ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-ֆրանսիական ակտիվացած քաղաքականությունը հետևանք է Նյու-Յորքում տապալված բանակցությունների․ քաղաքագետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի ու արտգործնախարարի հանդիպումները շարունակվել են։ Ուշադրության առանցքում է թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, և թե՛ Ֆրանսիայի հետ առևտրաարդյունաբերական ու տնտեսական համագործակցությունը խորացնելու թեման։ Փորձագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում են, որ ռազմական համագործակցության հարցը, իհարկե, առաջնահերթ քննարկվող թեմաների շարքում է, չնայած դրա մասին գուցե որևէ հիշատակում չլինի պաշտոնական հաղորդագություններում։ Եվ լավ է, որ ռազմաստրատեգիական հարցերը չհրապարակվեն, գտնում են փորձագետները։

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Փարիզում բազմաբնույթ հարցեր են քննարկել՝ քաղաքական, տնտեսական, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում, խոսել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մասին։ Փաշինյանը նշել է, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները։ Հայաստանի վարչապետի կարծիքով դա հիմք կդառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծի շրջանակներում Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը։

Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումներին ի պատասխան, Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, ողջունել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն զարգացնել Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունները։

Այն, որ քաղաքական հարցերն ուշադրության կենտրոնում են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպումներում, փորձագետները գրեթե համոզված են, այնպես, ինչպես համոզված են, որ ուշադրության առանցքում են նաև ռազմաստրատեգիական հարցերը, եթե անգամ դրանց մասին հրապարակային հաղորդագրություններում չի հրապարակվում։

Հայաստանին աջակցող հայտարարություններն Ադրբեջանը շատ ցավոտ է ընդունում։ Բաքվում արդեն հասցրել են հակաֆրանսիական սադրանք կազմակերպել։ Ադրբեջանն այսպես կոչված «Ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի» համախմբման նպատակով ֆորում է կազմակերպել՝ ֆրանսիայի դեմ խնդիրներ ստեղծելու համար։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը«Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է, որ այս շարժումները իհարկե վնասում են Փարիզին, սակայն Ֆրանսիան Հայաստանին աջակցելու հստակ դիրքորոշում ունի։

«Այդ սադրանքներն, իհարկե, միտված են զսպելու Ֆրանսիայի գործողությունները Հարավային Կովկասում, չեզոքացնելու ֆրանսիական գործոնը և թույլ չտալու, որ Ֆրանսիան Հայաստանին աջակցի։ Սա է ուղղությունն Ադրբեջանի քաղաքականության։ Ֆրանսիան ունի խնդիր Թուրքիային և Ադրբեջանին Հարավային Կովկասում զսպելու, և հենց այդ պատճառով աշխատում է Հայաստանի հետ։ Ավելին ասեմ՝ Հայաստանի քայլը դեպի Ֆրանսիա և վերջերս ակտիվացած քաղաքականությունը նաև հետևանք է Նյու-Յորքում տապալված բանակցությունների, որովհետև մինչ այդ մոտեցումը եղել է այն, որ Ադրբեջանի հետ ամեն գնով կնքելու պայմանագիր և հիմա պարզ դարձավ, որ դա անիրատեսական է»։

Վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ճնշումների և տարածքային պահանջների պայմաններում։ Այս և ՀՀ աջակցող քայլերի պատճառով Բաքուն, քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, հիբրիդային պատերազմ է սկսել Ֆրանսիայի դեմ, ինչը սակայն ամենևին չի կաշկանդում Փարիզին աջակցելու Երևանին։

 «Եթե այլ կերպ ասենք, Բաքուն փորձում է հիբրիդային պատերազմ վարել Ֆրանսիայի դեմ։ Եթե այս ամենը համադրենք, ստացվում է, որ Ֆրանսիան Հայաստանի հետ հարաբերությունների առավել արժևորման փուլում է, որտեղ սեփական շահերը հաճախ համադրում է ՀՀ հետ։ Սա, ես կարծում եմ՝ բավականին կարևոր հանգամանք է»։

Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովի իր ելույթում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միզրոյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի պարզաբանմամբ այս բանաձևը ևս Հայաստանին աջակցելու մասին է․

«Սա ուղղակի վերարտադությունն է Ֆրանսիայի կողմից պաշտոնական Երևանի առաջարկին։ Առաջարկ, որով ընդունվի բանաձև, որը աջակցում է պաշտոնական Երևանի այսօրվա իրականացվող արտաքին քաղաքականությանն այս հակամարտության գոտում»։

Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը ողջունում է նաև 2024 թ. ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և խրախուսում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա։

Կարդացեք նաև

Back to top button