ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Հաղպատի «Սայաթ-Նովա փառատոնից» մինչև Թբիլիսիի «Վարդատոն»․ 300 տարի անց էլ հայազգի աշուղը «պահանջված» է

Լոռու մարզում՝ Հաղպատում, արդեն 2-րդ տարին անցկացվում է «Սայաթ-Նովա» փառատոնը: Հայերենով և վրացերենով ստեղծագործած հայ աշուղին նվիրված ամենամյա փառատոն անցկացվում է նաև Վրաստանում․ այնտեղ այն «Վարդատոն» է կոչվում և ավելի երկար տարիների պատմություն ունի։

Խոսքով և հանգավորմամբ մրցել՝ երգելու միջոցով․ այսօր այդպես են կազմակերպվում ռեփ երգիչների բազմաթիվ բաթլները։ Հարյուրամյակներ առաջ նման «բաթլներ»՝ այսինքն մրցելույթներ կազմակերպվում էին աշուղների միջև։

Նրանք պետք է ճկուն միտք, լավ ձայն ունենային՝ հանպատրաստից սրամիտ «երգախաղեր» հորինելու համար։ Նախկինում օպերային երգիչ, այժմ ասմունքող և հաղորդավար Կարեն Միրզոյանը 2-րդ տարին է Հաղպատի վանական համալիրին հարակից հրապարակում «Սայաթ-Նովա փառատոնը» վարում։

«Ռադիոլուրին» Միրզոյանն ասում է՝

«Սայաթ-Նովայի հանճարը բացառիկ է։ Նա 300 տարի կենդանի է ժողովրդի մեջ՝ իր էությամբ, անունով, երգով, փիլիսոփայությամբ։

Ինչքան էլ մենք հեռացել ենք մեր երաժշտական ազգային արմատներից, բայց Սայաթ-Նովան համարյա անաղարտ բոլոր տեղերից հնչում է, ինչ էլ ուզեն փոխել` բացառվում է, մարդիկ հասկացել են ու հետ քաշվել»։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայ աշուղին նվիրված ամենամյա մայիսյան «Վարդատոնին» Կարեն Միրզոյանն առավել երկար տարիներ է մասնակցում։

«Մի քիչ ուշ սկսեցինք։ Վրացիները ավելի շուտվանից՝ տասնյակ տարիներ են անում։ Իհարկե տարվա ընթացքում տարբեր համերգասրահներից հնչում է, բայց ճիշտ տեղը Հաղպատն է»։

Հաղպատում և Թբիլիսիում կազմակերպվող տոների անբաժան մասնիկը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի՝ 2027թ.-ին 100-ամյակը բոլորող «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթներն են։ Անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանին հաջողվել է վեր հանել աշուղի՝ նախկինում անհայտ մնացած 180 ստեղծագործություն։

«Սայաթ-Նովայի վերջին երգը, որ նոր է ասպարեզ բերվել, 1986 թ.-ին ձայնագրել եմ Գյումրիում աշուղագետ Կարապետ Դուրգարյանից, որն, ավաղ, 2 տարի հետո մնաց երկրաշարժի ավերակների տակ․․․ և՛ ինքը, և՛ իր հրատարակվելիք գիրքը։  Ո՞ր երգն էր դա։ «Դիբա ու ենգիդունիա», որն այսօր կհնչի։ Փաստորեն, 300 տարի հետո՝ «նոր» Սայաթ-Նովա»։

Սայաթ-Նովայի ստեղծագործությունները նույնիսկ ներկա երաժշտական խառը միտումների ֆոնին կարիք չունեն փոփոխությունների ենթարկվելու՝ ասում է նորաստեղծ «Շորոր» համույթի դուդուկահար Տիգրան Դավթյանը։

«Կատարում ենք «Քանի վուր ջանի»-ն, «Թամամ աշխարհ պըտուտ էկա», «Յարեն էրված իմ», «Ձենըդ քաղցըր ունիս», «Չկա քիզի նման» ստեղծագործությունը։ Պահել ենք ավանդական տարբերակը՝ հենց բուն ժողովրդական, որովհետեւ դրա կարիքն այսօր կա։ Կան ստեղծագործություններ, որոնք մշակել է թառահար, կոմպոզիտոր, աշուղական արվեստի փայլուն գիտակներից Արտեմ Խաչատուրը։ Կան պարային ավելացված մասեր, որոնք, կարծում եմ, լիովին արդարացված են»։

Տիգրան Դավթյանը հավելում է՝ հայազգի աշուղ Հարություն Սայադյանի խաղերը, ում սուր մտքի շնորհիվ փիլիսոփա էլ են անվանում, հնչում և ընկալվում են նաև արտեկրում։

«Լինելով երաժիշտ, ով շփվել է եվրոպացի հանդիսատեսի հետ, կարող եմ ասել, որ իրենք մեր պատկերացրածից վեր են հետաքրքրված հենց ազգային երաժշտությամբ ու հենց արևելյան երաժշտությամբ։ Աշուղական երաժշտությունն իր լադային համակարգով կառուցված է հենց աշուղական արևելյան լադերի վրա»։

Back to top button