
Հնդկաստանը պատրաստ է ընդլայնել ռազմական գործակցությունը Հայաստանի հետ․ Հնդկաստանի ՊՆ տվյալներով՝ 2024-2025 թվականներին Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրետանային ու հակաօդային պաշտպանության համակարգեր։
Միաժամանակ, Հայաստանը քանիցս ու բարձր մակարդակով հայտարարել է՝ չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և որ անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը:
Երևանը հետաքրքրված է Հնդկաստանից հրետանային ու հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ՝ իր ունեցած տեղեկություններն է փոխանցում Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։ Նա օրեր առաջ Հայաստանում էր՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին։
Հայ-հնդկական հարաբերություններով զբաղվող «Ապրի Արմենիա» կազմակերպության փորձագետ Նվարդ Չալիկյանը և Երևանում է մասնակցել հայ-հնդկական փորձագիտական շրջանակների հանդիպումներին, և այս հունիսին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2024» հեղինակավոր միջազգային կոնֆերանսի շրջանակում՝ «Հայ-հնդկական երկխոսության» նիստին։
«Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է՝ «Մի քանի տարվա ընթացքում ռազմական ոլորտում կնքվեցին կարևոր փաստաթղթեր, իսկ իրականացման փուլը երկար չտևեց»։

44-օրյա պատերազմից ու ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ ներխուժումից հետո Հայաստանը վերանայեց իր ռազմական հանագործակցությունն ու սկսեց փոխգործակցություն ծավալել նաև Հնդկաստանի հետ։ Վերջինս հակամարտությունների հարցում հավասարակշռություն է պահում, սակայն կարևորում է գործակցությունն այն երկրների հետ, որոնք կիսում են իրենց արժեքները․
«Ռազմական փորձագետը հնդիկ նշեց, որ Հնդկաստանը ուզում է զենք վաճառել այն երկրներին, որոնք կիսում են իրենց արժեքները և հարգում են երկրների տարածքային ամբողջականուոյունը, այսինքն վստահ են որ ՀՀ անպատասխաանատու ձևով չի կիրառվի և չի ուզում, որ իր զենքը հայտնվի այնպիսի ավտոկրատ երկրների ձեռքում, որոնք դա օգտագործում են հարևանների նկատմամբ ագրեսիա կիրառելու համար»։
Հնդիկ ռազմական փորձագետներն, ըստ Նվարդ Չալիկյանի, վստահեցրել են, որ սա ընդամենը սկիզբն է Հայաստանի հետ գործակցության և դեռ ընդլայնվելու բավականին տեղ ունի։
ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծում է՝ Հայաստանի ռազմական գնումները, որոնք ներկայացվում են քանակական և մոդելային որոշ մանրամասներով, խոցելիություն են ենթադրում Հայաստանի պաշտպանական համակարգի համար:
«Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլ նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել: Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին՝ միլիարդիների հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել»:
Ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման թեմայով՝ դա անվանելով «զանգվածային միլիտարիզացիա»՝ այս համատեքստում ստվերում պահելով սեփական սպառազինության ավելացող ծավալները։

Օրերս ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն, անդրադառնալով այս հարցին, շեշտել էր․ «Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է»:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հիշեցնում է՝ Հայաստանն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել։ Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք։
ՀՀ ԱԳՆ հստակեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ, Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով:




