
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ Այսօր նմանատիպ ակցիաներ են իրականացվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ։
Նախաձեռնությանը միացել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեման անտեսելու իրավունք ոչ ոք չունի։ Խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է, և պահանջը միշտ պետք է ներկայացվի՝ Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գեներացնելով։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյան. «Կարևոր եմ համարում, որպեսզի, հատկապես միջազգային հանրության առջև բարձրացվի այն հարցը, որ մենք պահանջատեր ենք։ Պահանջենք, որպեսզի միջազգային կառույցներն այս հարցը բարձրացնեն»։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարծում է, որ ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկել միջազգային հարթակում, հատկապես նոյեմբերին ընդառաջ, հարցը հնչեցնելու համար:
«Առաջին հերթին այս հարցը պետք է հենց մարդու իրավունքների տեսանկյունից դիտել։ Այս մարդկանց իրավունքները գերեվարման պահից շատ կոպիտ ձևով ոտնահարված են։ Ես վստահ եմ, որ այս թեման մեր բոլորի մատուցմամբ, կարծում եմ, պետք է նաև տեղից շարժեն միջազգային կազմակերպությունների գործունեությունը»։

COP29-ին ընդառաջ աշխարհը սևեռված է Ադրբեջանի վրա, Բաքվին պետք է պարտադրել կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ՄԱԿ-ի գրասենյակ նամակ հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հիմնական սպասելիքը, կոնկրետ եթե խոսենք ՄԱԿ-ի մասին, կամ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի , Ռուսաստանի դեսպանատների կամ այլ պետությունների ղեկավարների, այն է, որ «COP29»-ի նախօրյակին հանդես գան հրապարակային և տեսանելի պահանջով՝ ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակելու Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին և պատանդառված անձանց»։
Ստեփանյանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ին ուղղված նամակում, մասնավորապես ասվում է նաև, որ բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը, սակայն, որևէ տեղեկություն չի տրամադրում։ Ստեփանյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ, նամակներում արտահայտվել են նաև արցախցիներին հուզող այլ հարցեր.
«Մասնավորապես՝ վերադարձի իրավունքը միջազգային բանակցային գործընթաց վերադարձնելու և Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ գործնական քայլեր ձեռնարկելու պահանջներ»։

Որքան մոտենում է COP29-ը, այնքան միջազգային հարթակներում ակտիվանում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով քննարկումները։ Մասնավորապես՝ այս թեմայով քննարկում է պլանավորվում ԵԽԽՎ-ում։ Սա մի ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունը սևեռվելու է Ադրբեջանին, հետևաբար պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն պարտադրելու Բաքվին, որ հավատարիմ մնա մարդասիրական դրույթներին, հակառակ դեպքում Ադրբեջանն ավելի կոգևորվի հետագա անպատժելիությունից։ Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան.
«Կոչ ենք անում ձեզ՝ ամեն քայլ ձեռնարկել՝ սանձելու այս պետությանը, այս իշխանություններին Ադրբեջանի։ Մենք այստեղ չենք պահանջում մի բան, որը դուրս է մարդասիրական իրավունքից։ Մենք պահանջում ենք, որ պահպանվեն ու պաշտպանվեն բոլոր այն հիմնարար սկզբունքներն ու նորմերը, որոնցով պարտավոր են ղեկավարվել բոլոր ՄԱԿ-ի անդամ պետությունները»։
Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ հասցեատերերը պաշտոնական մակարդակով կարտահայտեն իրենց դիրքորոշումը և պահանջ կներակայացնեն Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցում։ Տարբեր գործողություններ դեռ կլինեն՝ վստահեցնում է Ստեփանյանը, նշում է, որ աշխատանքներ են տարվում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք նույնպես խնդիրը օրակարգում պահեն։




