
Արմավիր համայնքի 2024թ.-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է ընդլայնել Սայաթ-Նովա փողոցի ճանապարհի երթևեկելի հատվածը: Այդ նպատակով հատվել են շուրջ 685մ երկարությամբ ճանապարհի մի կողմի ծառերն ու քանդվել սիզամարգերը:
Ճանապարհը ունենալու է միակողմանի ջրահեռացման ցանց: Կառուցվում է նաև խմելու ջրի նոր համակարգ, քանի որ կոռոզիայի ենթարկված խողովակները հաճախակի են վթարվում:
Բարեկարգման աշխատաանքների հերթը հասել է քաղաքի ամենաբանուկ Սայաթ-Նովա փողոցին, որը միացնում է քաղաքի արևմտյան ու արևելյան ծայրամասերը: Աշխատանքները սկսվել են խմելու ջրագծերից՝ երկաթե քայքայված խողովակները փոխարինում են պոլիէթիլենայինով: Դրանք հաճախ վթարվել են, ծորակի ջուրն էլ պիտանի չէր խմելու համար՝ ասում է Արմավիր քաղաքի բնակիչ Հարություն Շահինյանը:
«Ջուրը մի ժամ էլ որ մնար խողովակի մեջ, ժանգի համ էր գալիս ու ժանգոտ ջուր: Այս փողոցում արդեն 3-րդ գիծն են քաշում, մյուսները մնացել են գետնի տակ: Մի հատ կար թուջից, հետո 24 տարի առաջ բերեցին երկաթե խողովակ դրեցին, իսկ հիմա էլ պլաստմասսայե խողովակներ են տեղադրում: Առաջին ջրագծի խորութունը 1մ 20 սմ էր, իսկ սա ավելի բարձր են տեղադրել, երկաթից՝ 30 սմ վերև»:
Սայաթ-Նովա փողոցում սուբվենցիոն ծրագրով փոխվել է 1155 գծամետր ջրագիծ, որի արժեքը ավելի քան 37 մլն դրամ է: Աշխատանքները դեռ չեն ավարտվել, նախատեսվում է տեղադրել հակահրդեհային հիդրանտներ, դիտահորեր, բաշխիչ փականներ: Սայաթ-Նովա փողոցի բնակիչներից Ալվարդ Կարապետյանը պատմում է․
«Ջրագծերը տեղափոխել են, ջրաչափերը դրել են, դրանց տուփերը նույնպես, բայց միացումներ չեն տվել: Դա ջրմուղի (Վեոլիա ջրի), աշխատանքն է: Առվի մեջ բետոն են արել, ջրաչափերը դրել. որոշները դրել են, որոշները՝ չէ»:
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն ասում է, որ 2024թ սուբվենցիոն ծրագրով խմելաջրի ցանցը պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներով նորացվում է նաև Չարենցի փողոցում։ Արժեքը մոտ 36 մլն 800 հազար դրամ է: Գումարի 35 տոկոսը վճարում է համայնքը, 65 տոկոսը՝ պետությունը:
«Հաշվիչները մենք ենք տեղադրում, բայց տրամադրում է «Վեոլիաջուր» ընկերությունը: Այն բնակավայրերը, որոնց սպասարկում է «Վեոլիաջուր» ընկերությունը այնտեղ հաշվիչներ է տրամադրում, իսկ մեր շինարարական կազմակերպությունը տեղադրում է, այդ թվում Սայաթ Նովա և Չարենցի փողոցներում»:
Երկու փողոցներում սկսվել են նաև ճանապահների ու մայթերի կառուցման հողային աշխատանքները: Թեև քանդված ճանապարհները խանգարում են երթևեկությանը, ու անհարմարություններ ստեղծում բնակիչների համար, բայց նրանք համբերատար սպասում են աշխատանքների ավարտին:
Ալվարդ Կարապետյան. «Ծառ են կտրել, հոսանքներն են սարքել, էս փողոցն են քանդել, մարդիկ անում են: Մեր կողմից փողոցը լայնացնում են, մյուս կողմից՝ չէ: Հիմա պետք է այստեղով անցնի ճանապարհը, դե, ծառերն ու էլեկտրական սյուները խանգարում են: Այս ուղղությամբ միակողմանի է լինելու լուսավորությունը, դրանք հանելու են: Մարդիկ աշխատում են, անում են, հույս կա, որ շատ լավ կլինի»:
Սայաթ-Նովա փողոցի ծառերը հատվել են համայնքի ղեկավարի թույլտվությամբ, քանի որ սիզամարգերի ու ծառերի հաշվին որոշվել է մի մետրի չափով լայնացնել ճանապարհի երթևեկելի մասը: Հատվել են Ջիվանի և Սայաթ Նովա փողոցի մի կողմի ծառերը:
Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյան. «Այն հատվածներում, որտեղ ծառերը խանգարում են շինաշխատանքներին, այդ հատվածներում ծառեր են հատվել: Որոշումը ես եմ կայացրել: Գրեթե բոլոր ծառերը շատ կենսունակ ծառեր չեն եղել և իրականում բնությանը մեծ վնաս չի հասցվել»:
Շինարարկան ընկերության ծրագրի ղեկավար Էդմոն Ոսկանյանը Արմավիր քաղաքից է, նկատել է, որ բնակիչները աչքաթող են արել սիզամարգերը, չեն մշակել իրենց բակային տարածքները, որոնք վերածվել էին աղբանոցի: Հիմա դրանք քանդել են, ծառերը հատել, հենասյուների տեղափոխման հարցը դեռ քննարկվում է:
«Մեզ տրված է, որ էլեկտրական սյուները հետ տանենք, բայց մենք չենք կարող, քանի որ օրենքով պահանջվում է դրանք տեղադրել ճանապարհի երթևեկելի մասից 80 սմ հեռավորության վրա: Այդ դեպքում սյուները ընկնելու են մայթի մեջտեղում, և որոշել ենք ընդհանրապես հանել»:
Էդմոն Ոսկանյանն ասում է, որ ճանապարհի ասֆալտն ունենալու է 10 սմ հաստություն, հիմքերը պետք է ամուր լինեն, որ ասֆալտը երկար ծառայի, բայց չեն բացառվում խոչընդոտները:
«Հնարավոր է մի տեղ կավային շերտ լինի, հենց քանդեցինք ու այդ պահին անձրև եկավ, կավը շարժվելու է: Հետո ինչ էլ անենք, միևնույն է, արդեն լողացող շերտ է, պիտի հանվի ու նորը տեղադրվի»:
Չարենցի փողոցի մի կողմում ջրագծերն են փորում, մյուսում եզրաքարեր տեղադրում:
Սերգեյ Ամիրխանյան. «Փորելու ընթացքում հայտնաբերվում են հեռախոսի մալուխներ, կոյուղու խողովակներ, խմելու ջրագծեր: Հիմա պետք է ձեռքով փորենք, որ մալուխներից անցնենք մյուս կողմ ու շարունակենք աշխատանքը»:
Մայթերի եզրաքարերի մեծ մասն այս փողոցում արդեն տեղադրվել է, աշխատակիցները մարտունեցիներ են: Աբել Հարութունյանը 10 տարի արտագնա աշխատանքի է մեկնել Բելառուս, այս տարի խոպանը տեղափոխվել է Արմավիր:
«Բետոն ենք լցրել, որ եզրաքարերը տեղադրենք և հիմա դրանք ենք անում, բայց որը ճաքեր ունի՝ չենք տեղադրում, մեկ-մեկ լինում է: Շրջադարձերին քարերին թեքություն ենք տալիս, որ եզրաքարերը հավասար լինեն, չափերը՝ 15սմ-ը 30 սմ-ի վրա է»:
Չարենցի փողոցի մայթերը սալիկապատվելու են, ճանապարհներն ասֆալտապատվելու և ունենալու են միակողմանի ջրահեռացման համակարգ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել տարեվերջին:














