ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանին զսպելու քաղաքական նոր հստակ մեսիջներ՝ միջազգային հարթակներում

Միջազգային մի շարք կարևոր հարթակներում վերջին օրերին քննարկման առանցքային թեմաներից են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները և խաղաղության հասնելու խոչընդոտները։ Թեմաներն օրակարգային են նաև ԵԱՀԿ ԽՎ–ում, ԵԽԽՎ– ում, իսկ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների տասնյակ կոնգրեսականներ էլ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Բոլոր դեպքերում ընդգծվում է խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը, իսկ հայկական կողմից նաև՝ Բաքվին կառուցողական դաշտ բերելը։

Շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ իրենց ստորագրությունն  են դրել մի նամակի տակ, որով դիմել են պետքարտուղար Էնթոնի  Բլինքենին՝ կոչով՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիևի վրա՝ հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովից առաջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բլինքենին դիմողներից 10-ը սենատորներ են և Ներկայացուցիչների պալատի 48 անդամներ։ Բլինքենին հորդորում են ստիպել Ադրբեջանին քաղբանտարկյալներին ազատելու «շոշափելի միջոցներ ձեռնարկել» և դատապարտել Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունները, որոնք կարող են վտանգել «խաղաղության բանակցությունները»։ Կոնգրեսականների նամակում ասված է․

«Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում ճնշում գործադրել՝ հասնելու բոլոր քաղբանտարկյալների, պատանդների ու գերիների, այդ թվում՝ էթնիկ հայերի անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը, որպեսզի  բարենպաստ միջավայր ստեղծվի COP29-ում հաջող դիվանագիտության համար»։

ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները հաստատել են՝ «2020 թ․Ադրբեջանի մահաբեր հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանումը բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքը և մարդկանց  տառապանք պատճառում։ Բլինքենին ներկայացված դիմումով շեշտվում է՝  «Տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով և անվտանգ վերադարձի իրավունք ունենան»:

COP29-ի Ադրբեջանի նախագահությունից կոնգրեսականների դիմումի հարցով  մեկնաբանություններ չեն տվել Reuters-ին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր հերթին համոզված է, որ COP 29-ի գագաթնաժողովն աննախադեպ հնարավորություն է՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, խրախուսելու ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար նրան պատասխանատվության կանչելը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝  շիտակ մոտեցում ունենալ բանակցությունների սեղանի շուրջ, երաշխավորելու ռազմագերիների ազատ արձակումը։

Վերջին շրջանում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների մասին խոսվել է նաև այն հարթակում, որը երեք տասնամյակ փորձել է կարգավորել արցախյան հակամարտությունը և լավատեղյակ է բոլոր իրադարձություններից։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ–ն լռեց և շարունակում է լռել ինչպես ԼՂ բնիկ ազգաբնակչության էթնիկ զտման ժամանակ, որը միջազգային կազմակերպությունները որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II-րդ հոդվածի, լռում է նաև հիմա, երբ Հայաստանի 205 քկմ տարածքն օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից:

«Այս կազմակերպությունը լռում էր եւ շարունակում է լռել: Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս քաղաքականության շարժիչ ուժերն են: Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքներն անտեսված են։ Համատարած անպատժելիության մթնոլորտն Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար»:

Մտավախությունը, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ նոր ռազմական ծրագրեր ունի, օրեր առաջ Վարշավայում ներկայացրեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նույն միտքն արդեն Երևանում խորհրդարանական հարցուպատասխանի ձևաչափում հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային համաժողով կազմակերպելու Բաքվի ձգտման մեջ կա հստակ միտում՝ եվրոպացի խորհրդարանականներին զգուշացրել էր հայ պատգամավորը․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը` սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները»:

Սրան զուգահեռ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում էլ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եվրոպացի պատգամավորներին ներկայացրել է խաղաղության այն օրակարգը, որն առաջ է մղում Հայաստանը։ Ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչ այս պահը դեռ չի հրապարակել անգամ սահմանազատման կանոնակարգի տեքստը, Հայաստանում արդեն այդ փաստաթուղթն անցել է վավերացման ճանապարհի կեսը․ արդեն կա ՍԴ որոշումը փաստաթղթի սահմանադրականության մասին, և այն առաջիկա շաբաթներին կընդգրկվի խորհրդարանի օրակարգ՝ վավերացման։

«Այն, ինչ հիմա պահանջվում է, հաջորդ` վճռական քայլն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել` առաջարկելով ստորագրել արդեն համաձայնեցված հոդվածները: Դա կարեւոր քայլ կլինի մնացած վիճելի հարցերի լուծման ճանապարհին: Բացի այդ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկմանը` յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիմքով»:

Բացի խաղաղությանն ուղղված հայկական կողմի քայլերից՝ Սարգիս Խանդանյանը Դուբլինում խոսել է նաև Ադրբեջանի քաղաքական կամքի մտահոգիչ բացակայությունից: Պատգամավորը հաստատել է, որ հայկական կողմը շարունակում է տեսնել այդ երկրի կողմից նոր պահանջներ եւ սպառնալիքներ:

Անգամ COP29-ին ընդառաջ պատժամիջոցի սպառնալիքը կամ հավանականությունը չեն զսպում Ադրբեջանին, որի ղեկավարն իր նոր հայտարարությամբ զգուշացրել է Հայաստանին՝ իր իսկ ձևակերպմամբ՝  «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Ալիևն, ըստ էության, ուղիղ սպառնալիքով հորդորել է չմոռանալ ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Նա կրկին խոսել է Հայաստանի սպառազինման սահմանափակման մասին, թեև բազմիցս նշվել է, որ անգամ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ու միջազգային օրենքներով՝ ամեն երկիր ինքնապաշտպանվելու իրավունք ունի։ Քաղաքական վելուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Ադրբեջանի այս պահանջն իր հիմքում ունի որոշակի վախեր․

«Այնպես չէ, որ ադրբեջանական բանակն անպարտեի է, գալու է քայլերթով մտնի։ Ես ձեզ հավատացնում եմ՝ ադրբեջանցիները մինչև հիմա լավ էլ վախենում են և զգուշանում են հայկական ԶՈւ–ից։ Եվ այնպես էլ չէ, որ միջազգային հանրությունը դա հեշտությամբ կուլ կտա, որովհետև այդ միջազգային հանրությունը, այո՛, համարում էր, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, բայց Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է։ Սա այն դեպքը չէ, որ Հայաստանը մնա միայնակ, ինչպես Արցախը մնաց միայնակ»։

Հայաստան–Ադրբեջան բանակցություններն ու դրանց բարդ ընթացքը գրեթե զուգահեռ քննարկվել են նաև Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում։

Ի դեպ, COP29 կլիմայի գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր։ Ցանկում այն պատգամավորներն են, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակմանը կողմ էին քվեարկել, ինչի պատճառով Ադրբեջանը մինչ այս պահը հնարավորություն չունի մասնակցելու ԵԽԽՎ աշխատանքներին։

Կարդացեք նաև

Back to top button