
Նոյեմբերի 1-ից սպասվող տոմսային միասնական համակարգի և հոկտեմբերի մեկից արդեն գործող վճարային նոր համակարգի թեման Երևանի ավագանիում թեժ քննարկումներ է առաջացրել։ Ավագանու ընդդիմադիր անդամները, մատնանշելով բոլոր այն խնդիրները, որոնց մեջ ակամա հայտնվել են հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիները, կոչ են արել որոշումներ ընդունելուց առաջ փոփոխությունները սահուն ու կանոնակարգված անելու մասին մտածել։ Քաղաքային իշխանություններն ընդունել են՝ խնդիրներ առաջացել են, բայց նաև վստահեցրել են՝ դրանք արդեն լուծված են, իսկ մատնանված որոշ խնդիրներ չափազանցված են բնորոշվել։
Մետրոն, որը համարվում է ամենահանգիստ և արագ փոխադրամիջոցը, այսօր Երևանում շատ ավելի անհարմար է դարձել, քան ավտոբուսները՝ Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։ Նրա ձևակերպմամբ՝ քաղաքային իշխանությունների ճիշտ չհաշվարկված որոշումների հետևանքով Երևանի մետրոյից օգտվողները խառնաշփոթի մեջ են։
«Մետրոն հենց այն տրանսպորտն էր, որի համար ես 5 կանգառ ոտքով իջնում էի, որ հանգիստ գնամ։ Հիմա մետրոն դարձել է շատ ավելի անհարմար, քան վերգետնյա տրանսպորտը, այդպե՞ս ենք քաղաքը բեռնաթափում»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքում է՝ ծանոթ է մետրոյի մուտքի մոտ գոյացող կուտակումներից, սակայն դրանք արդեն անցյալում են՝ վստահեցնում է։
«Ձեր տեղեկությունն արդեն ժամանակավրեպ է, բացատրեմ՝ ինչու։ Այո, եղել են կուտակումներ։ Կուտակումներն ունեցել են մի քանի պատճառ։ Նախ, որովհետև փոխված չէին բոլոր անցարգելները, դրանք արդեն փոխված են մետրոյի բոլոր կայարաններում։ 2-րդ՝ մարդիկ օբյեկտիվորեն QR կոդից օգտվելու հմտության ձեռքբերման կարիք ունեն։ Դրա համար մենք նաև պահում ենք աշխատակիցներ էնտեղ, որպեսզի մարդկանց՝ էս նոր համակարգին անցումն ավելի սահուն իրականացվի։ Ես ձեզ հրավիրում եմ՝ գնանք Երևանի մետրոպոլիտեն, ցանկացած կայարան առավոտյան, կամ գնանք մետրոպոլիտենի շենք և տեսախցիկներով դիտենք այսօր առավոտյան տարբեր կայարաններում Ձեր ասած երևույթը գոյություն ունի՞, թե՞ չունի»։
Աբգարյանը հակադարձում է՝ ինքն այդ կուտակումներին ոչ թե տեսախցիկներով է հետևում, այլ անձամբ է մինչ օրս կուտակումների մեջ հայտնվում։ Ավագանու անդամը ոչ պակաս մտահոգիչ է համարում նոյեմբերի մեկից սպասվող փոփոխությունը, որով մետրոյից օգտվելը կլինի վճարման նոր համակարգով, ինչը սպասվում է նաև հանրային տրանսպորտի մյուս միջոցներին։
Ավագանու անդամը Երևանի մետրոյի տոմսը համեմատում է այլ երկրների տոմսերի հետ․
«Սա քաղաքակիրթ ձև չէ, սա տոմս չէ, այն, ինչ ես եմ գնում, սա տոմս չէ, սա կտրոն է, թուղթ է, որը ջնջվում է, ներկը ճմրթվում է, փչանում է։ Այ սա քաղաքակիրթ տոմս է, սա Փարիզի մետրոյի տոմսն է, որը կարտոնից է, փոքրիկ է, հարմար տեղավորվում է, որևէ կերպ չի ճմրթվում և կասկած չի կարող առաջացնել։ Քաղաքակիրթը սա է, քաղաքակիրթ է նաև իմ մյուս տոմսը՝ պլաստիկե քարտը, որը Թբիլիսիի մետրոյի քարտն է, իսկ դուք այսօր չեք կարողացել ապահովել ոչ քարտեր, ոչ անհպում վճարում, բայց ասում եք՝ գնացեք և քաղաքակիրթ վճարեք»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի մեկից Երևանի մետրոյում վճարումն արվում է ոչ թե ժետոնի համար, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում տարբեր կայարաններում։ «TelCell»-ը տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, ապա նոր մրցույթ կհայտարարվի։
Իզաբելա Աբգարյանը հարց է բարձրացնում՝ ինչու են մետրոյից օգտվողներին հիմա արդեն գցում հերթերի և անհարմարությունների մեջ, եթե տոմսերի միասնական համակարգը հունվարից նոր միայն գործելու է։
«Թուղթ չկա ապարատի մեջ, քանի՞ անգամ է Երիտասարդականում այդպես է։ Չեն աշխատում տերմինալները, և անցած օրը 4 տոմս խնդրելիս ինձ տվեցին մի հատ թուղթ, 3 հատ ժետոն, սա քաղաքակի՞րթ ձև է»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ QR կոդերը բազմաթիվ տեղերում արդեն օգտագործվում են, նաև կիրառվում են համապատասխան քարտերը։
«Որ ասում եք՝ ինչի եք հիմիկվանից անում, հիմիկվանից ենք անում, որ մարդիկ աստիճանաբար սովորեն տարբեր վճարման համակարգերի և ոչ թե մի ակնթարթում, ուղղակի ասենք՝ վերջ, ամեն ինչ փոխվեց, մարդիկ խառնվեն իրար»:
Թեմային արձագանքելով՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նկատում է՝ այդ խնդիրները պետք է մտահոգեն նաև Երևանի բոլոր պատվավոր քաղաքացիներին, որոնց թիվy, ավագանու որոշմամբ, անընդհատ ավելանում է։
«Թեև իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, բայց պետք է գիտակցեն, որ հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարվի, ո՞նց է այդ գինը գոյանում»:
Ըստ փոխքաղաքապետի ՝ թվարկված խնդիրներից միակ ճիշտ դիտարկումն ավտոբուսներում վալիդատորների քանակին է վերաբերում, բայց դա էլ Գրիգորյանը վերագրեց նախորդ քաղաքապետի՝ իր ձևակերպմամբ՝ չհաշվարկված որոշմանը։ Իրենք այժմ նաև այդ սխալներն են շտկում և նախաձեռնել են 2-րդ վալիդատորի ձեռք բերումը։




