
Հաջորդ ամիս, արդեն երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի կլիմայական հարցերով COP29 համաժողովը կանցկացվի ավտորիտար երկրում՝ Ադրբեջանում, որը մարդու իրավունքների պաշտպանության կասկածելի ցուցանիշներ ունի՝ գրում է Financial Times-ը։ Ադրբեջանը նաև երկրորդ արդյունահանող պետությունն է, որ հյուրընկալելու է ՄԱԿ-ի համաժողովին, իր խմբագրականում գրել է Financial Times-ը։
«Կարևոր է, որպեսզի և՛ զարգացող, և՛ հանածո վառելիք արտադրող երկրները, որոնք կլիմայական փոփոխությունների համաշխարհային լուծումների մասեն կազմում, ի զորու լինեն ստանձնելու COP-ի պատասխանատվությունը։ Ադրբեջանում 2003-ին երկրի ղեկն իր հորից ժառանգեց ինքնակալ Իլհամ Ալիևը։ Եգիպտոսից ու Միացյալ Արաբական Էմիրություններից հետո, Ադրբեջանը, կարծես, նույնպես հույս ունի, թե հյուրընկալելով COP-ի միջացառումը` կկարողանա «կեղծ դրական» հեղինակություն ձեռք բերել», գրված է պարբերականի խմբագրականում։
Financial Times-ը հիշեցնում է, որ այս տարվա COP-ից ընդամենը 14 ամիս առաջ Ադրբեջանը որոշեց հարևան Հայաստանի հետ երեսունամյա խնդիրը բռնի ճանապարհով լուծել։ Ադրբեջանին հնարավորություն տրվեց COP-ի 29-րդ նստաշրջանը հյուրընկալել միայն այն բանից հետո, երբ Հայսատանը վետոն հանեց՝ 32 հայ ռազմագերու ազատ արձակման դիմաց։ «Տեսականորեն հնարավոր է, որ Ադրբեջանի պես երկրներին համաշխարհային կարևորության միջոցառումներ հյուընկալելու հնարավորություն տալը նրանց ուշադրության կենտոնում պահի և ստիպի ավելի դրական դրսևորել իրենց։ Սակայն, Ալիևը, որը այս տարվա փետրվարին կեղծված ընտրություններով հինգերորդ անգամ նախագահ դարձավ, շարունակում է անվրդով մնալ», – գրել է պարբերականը։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբավող խմբերը կոչ են անում Բաքվի վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջինս դադարեցնի իր քննադատների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հանդեպ դաժան ճնշումները։ Երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանները հավաստիացնում են, որ Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալ կա։ Ըստ Financial Times-ի՝ «Ադրբեջանը, որը «խաղաղության COP» է խոստացել, համաժողովի սկսվելուց առաջ պետք է իր խոստումը կյանքի կոչի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով»։
«Միջազգային կառավարությունները և համաժողովի մասնակիցները պետք է առիթից օգտվեն և հյուընկալող երկրին ստիպեն փոխել իր ժողովրդավարական ցուցիչները։ Նրանք և ՄԱԿ-ի մարմինները պետք է այնպես անեն, որպեսզի կոնֆերանսի ժամանակ պահպանվեն մարդու իրավունքները։ Անհրաժեշտ են նաև շտապ բարեփոխումներ, որոնք կխստացնեն COP-ի համաժողով հյուրընկալելու կանոնները և հյուրընկալող երկրների պարտականությունները կավելացնեն»,-նշվում է Financial Times–ի հոդվածում։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




