ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կյանքը աղետից հետո․ ինչպե՞ս են ապրում քարկոփցիները

Քարկոփը  մայիսին Լոռիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից ամենաշատը տուժած բնակավայրն էր։  Աղետից 4 ամիս անց քարկոփցիները փորձում են վերականգնել նախկին առօրյան։   Տիղմից ու աղբից բնակարանների մաքրման փուլը կարելի է ավարտված համարել, որոշ տների կողքով անցնելիս դեռ զգացվում է խոնավության հոտը։   

Գրեթե բոլոր տներում շինարարություն է ընթանում․ քարկոփցիները սեփական միջոցներով կամ կառավարության տրամադրած փոխհատուցումներով փորձում են վերականգնել իրենց տները։ Գյուղի բնակիչներին աջակցում է նաև խճի գործարանի տնօրինությունը՝ շինանյութ տրամադրելով։

Արտաշեսի ընտանիքն աղետի օրը տանը չէր․ հյուր էին գնացել, երբ վերադարձան, տնից արդեն ոչինչ չէր մնացել։ Մի քանի ժամում 5 հոգանոց ընտանիքը դրսում հայտնվեց։ Հիմա լրիվ ավերված տունը Արտաշեսը վերանորոգում է։ Փոխհատուցման մի մասն է ստացել և այդ միջոցներով սկսել վերականգնումը։

«Մինչև վերջ առաջին հարկերը ջուր էր լցվել, հնարավորություն չկար ապրելու, բնակելի չէր։ Նոր-նոր մաքրում ենք, քանդում, որ զրոյից սարքենք։ Մեջի դուռ, լուսամուտ հանում ենք, մեջի պատն էր փուլ եկել, սարքում ենք։ Օգնություն տալիս են էլի, ով ինչքան կարողանում՝ օգնում է, ով էլ չի կարողանում, դե ոչինչ էլի»։

Գայանե Երզնկյանին հանդիպեցինք մանկահասակ երկու երեխաների հետ խանութից տուն  ճանապարհին։ Ճոճկանից նոր է վերադարձել։ Այնտեղ տեղափոխվել էր աղետից հետո մինչ տանը ապրելու պայմանները կվերականգնվեին։ Ինքն իրեն աղետից տուժած չի համարում, պետությունը նույնպես։ Բնակարանը, որտեղ ջրհեղեղի ժամանակ փակված է մնացել երկար ժամանակ, գտնվում է երկրորդ հարկում, իսկ փոխհատուցումներ տրամադրվում են միայն առաջին հարկի բնակիչներին, որոնց բնակարանները ամբողջությամբ ավերվել են։

«Եկել են օգնել, մաքրել ենք։ Ես այստեղ չեմ եղել, փոքր երեխա ունեմ, Ճոճկան գյուղ էի գնացել։ Ի՞նչ են արել։ Նոր են սկսում, դեռ տներն են վերանորոգում, չեկեր են տվել առաջին հարկի բնակիչներին, գնում են այդ չեկերով շինանյութ են վերցնում խանութներից։ Գրենական պիտույքներ էլ են տվել։ Մենք երկրորդ հարկ ենք, մեզ չեն տվել»:

Աղետի ժամանակ Գայանեն 4 անչափահաս երեխաների ու ամուսնու՝ Էդգարի հետ տանն էր։ Պատմում է, թե ինչպես է ամուսինը փորձել  իր տրակտորով փակել գետի հունը և մինչև փրկարարների գալը տարհանել մարդկանց աղետի գոտուց։ Միայն ամենատուժածներին  տեղափոխելուց հետո է  եկել իր ընտանիքի, 4 մանկահասակ երեխաների հետևից։

«Աղետի ժամանակ ստեղ ենք եղել, էն փոքր բալկոնով են երեխուն իջեցրել։ Աստիճաններով չէինք կարող։ Իմ ամուսինը բոլորին փրկել է, իր տրակտորով բոլորին հանել է։ Մեզ վերջում հանեց։ Առաջին հարկը շատ է ջուր լցվել։ Ամուսինս խճի գործարանում տրակտորիստ է։ Այդ օրը ամուսնուս եղբայրը զանգեց, թե ջուրը բարձրանում ա։ Գնաց, որ տրակտորը բերի, գետի հունը փակեն։ Չստացվեց։ Սկսեց մարդկանց հանել։ Գիշերվա ժամը մեկից մինչև առավոտ 12-ը»:

Իր  մայրն ու որդին էլ   խեղդվում էին, մինչ մյուսներին էր փրկում ՝ զրույցին միանում է Գայանեի հարևանուհին՝ տիկին Մանուշակը։ Ասում է, ով ում կարողացել է,  ձեռք է մեկնել։ 

«Ամենամեծ գործողությունը կատարել է Պապինյան Էդգարը։ Իր 4 երեխային տանը թողած՝ ժողովրդին է տրակտորով հանել։ Վերջում, երբ ջուրն իրեն անցնում էր, եկել է տուն,  իր երեխաներին հանել։ Էդգարի մասին շատ չխոսվեց, որ այդքան մարդու է փրկել։ Նույնիսկ մի տատիկ ենք ունեցել, որին տեղաշորով երկրորդ հարկից իջեցրել են տրակտորով ու տեղափոխել Ճոճկան գյուղ։ Իսկ Գայանեի սկեսուրն ու որդին խեղդվում էին։ Նրանց փրկել է Հովսեփյան Գոքորը և և մեր նախկին համայնքի ղեկավար Ժորան»։

Հիմա էլ Քարկոփում խնդիրները շատ են,  բայց կարևոր խնդիրներից մեկը մայրուղին գյուղին կապող կամուրջի վերականգնումն է։ Հիմա 10 մետր ճանապարհի փոխարեն բնակիչները  40 կմ ավելի ճանապարհ են անցնում, որ գյուղ մտնեն։ Քարկոփի բնակիչներին խոստացել են, որ խնդիրը  շուտով կլուծվի։

Back to top button