
Լիբանանում Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների վրա իրականացրած հարձակումներն անընդունելի են՝ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ հայտնում է Reuters-ը։
«Մենք պետք է դեմ լինենք ՄԱԿ-ի խաղաղապահների վրա Իսրայելի հարձակումներին։ Մեր զինվորներն այնտեղ են, այնտեղ շատ զինվորներ կան»,-նշել է Բորելը՝ Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության նախարարական հանդիպման ժամանակ։
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես հայտարարել է, որ ՄԱԿ-ի զինվորների վրա Իսրայելի բացած կրակը հակասում է ՄԱԿ-ի կանոններին։
«Սա հակառակն է այն բանի, ինչ մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի ցանկացած անդամ երկրից։ ՄԱԿ-ը, ի վերջո, կազմակերպություն է, որն աշխարհում խաղաղություն է ապահովում»,-ասել է նա լրագրողներին՝ Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ։
Եվրամիության անդամ երկրները, այդ թվում Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, հազարավոր զինվորներ ունեն հարավային Լիբանանում տեղակայված 10.000-ոց խաղաղապահ առաքելության կազմում։
Նրանք վերջին օրերի ընթացքում բազմիցս իսրայելական զորքերի թիրախ են հանդիսացել։ Իսրայելը ՄԱԿ-ին կոչ է արել իր զորքերը դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




