
Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում արդեն կնքվել է եռակողմ 1456 պայմանագիր՝ շահառու-գործատու-սոցիալական ծառայության գրասենյակ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի փոխանցմամբ՝ ամենաշատը ծրագրից օգտվել են մայրաքաղաքում և այն մարզերում, որտեղ Արցախից տեղափոխվածները մեծ թիվ են կազմում՝։ Խոսքը Կոտայքի, Արարատի, Տավուշի մարզերոի մասին է։ Ոլորտները տարբեր են՝ կոսմետոլոգիայից մինչև համակարգչային ծրագրեր և այլն։
Կոսմետոլոգիայից համակարգչային ծրագրեր, մենեջմենթից կադրային գործ․ արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագիրն այս պահին ունի 1456 շահառու։ Նրանց մեծ մասը՝ 1426-ը, ծրագրում ընդգրկվել է աշխատանքի փորձի ձեռք բերման բաղադրիչով ։ Վերլուծելով վիճակագրությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցնում է՝ Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, պրակտիկա և աշխատանքի տեղավորում, իսկ երրորդ բաղադրիչը նախորդ երկուսի միավորումն է ՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Ուսուցման բաղադրիչով դասընթացները տևում են մինչև 6 ամիս, պետությունը փոխհատուցում է ուսուցման վարձը՝ մինչև 50 000 դրամի չափով։ Դրանից հետո առնվազն եռամսյա աշխատանքային պայմանագիր է կնքվում, որի ընթացքում պետությունը յուրաքանչյուր ամիս գործատուին փոխհատուցում է եկամտային հարկի բոլոր ծախսերը՝ մինչև 50 000 դրամի չափով։
«Հաջորդը պրակտիկայի բաղադրիչն է, երբ շահառուն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աշխատում է գործատուի մոտ։ 3 ամսվա համար պետությունը տրամադրում է 160 հազար դրամ, որը ներառում է աշխատավարձն ու հարկերը։ Դրանից բացի՝ աշխատանքի տեղավորման դեպքում հաջորդող 3 ամսվա համար պետությունը փոխհատուցում է նաև հարկերը մինչև 50 հազար դրամի սահմաններում»։
Ի դեպ, ծրագրին դիմելու համար միայն ԼՂ-ից բռնի տեղահանված լինելը բավարար չէ։ Փոխնախարարն ասում է՝ կան այլ նախապայմաններ ևս։
«Պարտադիր պահանջ է ԼՂ-ից բռնի տեղահանված լինելը, վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ տեղ աշխատած չլինելը։ Պրակտիկայի համար գործատուների հետ պետք է լինի աշխատանքային պայմանագիր։
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 1456-ն արդեն անցել է ծրագրի թե՛ ուսումնական, թե՛ պրակտիկայի բաղադրիչները։ Շահառուների մեծ մասը Երևանից է, հաջորդում են Կոտայքի, Արարատի, Տավուշի մարզերը։ Ոլորտները տարբեր են՝ կոսմետոլոգիա, մենեջմենթ, օպերատորական կամ կադրային գործ, համակարգչային ծրագրեր և այլն։
Մինչ նախարարությունում հերթագրում են պոտենցյալ շահառուներին, նրանցից շատերը սեփական ուժերով են փորձում աշխատանք գտնել։ Կարինե Հայրապետյանն ամիսներ առաջ դիմել է ծրագրին, բայց որևէ առաջարկ չի ստացել։
«Ես դիմել եմ և Արտաշատի , և Մասիսի քաղաքապետարան՝ որպես նախկին պետական աշխատող աշխատանքի տեղավորելու համար։ Ոչ աշխատանք են գտել, ոչ էլ նույնիսկ զանգել։ Այլ կերպ ասած՝ մերժել են, դա 4-5 ամիս առաջ էր»։
Կարինեն դրամաշնորհային ծրագրի է դիմել և շահել՝ սկսելով սեփական բիզնեսը։ Այսօր արդեն հացաբուլկեղենի սեփական արտադրամասն ունի։ Տեղեկացել է, որ պետական աջակցության ծրագրով կարող է նաև ինքն արդեն որպես գործատու դիմել՝ փորձելով աջակցել Արցախից տեղահանված մյուս հարազատներին։ Փորձել է , բայց դարձյալ չի հաջողել։
«Կարգում կետ կա, որ արցախցի անհատ ձեռներեցները կարող են Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորել, պետությունը մոտակա ամիսների համար փոխհատուցում է աշխատավարձը՝ օգնելով նաև անհատ ձեռներեցին։ Բայց որևէ կետ չկար, որ ես չեմ կարող բարեկամի աշխատանքի վերցնեմ։ Իրենց ինձ ներքին կարգով մերժեցին՝ այդտեղ կոռուպցիոն դրսևորում տեսնելով։ Բայց ես իրականում ինքս օգնության կարիք ունեի և ուզում էի գոնե այդ հնարավորությունից օգտվել»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հավաստիացնում է, որ աջակցությունը միայն մասնագիտական ուսուցման ու աշխատանքի տեղավորման ծրագրով չի սահմանափակվում։ Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս ամիսների ընթացքում նախարարության աջակցությամբ ընդհանուր առմամբ աշխատանք է գտել շուրջ 5000 տեղահանված անձ։
«Մոտ 8900 հոգի ունենք, որոնց դիմել են աշխատանքի համար, նրանցից 4615-ը մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել՝ սպասարկման, ինժեներական, այլ ոլորտներում»։
Նախարարի ներկայացրած վիճակագրությանը զուգահեռ՝ բռնի տեղահանված արցախցիներից ոմանք դժգոհում են, որ Միասնական սոցիալական գրասենյակում իրենց չեն հաշվառում՝ պատճառաբանելով, թե տեղերը սահմանափակ են։ Նախարարի տեղակալը չի բացառում. հնարավոր է տեղերը լրացված լինեն, սակայն գրանցվելու սահմանափակում չկա, ուստի ծրագրից օգտվել ցանկացողներին հորդորում է հաշվառվել, քանի որ պահանջարկը նաև ըստ դիմումների է ձևավորվում։




