ԱՄՆ Արիզոնա նահանգի Պրեսկոտ Հովտում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել է վերընտրվելու դեպքում ևս 10.000 սահմանապահ գործակալ վարձել` հայտնում է Reuters-ը։
Իր ելույթի մեծ մասը նա նվիրել է սահմանի ամրապնդման հարցին՝ խոստանալով Կոնգրեսի աջակցությունը խնդրել, որպեսզի հնարավոր դառնա սահմանապահ գործակալների աշխատավարձը տասը տոկոսով ավելացնել։ Իրեն սատարող Սահմանապահ ուժերի միության ղեկավարներով շրջապատված՝ Թրամփը հայտարարել է, որ դա հնարավորություն կտա վարձել և պահել անհրաժեշտ սահմանապահ գործակալներին։
Թրամփը շատ ընտրողների համար լավագույն թեկնածուն է, որը կկարողանա կարգավորել անօրինական ներգաղթը, որը ընտրողների համար շարունակում է առաջնային խնդիր մնալ։
Այս տարվա սկզբին Թրամփը միջամտեց սահմանի անվտանգության մասին երկկուսակցական այն բանաձևի ընդունմանը, որը պիտի ֆինանսավորեր լրացուցիչ 1500 սահմանապահ գործակալների և մոտ 1600 ապաստան խնդրողների հարցերով զբաղվող մասնագետների աշխատատեղերը։ Այսօրվա դրությամբ, ԱՄՆ-ում կա սահմանների հսկումն իրականացնող մոտ 20.000 աշխատակից։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




