
Լիբանանում հակամարտության սրման պահից արդեն մեծ թվով հայեր են մեկնել Հայաստան։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տնօրեն Ահարոն Շխրտմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ հայրենիք տեղափոխվել ցանկացողների թիվն օր օրի ավելանում է։ Իսրայելական օդուժի հարվածներն արդեն Բեյրութի կենտրոնին են ուղղվում, ինչից հետո ավելի է սրվել երկրում ստեղծված իրավիճակը։ Հայ համայնքից պատմում են, որ Լիբանանի տարբեր քաղաքներ անտուն մնացած գաղթականներով ու փախստականներով են լցված։
— Պարոն Շխրտմյան, իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնին․ այս պահին ի՞նչ իրավիճակ է Բեյրութում ու, առհասարակ, Լիբանանում։
Իսրայելական ներխուժումը Լիբանան հետզհետե ցույց է տալիս, որ Իսրայելի նպատակը միայն հարավային Լիբանանում իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու մտադրությունը չէ, այլ ուղղակի Լիբանանում «Հըզբոլլահ»–ի դիրքերը ռմբակոծելու պատրվակով Լիբանանն իր ռազմաքաղաքական իշխանության տակ վերցնելը։
Մայրաքաղաք Բեյրութն ու Լիբանանի մյուս քաղաքներն իսրայելական օդուժն անխնա ռմբակոծում է, այնքան անխնա, որ թույլ չի տալիս նույնիսկ շտապօգնության մեքենաները մոտենան ռմբակոծված վայրեր, որտեղ մեծաթիվ խաղաղ բնակիչներ են տուժում։ Բեյրութի կենտրոնում կույր ռմբակոծություններ ևս եղել են, մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել, և 100-ից ավելի մարդիկ են վիրավորվել, երկու շենք է փուլ եկել։ Լիբանանը ոտնակոխ է լինում, ականատես ենք լինում Լիբանանի քանդվելուն։
— Առհասարակ ինչպիսի՞ հումանիտար իրավիճակ է երկրում։
Ահավոր ծանր վիճակ է երկրում։ Տեղահանվածների ու գաղթականների թիվն օր օրի ավելանում է, ապաստարանների թիվը շատ սահմանափակ է, ու Լիբանանի կառավարությունը ժողովրդին անհրաժեշտ օժանդակություն հասցնելու գրեթե միջոցներ չունի։ Որոշ երկրներ, որոշ կառավարություններ որոշ քանակի օգնություն են ուղարկել, բայց գաղթականների թիվն այնքան շատ է, որ երկիրը նոր տնտեսական աղետի առաջ է հայտնվել։
— Բազմիցս նշել ենք, որ հայ համայնքը, հայկական թաղամասերը ֆիզիկապես հեռու են հակամարտության գոտիներից, այնուամենայնիվ, հայ համայնքի շրջանում տուժածներ կամ վնասներ կրողներ կա՞ն այս պահի դրությամբ։
Թշնամին ոչինչ չի խնայում, և բացառված չէ, որ դժբախտ պատահարներ կարող են տեղի ունենալ նաև մյուս շրջաններում, որտեղ նաև լիբանանահայերը և մյուս խաղաղ բնակիչներ են ապրում։ Դժբախտաբար ոչ ոք այս պահին ապահովագրված չէ, որ վնասների կենթարկվի։
— Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Դուք զանգվածային տարհանման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
Զանգվածային տարհանումն այս պահի դրությամբ բավականին դժվար է և՛ ընդունող պետության, և՛ մեկնողների համար։ Բայց նաև ասեմ, որ մեծ թվով հայեր, որոնք նախապես էլ Հայաստանում հաստատված էին, դարձյալ մեկնում են Հայաստան, որովհետև ավելի խաղաղ պայմաններ են տեսնում այնտեղ։ Բայց եթե մասսայական տարհանում պետք է կազմակերպվի, դա պետք է ուսումնասիրվի և լիբանանական կազմակերպությունների, և Հայաստանի իշխանությունների կողմից, հակառակ դեպքում այդ տարհանումը ժամանակավոր կլինի։




