
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4 %), իսկ մնացած 1866-ը (28.6 %) իրավաբանական անձանց կողմից: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախորդ տարիներին երբևէ 8000 էլեկտրոմոբիլի քվոտան չի սպառվել. «Տարիներ են եղել, որ նույնիսկ մի քանի տասնյակ մեքենա է ներմուծվել: Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում։ «Երկու կամ երեք տարի առաջ մենք որոշում կայացրեցինք և էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմանեցինք: Այսինքն՝ սովորաբար, այդ թվում՝ էլեկտրոմոբիլներ ներմուծելիս, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է վճարի և՛ ավելացված արժեքի հարկ՝ ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով, և՛ մաքսատուրք՝ ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով: Մենք կայացրեցինք որոշում, որ ավելացված արժեքի հարկ չենք գանձում էլեկտրոմոբիլների ներմուծման պարագայում: ԵԱՏՄ ֆորմատով սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիները, էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս, կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո, էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»,- ասել է վարչապետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով գլոբալ իմաստով Հայաստանը ևս մեկ լուրջ արտոնություն ունի. «Մենք այն քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում, ինչը բավականին լուրջ խթան է»։
Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ և՛ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում արդեն կան էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման կետեր այդ թվում՝ բենզալցակայաններում և գազալցակայաններում:
Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին: Նախարարությունը, վերլուծելով նախորդ տարիների փորձը, հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար: «Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, օրինակ, առաջադրանքները լուծելու, այնուհետև այդ առաջադրանքների պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, և այստեղ նաև չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները, որոնք գրանցվում էին: Սա ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչը լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել։
Հստակեցվել է նաև բողոքարկման ընթացքը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է: Շուրջ 6000 ուսուցիչ է դիմել՝ թե՛ ուսուցիչներ, թե՛ մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո աշխատանքի կանցնեն դպրոցներում: Նախատեսվում է՝ այս տարի ատեստավորման գործընթացը մեկնարկել նոյեմբերի 9-ից: Նախարարը կարևորել է՝ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը, առաջադրանքները նույնական են, նույն բարդության, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է լինելու:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և հետաքրքրվել՝ այսուհետ թղթային տարբերակով ատեստավորում չի լինելո՞ւ: Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ ամբողջ հանրապետությունում՝ և՛ Երևանում են, և՛ մարզերում նախատեսվում է 35 քննական կենտրոն ունենալ: «Քանի որ սա առաջին տարին է, կարգում անհնարինության դեպքում թղթային տարբերակը չենք բացառել, սակայն նաև այս տարվա աշխատանքից հետո կհասկանանք՝ ինչքանով է անհրաժեշտ թղթային տարբերակը զուգահեռ պահել»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:




