
Օրերս Նյու Յորքում տեղի է ունեցել «Հայաստանի նոր հավասարակշռությունը» խորագրով քննարկումը։ Դրան մասնակցել են հարյուրից ավելի տարածաշրջանային հարցերի փորձագետներ, քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ:
Երեքժամյա հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգային խնդիրները արտաքին քաղաքական նոր իրողությունների պայմաններում։ Դիտարկվել է նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությունը գլոբալ կայունության և Հարավային Կովկասումս իրավիճակի վրա։
Նյու Յորքում «Ապրի Արմենիայի» նախաձեռնությամբ կայացած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» թեմայով քննարկման ժամանակ խոսվել է Հայաստանի անվտանգության և պաշտպանության բարելավման մասին։
ԱՄՆ սենատորների, դեսպանների ու փորձագետների մասնակցությամբ կայացած համաժողովի ժամանակ շեշտվել է ԱՄՆ-Հայաստան կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։ «Ապրի Արմենիայի» փորձագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասներ են պատմել վեր հանված հարցերի ու նախանշված լուծումների մասին։
Փոփոխվող աշխարհում առկա ռիսկերը կառավարելու համար կարևոր է անվտանգության ռեսուրսների դիվերսիֆիկացումը․ այս թեզն առանցքային է եղել նյույորքյան քննարկման ժամանակ։ «Ապրի Արմենիայի» ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը հենց Նյու-Յորքից «Ռադիոլուր»-ին մանրամասներ է ներկայացնում։
«Շատ ակտուալ օրինակ ներկայացնեմ՝ այն երաշխիքները, որ ուներ Հայաստանը, Ռուսաստանի կողմից չկատարվեցին, և երկիրը շատ ծանր իրավիճակի մեջ հայտնվեց ։ Այս պահին շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգային ու արտաքին քաղաքականությունը, որ չլինի մի խաղացող, որից կախված կլինի Հայաստանի ապագան»։
Նյու-Յորքի համաժողովի գրեթե բոլոր մասնակիցները համակարծիք են նաև այն հարցում, որ տարիներ շարունակ գործած երաշխիքներն այսօր անուժ են և չեն աշխատում անգամ գերտերությունների հետ կառուցողական հարաբերությունների մեխանիզմները։
«Մենք կարող ենք ունենալ աջակիցներ, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի պատերազմելու»։
Նյու Յոքում քննարկվել է նաև Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունը։ Լեոնիդ Ներսիսյանը, սակայն, արձանագրում է, որ առավել կարևորվել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումը։
«ԱՄՆ-ի հետ խոսքն առաջին հերթին տնտեսական նախագծերը զարգացնելու մասին է։ Բոլորս գիտենք, որ,օրինակ, նոր ամոտակայանի հետ կապված բանակցություններ կան, կա նաև ռազմական ոլորտում ակտիվացում՝ ուսումնա-կրթական ծրագրերի առումով, ինչը շատ կարևոր է։ Մենք դեռ չենք լսել, որ զենքի ու զինամթերքի մասին ռեալ խոսակցություն լինի ։ Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի հետ այդ ոլորտում զարգացումներն ավելի դանդաղ են լինելու, քան եվրոպական այլ երկրների հետ, բայց մենք տեսնում ենք, որ կա դրական դինամիկա»։
ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին սպասվող նախագահական ընտրություններին զուգահեռ կարևորվել են նաև Վրաստանում սպասվող ընտրությունները։ Եթե հաղթի Հարիսը, քաղաքականության փոփոխություն չի լինի․ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները դանդաղ, բայց կզարգանան։ Պատկերն այլ կլինի Թրամփի հաղթանակի դեպքում՝ ասում է ռազմական փորձագետը։
«Ավելի շատ կարծիքներ կան, որ Հայաստանի համար կարող է ավելի ծանր լինել։ Օրինակ Թրամփի քաղաքականությունը Իրանի նկատմամբ շատ ավելի կոշտ կարող է լինել, քան դեմոկրատներին է»։
Նյու-Յորքի համաժողովն, ըստ ռազմական փորձագետի, կարևոր հուշումներ արեց նաև Սփյուռքի ներուժի վերաբերյալ։ Այն կարող է օգտակար լինել, օրինակ, Հայաստանի ռազմական ներուժը զարգացնելու համար։
«Այս հարթակը կարևոր էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի հայ համայնքը կոմունիկացնելու համար։ Հայ համայնքի դերը կարող է լինել շատ կոնստրուկտիվ Հայաստանի ռազմական ներուժը զարգացնելու առումով, օրինակ եթե խոսքը տեղական զենքի ու զինամթերքի արտադրության մասին է»։
«Ապրի Արմենիա»-ի փորձագետ Դավիթ Անտոնյանի գնահատմամբ՝ համաժողովի մասնակիցները համակարծիք են, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում հաջողություն կգրանցվի միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը զսպի Բաքվի նկրտումները՝ նաև ճնշում գործադրելով։
«Խոսեցին որ ԱՄՆ պետք է աշխատի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի գան խաղաղության»։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը ևս չի շրջանցվել։ Սահմանը պետք է բացվի՝ անկախ համգամանքից՝ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ․ սա ևս մասնակիցների հիմնական մասի մոտեցումն է։
«Եթե Ամերիկան Թուրքիայի հետ հարաբերություններում լինի զենքի հարցում, թե մեկ այլ հարցում պետք է առաջ տանի հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ Թուրքիան պետք է համաձայնվի, նոր ԱՄՆ Անկարայի ուզածը կատարի»։
Փորձագետը տպավորիչ է համարում ոչ միայն համաժողովի օրակարգը, այլև դրա մասնակիցների ցանկը։ Քննարկումներին ներկա է եղել Հայաստանի և Ամերիկայի մոտ 350 ներկայացուցիչ՝ դեսպաններ, սենատորներ ու փորձագետներ։




