
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել, որոնք ոչ միայն վարույթ են ընդունվել, այլ նաև գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ՝ «Ռադիոլուրին» փոխանցում է միջազգային արբիտրաժի հարցերով փորձագետ Սարգիս Գրիգորյանը։ Բացատրում է՝ կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։
Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները։ Ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ-ի սկզբում։
«Երկու հայցերն էլ ներկայացվել են 2023-ին։ Առաջին հայցը ներկայացվել է էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում, մյուսը՝ Բեռնի կոնվենցիայի։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն իրեն թույլ չի տվել օգտագործել տարածաշրջանում առկա հիդրո, քամու և արևային էլեկտրաէներգիայի ռեսուրսները, վնասել է էներգետիկ տարանցման գոյություն ունեցող օբյեկտները` ինչպիսին է Եվլախը Նախիջևանին միացնող գազատարը։ Իբր, Հայաստանը սահմանափակում է տվյալ համաձայնագրի դրույթը, որի շրջանակներում Ադրբեջանն իրավունք ուներ գազատար անցկացնելու Նախիջևանի և Եվլախի միջև»,-պարզաբանում է փորձագետը։
Նրա դիտարկմամբ, Հայաստանը կարող է որպես հակընդդեմ հայց ներկայացնել Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող գազատարը փակելու փաստը, նաև ընդդատության հարց բարձրացնել այն հիմքով, որ Արցախի Հանրապետությունը տվյալ միջազգային կոնվենցիաները չի վավերացրել, բացի այդ, Հայաստանը չի կարող պատասխանող կողմ լինել, քանի որ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Երկու հայցադիմումն էլ դեռ գաղտնի են։ Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ այն կներկայացվի գործի քննության ավարտին` միջազգային ինչ-որ փորձագիտական գնահատականի հիման վրա։ Բայց երկու գործերով Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ անում է։
Հայաստանը պետք է ներկայացնի բոլոր ապացույցներն ու միջազգային արբիտրաժում ճիշտը պաշտպանություն ապահովեն՝ ամփոփում է միջազգային արբիտրաժի հարցերով փորձագետ Սարգիս Գրիգորյանը։




