Վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետևանքով Գազայի շրջանում բազմաթիվ պատմական հուշարձաններ հողին են հավասարեցվել՝ հայտնում է Reuters-ը։
2023 թվաականի վերջերին առանձնակի ավերիչ էին Գազայում գտնվող Մեծ Մզկիթին հասցված հարվածները։ Այս կառույցն առավել հայտնի է Ալ-Օմարի Գրանդ Մզկիթ անվանմամբ և Գազայի շրջանի ամենամեծ ու ամենահին մզկիթն է։ Օմարի մզկիթը հիմնվել է ավելի քան 1400 տարի առաջ և զբաղեցնում էր գրեթե 4100 քառակուսի մետր տարածք։ Այն Գազա քաղաքում և ողջ Մերձավոր Արևելքում գտնվող կարևորագույն պատմական հուշարձաններից էր, որից այսօր միայն փլատակներ են մնացել։
Թարեք Հանիյեն մեծացել է Գազա քաղաքում և մինչև այս հակամարտության թափ առնելը հաճախ է զբոսաշրջիկների տարել այդ մզկիթ։ Այժմ նա չափազանց վրդովված է պատմական կոթողը՝ փլատակների վերածված տեսնելով։
«Առաջին համաշխարհայինի ժամանակ մզկիթը ռմբակոծվել էր բրիտանական ռազմանավերի կողմից։ Հարյուր տարի անց նույն բանը կատարվեց։ Ամեն անգամ, երբ վերև եմ նայում ու տեսնում այս փլատակները, դժվարանում եմ հուզմունքս զսպել։ Երբեմն անգամ լացում եմ։ Կան երիտասարդներ, որ չեն հասկանում, թե ինչու եմ լաց լինում, ու գալիս պատճառն են ուզում պարզել։ Իսկապես, չեք կարող պատկերացնել, թե այս վայրը ինչ նշանակություն ունի իմ կյանքում»,-ասում է Հանիյեն։
Օմարի Մզկիթը միակ հնագույն հուշարձանը չէ, որ վնասվել է ավերիչ հարվածներից։ Համաձայն պաղեստինյան իշխանությունների վիճակագրական տվյալների՝ Գազա քաղաքի հին հատվածում ավելի քան 280 հարյուրամյա կառույց կա, և դրանցից հարյուրից ավելին հինգ հարյուր տարվա պատմություն ունեն։
Վերջին մեկ տարում որոշ կառույցներն ահռելի մեծ վնաս են կրել։ Դրանք այն աստիճանի են վնասվել են, որ նախկին տեսքից անգամ հետք չի մնացել։ Այժմ տեղացիները ավերված պատմական հուշարձանների տեսքը և իրենց անցյալ կյանքը միայն հեռախոսներում պահվող լուսանկարներով են հիշողույթան մեջ վերականգնում։
«Միայն մենք՝ Գազա շրջանի բնակիչներս չենք, որ տխրությամբ ենք համակված, որ Գազայի պատմական հուշարձանները, այդ թվում նաև Ոսկյա Շուկան, Ալ Օմարի Գրանդ մզկիթը, Համամ Ալ-Սամրան, Փաշայի Պալատը և տաճարը հողին են հավասարեցվել։ Դրանցից ոչ մեկը Գազա քաղաքում չի պահպանվել։ Մարդիկ այստեղ էին գալիս՝ հուշարձաններն այցելելու։ Անցյալում, տոներին այս վայրերը լի էին մարդկանցով, այստեղ միջոցառումներ էին կազմակերպում։ Իսկ հիմա մենք միայն վերհիշում ենք դրանք հուշարձանների լուսանկարները դիտելիս»,-ասում է Մահմուդ Արալը՝ Գազա քաղաքի մեկ այլ բնակիչ։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




