ։ Ժնևը, սակայն, արձանագրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մեկ տապալում։

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը, և խաղաղության ժամանակը հիմա է,՝ Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայտարարությունը հաջորդում է այն օրվան, երբ ադրբեջանական կողմը չեղարկեց Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ Ժնևում ծրագրված հանդիպումը։ Լրացուցիչ պարզաբանումներ հայկական կողմը պատրաստվում է ներկայացնել Հայաստան վերադառնալուն պես։

Իսկ մինչ այդ՝ Սիմոնյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի մասնակիցներին ներկայացրել է խաղաղության հասնելու Հայաստանի օրակարգը։

«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին ՝ դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր: Երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ: Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին»։

ԱԺ նախագահի հայտարարությունը, թերևս, կարելի է ընկալել որպես պատասխան Ադրբեջանի նախագահին։ Պաշտոնական Երևանի հրապարակային և պարբերաբար ներկայացվող առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին», պաշտոնական Բաքուն մերժել է։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել»։ Ալիևն անիրատեսական է որակել հայկական կողմի առաջարկը և ասել, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։

Ժնևում տապալված մի հանդիպման կողքին կա նաև կայացած հանդիպում՝ կրկին տարածաշրջանում խաղաղության ու կայության հարցերով։ Սոցցանցում գրառման միջոցով Ալեն Սիմոնյանը «շատ կարևոր հանդիպում» որակեց իր և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի քննարկումները։ Արդեն հանդիպումից հետո X-ում գրառմամբ ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ, նաև Հարավային Կովկասում խաղաղության թեմա։ Սիմոնյանը Քուրթուլմուշին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ուղիղ 20 օր առաջ նույն ծրագիրը Նյու Յորքում Հայաստանի վարչապետը նվիրել էր Թուրքիայի նախագահին։

Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի ռազմավարական հետազոտությունների Աթաթուրքի ինստիտուտի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ահմեդ Կասիմ Հանը, ով օրերս Երևանում մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի քննարկմանը, այն դիտարկմանն է, որ Թուրքիան այս փուլում դեմ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, առավել ևս, եթե հայկական «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է ամբողջացնել Թուրքիայի նախընտրած «Միջին միջանցք» նախագիծը։ Բայց անգամ այս դեպքում թուրք վերլուծաբանի համար հարց է՝ եթե կան տարբեր շահեր, ապա անվիճելի է, թե որ շահերը կնախընտրի Թուրքիան․

«Թուրքիան և Հայաստանը բաց են թողել մի շարք լավ հնարավորություններ։ Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին շրջանը նման հնարավորություն էր, 2008–09 թվականները՝ «ֆուտբոլային դիվանագիտության» տարիները, չնայած այն հանգամանքին, որ թուրքական բնակչությունը դեմ էր այդ տեսակի նորմալացման, նույնպես հնարավորություն էր։ Հիմա տեսնում եմ, որ էլի հնարավորություն կա։ Եթե հիմք լինի Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ համաձայնագրի, Թուրքիան առանց վարանելու կստորագրի դա՝ պայմանով, որ Ադրբեջանը չի ունենա լուրջ առարկություններ այն համաձայնության վերաբերյալ, որն այն ժամանակ կարող է ձևավորվել։ Պիտի նայենք թուրքական պետության հիմնական շահերին։ «Մեկ ազգ, երկու պետություն» , այո, բայց եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ Ադրբեջանը նաև հանդիսանում է ներդրող, նաև՝ նավթային պետություն, ապա ակնհայտ է դառնում, թե ինչպիսի շահեր կան այս հարաբերություններում»։

Իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը պարբերաբար շեշտում է նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 2024-ի հուլիսի վերջին տեղի ունեցավ բանագնացների  5-րդ հանդիպումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, իսկ մինչ այդ էլ կա հաստատված, բայց դեռ չիրագործված պայմանավորվածություն՝ հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների ներկայացուցիչների համար։

Սա է պատճառը, որ Ռուբինյանը հայտարարում է․

«Շատ պարզ իրավիճակ է այստեղ․ Հայաստանն է պատրաստ առանց նախապայմանների, հիմնվելով միջազգային հիմնարար սկզբունքների վրա ունենալ բաց սահմաններ բառացիորեն վաղը։ Ունենալ «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ՝ վաղը, բաց հաղորդակցություն ունենալ Ադրբեջանի հետ՝ վաղը, դիվանագիտական կապեր Թուրքիայի հետ՝ վաղը։ Բոլոր այս «խորը» խոսակցությունները՝ պատմություն, բեռ, հասարակության մեջ արտացոլանք, իհարկե, այդ խոսակցությունները կարևոր են, բայց եթե մենք խոսում ենք «real politic» տեսանկյունից՝ ինչ կարելի է անել, շատ ավելի պարզ է ամենը։

Այս ամենի կողքին նույն Ժնևում, որտեղ ադրբեջանական կողմը չեղարկեց հայկական կողմի հետ ծրագրված հանդիպումը, տարածաշրջանային հարցերն առանձին քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրել է՝  ուս ուսի են եղբայր Ադրբեջանի հետ նաև «Զանգեզուրի միջանցք» կոչվածի առումով։

Սրա կողքին Ռուբինյանի հայտարարության շարունակությունն է՝ Հայաստանն ունի ունենք քաղաքական կամք՝ ունենալու նորմալացված հարաբերություններ Թուրքիայի հետ, ունենալ «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, եթե  հարևանները ևս ունեն նույն քաղաքական կամքը, դա վաղը տեղի կունենա»։

Կարդացեք նաև

Back to top button