ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից համաշխարհային նշանակություն է ստանում․ նոր մանրամասներ են ներկայացվել

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը լայնորեն քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովին, որին հրավիրվել են ներկայացուցիչներ ԵՄ-ից, Թուրքիայից, Վրաստանից և այլ երկրներից։

Մինչ պանելային քննարկումներին անցնելը՝ ՀՀ վարչապետը հերթական անգամ ներկայացրել է խաղաղության տանող հայկական ծրագիրը, բայց այս անգամ շեշտադրել է դրանում եղած այլ նրբություններ։ Կառավարության ղեկավարը գնահատել է նաև ներկայացված ծրագրին միջազգային հանրության արձագանքը՝ ըստ տարբեր երկրների և ուղղությունների։

Աշխարհում գլոբալ փոփոխությունների բերումով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանայինից ստանում է համաշխարհային նշանակություն՝ հայտարարում է ՀՀ վարչապետը՝ հստակեցնելով՝ Ուկրաինայում իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից:

«Մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին։ Հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»։

Հայաստանի կառավարությունում ստեղծված իրավիճակից օգտվելու բացառիկ հնարավորություն են տեսնում ողջ Հարավային Կովկասի համար։ Տնտեսական նախադրյալները կնպաստեն նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Այս ամենի կողքին Հայաստանի կառավարության պատրաստակամ է հարևանների հետ փակել թշնամության էջը և հրապարակավ հաստատում է՝ հարևան պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման և այլ նկրտումներ չունի, ինչը և ընկալվել կամ պետք է ընկալվի միջազգային հանրության կողմից։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հաստատում է, որ միջազգային կառույցների կողմից կա աջակցություն «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։  

«Գործընկերության խորհրդում, որին ներկա էր նաև նախարար Միրզոյանը, ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն և նորմալ հարաբերություններ հաստատել։ Տարածաշրջանում բացել տրանսպորտային ուղիները՝ ազգային ինքնորոշման սկզբունքները պահպանելով և ապահովելով  փոխադարձությունը՝ սրանք դրված են հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիմքում։ Մենք բոլոր գործընկերների հետ Հայաստանում աշխատում ենք այս ուղղությամբ, նաև տարածաշրջանային մեր գործընկերների հետ, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»։

Հայաստանի կառավարությունը գնահատել է տարբեր երկրների վերաբերմունքը ներկայացված նախագծին։ Դրան անվերապահ աջակցում են Վրաստանն ու Իրանը։ Փաշինյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի դեպքում դիրքորոշումները կարող են համադրվել․

«Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկը» կարող է ռեալ ինտեգրվել «Միջին միջանցքի» հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է և, ըստ էության, դա շատ բնականոն ինտեգրում է։ Բնական ճանապարհով կարող է ինտեգրվել նաև «Ճանապարհ և գոտի» Չինաստանի նախագծի հետ»։

Հայկական «Խաղաղության խաչմերուկ»-ի համար ամենամեծ խնդիրներն այս պահին ստեղծում է Ադրբեջանը՝ իր մտավախություններից ելնելով։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի խոսույթից տպավորություն է, որ ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Վարչապետն այս մոտեցումը Հայաստանի համար անընդունելի է համարում։   

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին։ Եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի, ասեմ՝ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ ստորագրած մեր փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։ Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»։  

Ճանապարհների ապաշրջափակմանը կողմ կարող է լինել նաև Ռուսաստանը։ Հայաստանի կառավարությունում վերլուծել են նաև այդ պետության մոտեցումը և ակնկալիքները։ Հայաստանի վարչապետը հստակեցնում է, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներից առավելագույնն ինչ ակնկալիք կարող է ունենալ Ռուսաստանը՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9 կետի․

«ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու, թե ինչքանով է Հայաստանը կատարում իր պարտավորությունները։ Ավելին՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ ՀՀ որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ ՀՀ մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն։ Չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել»։   

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կյանքի կոչելու անհրաժեշտ պայմանները հստակեցրել է Թուրքիայի հետ բանակցությունների պատասխանատու, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Գաղափարը հետևյալն է․ Հարավային Կովկասը պատմական հնարավորություն ունի դուրս գալ հակամարտության փակուղուց և դառնալ խաղաղության խաչմերուկ։ Դա շատ իրագործելի է, եթե լինի մեկ բաղադրիչ, որը վերջին երկու տարիներին չի եղել՝  եթե լինի քաղաքական կամք այլ սուբյեկտների, այլ դերակատարների կողմից։ Առաջինն Ադրբեջանն է, մյուսը Թուրքիան է։ Եթե լինի քաղաքական կամք, կարող ենք այս տարի, մյուս տարի անել»։

Հայաստանի կառավարության հաշվարկները հստակ են՝ անմիջապես կարող են գործարկվել ավտոմոբիլային ճանապարհները, իսկ օդային կապն Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ գործում է, և դժգոհություններ այս առիթով չկան, երկաթուղային գծերից էլ միայն մեկը չի ծրագրվել։

Վարչապետը գոյություն ունեցածից բացի թվարկում է առնվազն մի քանի գիծ և հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչների քննարկումներում նաև գաղափար կա՝ գնահատել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և անհրաժեշտ ներդրումների ծավալը՝ երկաթգիծն ամբողջությամբ գործունակ վիճակի բերելու համար։

Կարդացեք նաև

Back to top button