
Ուրբաթ օրը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զբաղված էին Միլթոն փոթորիկի հասցրած վնասի գնահատմամբ և մաքրման աշխատանքներով, հաղորդում է Reuters գործակալությունը։ Մարդիկ մաքրում են արմատախիլ եղած ծառերը, տապալված էլեկտրասյուները, հեղեղատներով լցված բնակելի տարածքները։ Միլթոնը Ֆլորիդայում առնվազն 16 մարդու կյանք է խլել։
Ֆլորիդայում Միլթոն փոթորիկն աղետալի մասշտաբով չհեղեղեց ափամերձ տարածքները, ինչպես որ ակնկալվում էր, սակայն այստեղ մաքրման աշխատանքները կարող են մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս տևել։ Ֆլորիդան մեկն էր այն նահանգներից, որոնցով մոտ երկու շաբաթ առաջ Հելեն փոթորիկն էր անցել։
«Սա ցույց է տալիս, թե Մայր Բնությունը ինչի է ընդունակ», ասում է Չեյս Պիրսը Սանկտ Պետերբուրգից, ով իր ընկերուհու հետ ականատես է եղել, թե ինչպես են տրանսֆորմատորները պայթում, կայծերը այս ու այն կողմ թռչում և ինչպես է էլեկտրասյունը տապալվում տան բակում։
Ըստ վերլուծաբանների, Միլթոնը, որ Ատլանտյան օվկիանոսի՝ ուժգնությամբ հինգերորդ փոթորիկն է, կարող էր ապահովագրական ընկերություններին 100 միլիարդ դոլարի վնաս հասցնել։ Սպիտակ Տունը կառավարության կողմից աջակցություն է ակնկալում՝ քանի դեռ փոթորիկի հասցրած վնասը վերջնական չի գնահատվել։
Ֆլորիդայի բնակիչները կրկնակի աղետի զոհ են դարձել։ Մինչ Միլթոնը չորեքշաբթի երեկոյան մոլեգնում էր նահանգի արևմտյան ափի երկայնքով, արևելյան ափամերձ տարածքները ուժեղագույն տորնադոների բաժին են դարձել։ Սենտ Լուսի շրջանում տորնադոները մի քանի մարդու մահվան պատճառ են դարձել։
Այստեղ մոտ 2.7 միլիոն տուն և աշխատավայրեր հինգշաբթի օրը ժամեր շարունակ զրկված են եղել էլեկտրականությունից։
Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի




