
4 րոպե և 2 երկրների միջև քաղաքական ու տնտեսական բազմակողմ բանակցությունների ամփոփ ներկայացում, բայց նախ՝ տեսախցիկների առջև։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը։ Մինչև Փաշինյանի հետ հանդիպումը՝ Պուտինը հանդիպել է նաև Ալիևի հետ։ Եռակողմ հանդիպում կազմակերպելու Մոսկվայի փորձերն այս անգամ տապալվել են։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարը կար, բայց համաձայնություն չեղավ։ Կողմերից մեկն առաջարկը չի ընդունել՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բայց որ կողմը՝ չի հստակեցրել։ Ամեն դեպքում դա ռուսական կողմը չէ՝ ասել է։ Ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ու բանակցային գործընթացը ՌԴ նախագահը քննարկել է կողմերի հետ առանձին-առանձին, նախ՝ Պուտին-Ալիև, հետո Պուտին-Փաշինյան կազմով։ Ալիևի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը նախանշել է հարաբերությունների զարգացման նախընտրելի ուղղությունները։
«Շատ լավ, հետաքրքիր պրոյեկտներ կան և՛ էներգետիկայի, և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Դրանք բոլորը հեռանկարային, իրական և գործուն ծրագրեր են»։
4.3 միլիարդի ապրանքաշրջանառություն, 4 միլիարդից ավելի ռուսական կապիտալի ուղիղ ներդրում Ադրբեջանի տնտեսության մեջ՝ թվեր ու խոստումնալից ծրագրեր են ներկայացրել Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Պաշտոնական մասում՝ այդքանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպումը Կրեմլում հաջորդել է Ալիևի հետ հանդիպմանը։ Կրկին թվեր՝ ռեկորդային գնահատվող, ու կրկին շեշտադրումներ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։
«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե այս տեմպերը շարունակվեն, տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի»։

Մնացած թեմաներն արդեն՝ փակ դռների հետևում։ Ըստ ամենայնի՝ հայ-ռուսական «ծանր» հարցեր և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրներ։ Մինչ այդ՝ Հայաստանի վարչապետը նկատեց, որ վերջին ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել։
Հիշեցրեց Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի այցը Երևան, հոկտեմբերի սկզբին Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռոուսաստանի վարչապետ Միշուստի հետ բանակցությունները։ Կրեմլում հանդիպումը վարչապետ Փաշինյանը լավ հնարավորություն համարեց՝ ի մի բերելու նախորդած բոլոր քննարկումներն ու բանակցությունները։
Հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Մոսկվան առաջ է տանում իր միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի հիմքով կարգավորման թեզը, իսկ այդ փաստաթղթերը հիմնվում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Որ նշված փաստաթղթի գրեթե բոլոր կետերը խախտված են՝ հայկական կողմը քանիցս պաշտոնապես հայտարարել է, բայց Մոսկվայի և Հայաստանի տարաձայնությունը հատկապես համաձայնագրի 9-րդ կետի շուրջ է։ Ռուսաստանն ակնկալում է վերահսկել Հայաստանի այն տարածքը, որը կարող է կապել Ադրբեջանն ու Նախիջևանը։ Հայաստանն այս հարցում սկզբունքային է՝ համաձայն չէ, ու դա Հայաստանի վարչապետն անցած շաբաթ ևս շեշտեց ԵԱՏՄ գագաթնաժողովին։
«Բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։ Նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք»։
Կրեմլում երկկողմ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահն անձամբ է հրավիրել Հայաստանի վարչապետին՝ մասնակցել այս ամիս Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Կշփվենք, հետաքրքիր և խոստումնալից հանդիպումներ կլինեն՝ խոստացել է։ Նույն հրավերը Պուտինը փոխանցել է նաև Ալիևին։ Այդ միջոցառմանը մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը, և չի բացառվում, որ այդ շրջանակում քննարկվեն տարածաշրջանային հարցեր ևս։
Ինչ վերաբերում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա օրակարգում 14 հարց է, իսկ այդ աշխատանքների ընթացքում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:
Վերջինն առնչվում է «միջազգային պատժամիջոցներ» կոչվածին։ ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները և հորդորում զերծ մնալ նման քայլերից։




