
Երկօրյա աշխատանքային այց, մեկ երկկողմ հանդիպում՝ սկզբունքային հարցում համաձայնության ձեռք բերմամբ և 9 րոպեանոց ելույթ՝ Մոսկվային, Բաքվին ու միջազգային հանրությանն ուղղված ուղերձներով։
Թեև քաղաքական առումով Ռուսաստանին չհաջողվեց մոսկովյան հարթակում եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց Կրեմլում երկօրյա քննարկումներն անարդյունք չեն համարում։ Նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակում․ հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովինն է։ Նա միաժամանակ հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում Երևանի և Բաքվի գործերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան 9 րոպեանոց ելույթում մի քանի ազդակներ կան, որոնք պաշտոնական Երևանն ուղղում է Մոսկվային, Բաքվին և միջազգային հանրությանը։
Ամենակարևորը՝ խաղաղության ազդակն է․
Պաշտոնական Երևանը պատրաստ է այս ամիս ստորագրել «Խաղաղության պայմանագիր»-ը, և սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստից հետո լրագրողի հարցին՝ ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի նախագահն արձագանքել է․ «Երբ ամբողջը համաձայնեցվի»:

Նա չի արձագանքել մինչև տարեվերջ փաստաթուղթն ամբողջացնելու հնարավորության մասին հարցին։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը համոզված է՝ պայմանագրի համաձայնեցված հատվածը բավարար է, որ փաստաթուղթը ստորագրվի հիմա։
Հայաստանի վարչապետը հաստատել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Մոսկվայի միջնորդությամբ փաստաթուղթը ստորագրելու հարցը, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել։
Նիկոլ Փաշինյանի ելույթի երկրորդ ազդակը վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատմանը։ Բաքուն դեռ չի սկսել փաստաթուղթը վավերացնելու գործընթացը, մինչդեռ Հայաստանն արել է հիմնական քայլերը։ Այս ամսվա ընթացքում խորհրդարանը կքննարկի կանոնակարգի վավերացման հարցը՝ հաստատեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքում կա նաև Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն։
«Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի «Խաղաղության պայմանագիր»-ը անխուսափելիորեն կմնան կարևոր և սկզբունքային հարցեր, որոնք անհրաժեշտ կլինի համաձայնեցնել, լուծել և ստորագրել նոր պայմանագրեր։ Ստորագրված և վավերացված «Խաղաղության պայմանագրի» առկայության պայմաններում մնացած մյուս բոլոր հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, որովհետև իրավիճակը տարածաշրջանում այլ կլինի»։
Հայաստանը չի սրտնեղում, երբ Նախիջևանի հետ կապը Ադրբեջանը՝ Հայաստանից ակնկալվող պայմանները չունենալու դեպքում, պատրաստվում է ապահովել Իրանի տարածքով։ Դա երկրների ինքնիշխան իրավունքն է և ներքին գործը, որին պետք չէ խառնվել, հայտարարում է վարչապետ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով բաց և անվտանգ ճանապարհներ ապահովել այն բոլոր պայմաններով, որոնցով առաջարկում է Իրանը և դեռ ավելին՝ պատրաստ է սահմանային հսկողության ընթացակարգերում պարզեցված պայմաններ առաջարկել՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։

Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով Հայաստանը պատրաստ է անել ավելին։ Սա արդեն ազդակ է միջազգային հանրությանը։
«Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»։
Նիկոլ Փաշինյանի խոսքում կար նաև պաշտոնական Մոսկվային ուղղված ազդակ։ Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ «միջանցք» կոչվածի վերահսկողությունը ստանձնելու՝ Մոսկվայի ծրագրերի մասին է։ Հայաստանի վարչապետը հերթական անգամ ընդգծել է, որ «բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է»։
Դա Հայաստանի գործն է և Հայաստանը դա երաշխավորված կանի՝ հայտարարել է Փաշինյանը․
Ռուսաստանը փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի միջոցով է արձագանքել այս հարցին։ Նա պնդել է, որ Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից։ Ռուսաստանի փոխվարչապետը հաստատել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում գրեթե երկու տարի առաջընթաց չկա։ Միևնույն ժամանակ նախանշել է Ռուսաստանի հավակնությունները՝ ձևակերպելով, թե տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
Քաղաքագետները կարծում են, որ Ռուսաստանը Հայաստանի հետ շփումներում մեղմել է դիրքորոշումը։ Դա փաստվեց նաև Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությամբ, ըստ որի՝ հունվարի 1-ից Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների փոխարեն կտեղակայվեն հայ սահմանապահները։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Ռուսաստանի մեղմացած դիրքորոշումը կապում է Կրեմլի խնդիրների հետ։

«Չեմ կարծում, որ եթե Ռուսաստանը լիներ իր լավագույն «մարզավիճակում», կգնար այդպիսի քայլի։ Ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ եթե տարածաշրջանի երկրները ցանկանում են իրենց ինքնուրույն քաղաքականությունը իրականացնել և պնդում են, միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ հակառուսական տրամադրվածություն չունեն, քայլեր չեն ձեռնարկում ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական առումով, այս դեպքում Կրեմլը որոշակի առումով գնում է զիջումների և կարծում եմ, որ այս զիջումները նույնպես տեղավորվում են հենց այդ տրամաբանության շրջանակներում։ Դա ռիսկերը հաշվարկելու հիման վրա որոշակի քաղաքականություն է, որը ուղղված է Հայաստանի սուվերենության ամրապնդմանը։ Ես գտնում եմ, որ մեզ այսօրվա քաղաքականությունը պրագմատիկ քաղաքականության շրջանակներում է»։
Քաղաքագետը համոզված է, որ այս քաղաքականության շրջանակում է որոշվել ակնհայտ չխոսել և հայտարարություններ չանել քաղաքական վեկտորի փոփոխության մասին՝ սուր արձագանքներից խուսափելու համար։ Մյուս կողմից նա վկայակոչում է Փաշինյան-Պուտին հանդիպման տեսանելի հատվածը, որտեղ Ռուսաստանի ղեկավարը խոսում է տնտեսության մեջ ներդրումների մասին։ Ըստ Վարդանյանի՝ հետագա ծրագրերի և միլիարդների մասին զրույցը վկայում է, որ Ռուսաստանը այս փուլում Հայաստանի կարիքն ունի։




