ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Ադրբեջանը ռուսական ֆոնդի հիման վրա փորձում է ռազմարդյունաբերություն զարգացնել․ ռազմական փորձագետ

Թուրքիան և Իսրայելը արդիականացնում են Ադրբեջանի ռուսական ռազմական տեխնիկան՝ հայտնում  է Forbes-ը։ Վկայակոչելով 2024 թվականի սեպտեմբերին Բաքվում կայացած ցուցահանդեսը, պարբերականը նկատել է, որ Ադրբեջանը ներկայացրել է իր ռուսական ռազմական տեխնիկան, որն արդիականացվել է Իսրայելի և Թուրքիայի ռազմական տեխնոլոգիաների ընկերությունների կողմից։

Ադրբեջանն ունի ինչպես Պակիստանից, այնպես էլ Թուրքիայից, Իսրայելից ու Հայաստանի դաշնակից Ռուսաստանից  ձեռք բերված բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր, այժմ , սակայն,  մտադիր է արդիականացնել հենց ռուսական ռազմական տեխնիկան։  Ռազմական փորձագետները կարծում են, որ այդ հիքով Բաքուն փորձում է ռազմական արդյունաբերություն հիմնել։

2024 թվականի սեպտեմբերին Բաքվում կայացած՝ պաշտպանությանը նվիրված տոնավաճառում Ադրբեջանը ներկայացրել է իր ռուսական ռազմական տեխնիկան, որն արդիականացվել է Իսրայելի և Թուրքիայի ռազմական տեխնոլոգիական ընկերությունների կողմից։

Forbes-ի գնահատմամբ՝ «այս թարմացումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանն իր հին տեխնիկան ցանկանում է պահել, իսկ իր զինված ուժերը նոր, առաջատար դրոններով է համալրում, որոնք նույնպես Թուրքիայից և Իսրայելից են ստացվել։

Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար  Տիգրան Հովհաննիսյանը, թեմային անդրադառնալով,  նկատում է՝ հին տեխնիկան սպառազինության այբուբենն է։

«Հին ռազմական սպառազինությունն այսպես ասած այն այբուբենն է, առանց որի հնարավոր չէ ոչ մի բան։ Չնայած դրոնների գերակայությանը, իրենց այդ հեղափոխական դերակատարմանը, միևնույնն է հիմնական դերակատարումը իրականացնում է հին տեսակի հրետանին՝ հին տեսակի արկերով՝ չկառավարվող։ Ռուսական օդուժը գրեթե ամբողջությամբ անցել է հին ավիառումբերի, որոնք հագեցված են կառավարման և թռիչքի սարքերով։ Այսինքն՝ հինը վերցվում, կատարելագործվում է և գործում է նորագույնի մակարդակով»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ ռուսական ռազմական  տեխնիկայի հիման վրա Ադրբեջանում ռազմարդյունաբերություն է հիմնվում։

«Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան տանդեմի այս քայլը խոսում է այն մասին, որ մտադրություն կա արդիականացնելու անվան տակ Ադրբեջանում սկսեն լայնածավալ ռազմարդյունաբերություն զարգացնել, որովհետև գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ որպես կանոն ռազմարդյունաբերությունը սկիզբ է առնում հենց զինտեխնիկայի արդիականացման փուլում և այս քայլով Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով՝ հենց ռուսական ֆոնդի վրա փորձում է իրականացնել իրենց համար այդքան բաղձալի ռազմարդյունաբերության զարգացումը»։

2024 թվականի սեպտեմբերի 24-26-ը կայացած Ադրբեջանի Միջազգային Պաշտպանության ցուցահանդեսին Բաքուն ցուցադրել է իր նոր ձեռքբերած SU-25 Frogfoot գրոհային ինքնաթիռը և Т-72 մարտական տանկերը։ Հին, խորհրդային ժամանակների ցուցադրված  զենքերը 1950-ակաների և 1960-ականների արտադրության են։

Արդիականացված T-72-ները նույնպես ներկայացված էին սեպտեմբերի վերջին կազմակերպված տոնավաճառին։ Ադրբեջանն իր զինանոցը համալրել է խորհրդային շրջանի գլխավոր մարտական տանկերով, որոնք 2000-ականներին ներկրվել էին Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Սլովակիայից։

«2010-ական թվականներին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել է նաև Т90 նորագույն տանկեր։ Ինքնաթիռների արդիականացումն իրականացրել է Իսրայելի Elbit Systems ընկերությունը, որը մասնագիտացած է խորհրդային ժամանակների սարքավորումների և այլ տեխնիկայի արդիականացման մեջ»,-հայտնում է Forbes-ը։ Այս տեղեկությունները ևս մեկ անգամ փաստում են, որ 44-օրյա պատերազմին ոչ միայն թուրքական ԱԹՍ-ներ են լայնորեն կիրառվել, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի զենքերը, որի հետ Հայաստանը նույն ռազմաքաղաքական դաշինքում է՝ ի տարբերություն Ադրբեջանի։

Թուրքիայի ու Իսրայելի կողմից Ադրբեջանում ռուսական ռազմական տեխնիկայի արդիականացման գործում ներդրում ունենալն, ըստ ռազմական փորձագետ Տիգրան Հովհաննիսյանի, փաստում է, որ այդ երկրները դիտարկում են նաև ուժի գերակայության առավելությունները։

«Եվ Ադրբեջանը, և Թուրքիան, և  Իսրայելը ռոմանտիզմով չեն տառապում։ Թղթային որևէ պայմանգրի նկատմամբ շատ ռացիոնալ մոտեցում ունեն, այսինքն՝ երբ ձեռնտու է, պահպանում են, երբ ձեռնտու չէ, ուժով  ստիպում են ստորագրել այդ պայմանագրերը կամ միջազգային համաձայնագրերը։ Համաշխարհային մակարդակում  մենք բոլորս մտել ենք նոր տուրբուլենտության փուլի մեջ, որտեղ ուժը կողմնորոշիչ և որոշիչ է լինելու»։

Ռազմական տեխնիկան արդիականացնելու գործում Թուրքիայի ու Իսրայելի օգնությունն Ադրբեջանին, ըստ ռազմական փորձագետի, նաև տարածաշրջանում լիդերություն ստանձնելու հարց է լուծում։

«Սա հուշում է այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում գնալ խաղաղության և առավել ևս որևէ փաստաթղթի տակ ստորագրել, որը կբերի խաղաղություն տարածաշրջանում։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանում խաղաղություն հիմնելը, քանի որ Ադրբեջանն ունի նկրտումներ»։

Փորձագետի համոզմամբ՝ Բաքուն տարածքային նկրտումներ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի նկատմամբ։ Ադրբեջանն իր բյուջեն ոչ թե նոր սպառազինություն ձեռք բերելու վրա է ծախսում, այլ արտադրություն ստեղծելու, այդպիսով փորձելով ցույց տալ ներդրողներին, մասնավորապես Թուրքիային ու Իսրայելին, որ լավագույն միջավարն են ապահովում ռազմական արդյունաբերություն հիմնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button