ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մեղմել հակահայկական քարոզչությունը հատկապես իսլամական երկրներում․ Երևանում հանդիպել են Միջերկրածովյան կարգավորող մարմինները

Երևանում մեկնարկել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի 23-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում են հարթակին անդամակցող շուրջ 20 պետության ներկայացուցիչներ։

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցում է 2022-ից, իսկ այս տարի էլ նախագահում է այն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ։ Հարթակի համատեղ ջանքերով փորձ կարվի տեղեկատվական անվտանգության նոր քայլեր ձեռնարկել։

Միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հերթական տարեկան ժողովի այս տարվա հասցեն և նախագահողը Հայաստանն է։ Արհեստական բանականության օգտագործման հնարավորություններ, թվային հարթակների կառավարման սկզբունքներ, թվային ռադիոյի ներկան և ապագան, նաև՝ մեդիագրագիտության խնդիրներ՝ համաժողովի առանցքային թեմաներն են։

Համաժողովի աշխատանքը համակարգող՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նախ բացատրում է՝ ինչպես ՀՀ-ն անդամակցեց մի հարթակի, որը չունի ցամաքային կապ Միջերկրական ծովի հետ։

«Բազմիցս քննարկել էինք այդ հարթակի ղեկավար կազմի հետ այս հարցը՝ հաշի առնելով մեր դարավոր կապերը միջերկրածովյան երկրների հետ, շատ երկրներում հայկական համայնքների առկայությունը և, ընդհանրապես, մեր ծնունդը նաև միջերկրածովյան քաղաքակրթությունից։ Մեր փաստարկները հաշվի առնելով՝ 2022-ին ընդգրկվեցինք այդ հարթակի անդամ․ բացառություն է արվել մեզ ու Մոլդովային»։

Հարթակում միջերկրածովյան եվրոպական երկրներից բացի ներառված են արաբական և Միջին Արևելքի երկրները՝ Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Լիբանանը, Իսրայելը։ Ադրբեջանը չի անդամակցում հարթակին։ Տիգրան Հակոբյանը հատկապես կարևորում է անդամակցող երկրների իրավական կարգավորումների փորձն ուսումնասիրելը և շեշտում՝ գործակցությունը կարող է օգնել նաև մեղմել հակահայկական քարոզչությունը հատկապես իսլամական երկրներում։

«Այս պայթյունային արագությամբ զարգացող տեխնիկական հեղափոխությունն ու արհեստական բանականությունը մեծ հնարավորությունների հետ մեծագույն սպառնալիք են մեզ համար՝ դիփ ֆեյք, ապատեղեկատվություն։ Բոլոր երկրներում էլ, որոնց հետ շփվում ենք, օրենսդրությունը չի հասցնում այդ տեխնիկական լրջագույն փոփոխությունների հետ փոխվել և, բնականաբար, միասին աշխատելով ավելի հեշտ է այդ հարցերը լուծել, չնայած հարցեր կան, որոնք գրեթե անլուծելի են»։

Ոչ միայն Հայաստանը փորձի փոխանակման կարիք ունի, այլև Հայաստանի փորձն է կարևոր հարթակին անդամակցող երկրների համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն այլ տարածաշրջանում է գտնվում՝ համոզված է Ֆրանսիայի կարգավորող մարմնի փոխնախագահ Ֆրեդերիկ Բոկոբզան։

«Հայաստանը գուցե կօգնի մեզ նաև այլ տեսանկյունից դիտել, օրինակ, օնլայն հարթակների կարգավորումը, առկա ապատեղեկատվության դեմ պայքարը»։  

Մարոկկոն ևս հետևում է կարգավորման ոլորտի զարգացումներին։ Այստեղ էլ են փնտրում նոր լուծումներ՝ նոր մարտահրավերներին՝ ասում է Մարոկկոյի տեսալսողական հաղորդակցության բարձրագույն կարգավորող մարմնի միջազգային համագործակցության պատասխանատու Մուհամեդ Ամինե Էլբուազային։

«Զարգացումները գնում են դեպի թվային հարթակների կարգավորումներ։ Հուսով ենք՝ հաջորդ հանդիպմանն արդեն արդյունքներից կխոսենք»։

Միջերկրածովյան երկրներն ունեն ոչ միայն ընդհանուր շահեր, այլև ընդհանուր մարտահրավերներ՝ ապատեղեկատվություն, ատելության խոսք, արհեստական բանականության առաջացրած ռիսկեր։ Երևանյան հարթակում հենց այս խնդիրներին են փորձում կարգավորումներ գտնել։

Back to top button