
Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտները կարող են արժանանալ մեկ այլ ադրբեջանցի հանցագործի՝ Ռամիլ Սաֆարովի դափնեպսակին։ Ինչպեսև ադրբեջանական բանակի մարդասպան սպային, նրանց նույնպես պատրաստվում են հերոսացնել:
Այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցիները իսկական հայրենասերներ են և հերոսներ:«Այդ մարդիկ օրինակ են մեր երիտասարդության համար, մենք մեր երիտասարդությանը նախապատրաստում ենք մեր տարածքների ազատագրմանը»,- Աղդամի ազատագրման կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում, «օկուպացման» 21-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Հասանովը։ Ադրբեջանի փոխվարչապետը նաև հայտնել է, որ այս երկրի կառավարությունը հատուկ հայտարարություն է տարածելու ադրբեջանցի դիվերսանտներից Հասան Հասանովի սպանության կապակցությամբ։
Իր հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմի Դորոխինն այսօր ի պատասխան ադրբեջանցի պատգամավորների հարցումներին հերքել է ավելի վաղ տարածված լուրը, թե ադրբեջանցի դիվերսանտներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, Ռուսաստանի քաղաքացի է: «Քարվաճառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվածների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան»,- ասել է Վլադիմիր Դորոխինը։




