ԿարևորՄիջազգային

Գազայի պատերազմի տարելիցն ամբողջ աշխարհում հազարավոր պաղեստինամետ ցուցարարների դուրս է հանել փողոց

Պաղեստինյան անկլավում հակամարտության առաջին տարելիցի նախօրեին աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը Գազայում։

Մոտ 40,000 պաղեստինամետ ցուցարարներ երթով անցել են Լոնդոնի կենտրոնով, հազարավոր մարդիկ հավաքներ են անցկացրել նաև Փարիզում, Հռոմում, Մանիլայում և Քեյփթաունում:

Հակամարտությունը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման հարձակումով, որի հետևանքով սպանվել է 1200 մարդ։

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հետագա հարձակումների զոհ է դարձել մոտ 42,000 պաղեստինցի, տեղահանվել է անկլավի գրեթե ողջ 2,3 միլիոնանոց բնակչությունը:

Բեռլինում Իսրայելի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ աճող հակասեմիտիզմի, և ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության և պաղեստինամետ ցուցարարների միջև:

Հռոմում շուրջ 6000 ցուցարարներ ծածանել են Պաղեստինի և Լիբանանի դրոշները՝ անտեսելով հոկտեմբերի 7-ի տարելիցին ընդառաջ քաղաքի կենտրոնում երթ անցկացնելու արգելքը:

Մանիլայում ակտիվիստները բախվել են ոստիկանության հետ այն բանից հետո, երբ նրանց արգելել են ցույց անցկացնել ԱՄՆ դեսպանատան դիմաց, որն աջակցում է Իսրայելին:

Առաջին տարելիցին նվիրված ցույցեր են անցկացվելու նաև աշխարհի այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում և Չիլիում: Հանգստյան օրերին նախատեսվում են նաև որոշ ցույցեր՝ ի պաշտպանություն Իսրայելի։

Կարդացեք նաև

Back to top button