ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կարիբյան ծովի լրագրողը, անգլիացի բժիշկն ու ջրվեժցի տնտեսագետը․ UWC-Դիլիջանի 10-ամյա կրթական բազմազանությունը

«Բնություն, խորոված, ես սիրում եմ դա և հպարտություն, ես կարծում եմ՝ հայերը մեծ հպարտություն ունեն իրենց երկրի նկատմամբ, ինչը շատ կարևոր է և գեղեցիկ է տեսնել դա»։ 

Պակիստանյան ծագումով, Մեծ Բրիտանիայում մեծացած Միքայել Շեյխը սիրում է Դիլիջանի ծառոտ լեռները, լճերը, հայկական խորովածն ու այն, թե ինչպիսի հպարտությամբ են հայերը խոսում Հայաստանի մասին։ Ասում է՝ Դիլիջան գալն իր ճամփորդական ցուցակում կար, բայց այն 2 տարով տուն դարձավ, որովհետև տղայի երազանքների որակյալ կրթության ու հավակնոտ կարիերայի հիմքերը Դիլիջանի միջազգային դպրոցում էին։

«Ես հետաքրքրված եմ հոգեբանությամբ և բժշկությամբ։ Ընտրեցի Դիլիջանը, որովհետև ուզում էի մի ինչ-որ մեծ բանի մասը դառնալ, և նաև արկածների գնալ, հասկանաո՞ւմ եք, ես չէի ուզում աբողջ կյանքս մնալ իմ երկրի դպրոցում»։

Միքայելն արդեն երկրորդ կուրսում է, հաջորդ տարի կավարտի քոլեջը, թե որ համալսարանում կսովորի, դժվարանում է ասել, բայց բժշկություն անբեկանելի որոշում է։ Կարծում է՝ բոլոր գիտություններից ամենակարևորը կենսաբանությունն է, որովհետև բացատրում է մարդուն ու շրջակա միջավայրը։ Հայաստան վերադառնալը նույնպես անքննարկելի որոշում է․ ընտանիքին ու ընկերներին խոստացել է ցույց տալ մեր երկիրը։

«Գաթա․ իմ սիրելի ուտելիքն է, եղանակների կտրուկ փոփոխություն և․․․ շատ մոտ հարևաններ»։

Կարիբյան ծովում հազիվ նշմարվող Կուրասավոյի կղզուց Ամեվին Դիլիջան է եկել՝ ճարտարապետություն, արվեստ, մի քիչ էլ լրագրություն ուսումնասիրելու։ Վերջինը հատկապես ոգևորող է համարում։

«Կարծում եմ՝ շատ-շատ հետաքրքիր է այն, ինչ դուք ՝ լրագրողներդ, անում եք։ Ես մեկն եմ, որ սիրում է իմանալ ամեն ինչ մյուս մշակույթների մասին և ճամփորդել աշխարհով մեկ։ Կարծում եմ՝ լրագրությունն այս իմաստով շատ հետաքրքիր է»։ 

Ամեվին հասցրել է համեմատել հայկական ճարտարապետությունը եվրոպականի հետ։ Ասում է՝ շատ տարբեր ու դժվար բացահայտվող են երկուսն էլ, հատկապես հավանել է Գյումրու ճարտարապետությունը, իսկ Հայաստանի հնագույն եկեղեցիները, ասում է,  իսկապես տպավորիչ ու չկրկնվող են։

«-Իսկ որ դասից փախնում եք, ո՞ւր եք գնում։

-Իրականում դասից փախչել հասկացություն չկա, որովհետև որին ուզում ես, գնում ես, որին՝ չէ, չէ։ Հետո խոսում դասղեկիդ հետ՝ ինչի չկայիր։

-Այսինքն, որ կազմակաերպում, բոլորով փախնում են, էստեղ էդպիսիս բան չկա։

-Չէ, իրականում կուզեի լիներ»։ 

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Առնոն տնից շատ հեռու չի գնացել միջազգային լավագույն քոլեջներից մեկում սովորելու համար։

«Ցանկություն ունեցա այստեղ սովորելու, որովհետև չեմ խաբի, Հայաստանի ամենալավ տեղերից մեկն է՝ կրթություն ստանալու համար»

Առնոն տնտեսագետ է դառնալու։ Կրթությունը շարունակելու է Միացյալ Նահանգներում։ Ասում է՝ Դիլիջանի դպրոցում տնտեսագիտությունից բացի նաև աշխարհի բազմազանությունն է ուսումնասիրում։ Դրկիցը թուրք է։

«Երկու թուրք աշակերտ ունենք և մի ուսուցիչ, որն ինձ տնտեսագիտություն է սովորեցնում, բայց, օրինակ, իմ հարևանը թուրք է, առաջին կուրսեցի։ Մենք ամբիցիաները մի կողմ ենք թողնում և հասկանում, որ ոչ միշտ չէ, որ հենց ազգի մարդիկ մեղավոր են ինչ-որ կոնֆլիկների համար, և դա հասկանալով՝ մեր ընկերությունը, կոմունիկացիան պահում ենք ընկերական մակարդակի»։ 

Այնուամենայնիվ, Հայոց պատմության թեման քննարկվում է․«Այդպիսի դասեր ունենում ենք, որտեղ քննարկում ենք պատմությունը, ցեղասպանությունը և թուրքերը։ Ինչքան հասկացել ենք, բոլոր էդպիսի թեմաներին մասնակցում են և գնում լսում են, քանի որ բացի նրանից, որ դպրոցը մեկ-մեկ կարող է ստիպել բոլոր աշակերտներին մասնակցել, բայց նաև նրանք հետաքրքրված են անձնապես իմանալ մեր պատմությունը»։

Միքայելը, Ամեվին և Առնոն սովորում են UWC՝ Միացյալ համաշխարհային 18 քոլեջներից մեկում՝ Դիլիջանի միջազգային դպրոցում։ Այստեղ, ասում են ուսանողները, Հայաստանը դառնում է աշխարհի կենտրոն ու մեկտեղում երկրագնդի բոլոր ծայրերից եկած ուսանողներին։

«Մենք ասում ենք, որ այս դպրոցը փոքր տեսակն է ամբողջ աշխարհի, Երկիր մոլորակի, և շփվելով ուրիշ երեխեքի հետ՝ իսկապես հասկանում ես, որ էստեղ ուրիշ երկիր է»։

10 տարի առաջ՝2014-ին, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և նրան կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, միացան UWC-ի շարժմանը և Դիլիջանում հիմնեցին քոլեջներից 14-րդը․ այսօր դրանք 18-ն են։  10 տարվա ընթացքում աշխարհի 125 երկրներից 927 շրջանավարտ է ավարտել դպրոցը, այսօր ունեն 224 ուսանող՝ 80 երկրից ու 36 ուսուցիչ 15 երկրից։ Բոլոր շրջանավարտներն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարանները, մի քանիսը կրթություն ստանալուց հետո վերադարձել են Դիլիջան որպես ուսուցիչ։ Թվերը փաստում են՝ դպրոցը կայացել է՝ ասում է դպրոցի տնօրեն Ադամ Արմանսկին․

«10 տարի առաջ, երբ հիմնադրվում էր դպրոցը, նպատակն էր աշխարհը բերել Հայաստան, Հայաստանը դարձնել կրթական մեծ կենտրոն և մի փոքր էլ Հայաստանից տանել դուրս։ Այս 10 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տարբեր իրավիճակներ, անցել ենք նաև դժվարությունների միջով ու հաղթահարելով դրանք՝ նշում ենք դպրոցի տասնամյակը»։  

UWC-ի բոլոր դպրոցները միավորվում են մի քանի պարտադիր արժեքներով։ Կրթությունը պիտի իրականացվի բազմատարր համայնքում։ Սովորողները պիտի ներկայացնեն  տարբեր տարածաշրջաններ  ու սոցիալական տարբեր խմբեր՝ փախստականներից մինչև մեծահարուստներ։ Դպրոցը պիտի  ներազդի համայնքի վրա ու նպաստի դրա զարգացմանը։ Դիլիջանում, օրինակ, ուսանողներն արվեստի դասեր են տալիս երեխաներին, կազմակեպում են տարատեսակ արշավներ։ Դիլիջանի դպրոցի տասնամյակի արարողությանը ներկա էր նաև UWC միջազգային խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն։ Նրա խոսքով՝  կրթությունը՝ հանուն խաղաղության, հեշտ գործ չէ։

«UWC-ի գործունեությունը ճանապարհորդություն է, որի ընթացքում շատերի հետ ենք համագործակցում։ Նրանց թվում մենք ունեցել ենք Նելսոն Մանդելայի նման մարդիկ՝ որպես UWC -ի նախագահ: Երբ մենք մտածում ենք Նելսոն Մանդելայի մասին, մենք նրան հիշում ենք որպես մարդու, որն անցել է պայքարի միջով և դուրս է եկել դրա հակառակ կողմից: Երբ ես մտածում եմ մեր հիմնադիրներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի մասին, ես հայացք եմ գցում Նելսոն Մանդելայի կյանքի ուղղությամբ և ասում եմ, որ կան մարդիկ, որոնք անցնում են կյանքի կրակի միջով։ Աստծո կամոք, նրանք դուրս են գալիս այդ կրակից ու ավելի մեծ ազդեցություն են ունենում փոփոխությունների վրա։ Ես իմ կյանքի ընթացքում սրան ականատես եմ եղել»։

Ի սկզբանե հավասարության ու խաղաղության հիմքով ստեղծված շարժումն ապացուցում է, որ փողը խոչընդոտ չէ լավ կրթություն ստանալու համար։ UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված սովորողների ավելի քան 80%-ը ստանում է ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն։ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորողների 30 տոկոսն այս պահին ստանում է ուսման վարձի լրիվ, 46 տոկոսը՝ մասնակի փոխհատուցում, և միայն 23 տոկոսն է սովորում առանց կրթաթոշակի։ Այս պահին դպրոցում սովորում է 24 հայ ուսանող, նրանցից 6-ը Արցախից են։

Կարդացեք նաև

Back to top button