
Հինգշաբթի հազարավոր ցուցարարներ քայլել են կենտրոնական Բեռլինով՝ բողոքելով Գերմանիայի կառավարության՝ Ուրկրաինային անդադար զենք տրամադրելու դեմ։
Նրանք քննադատել են նաև արևմտյան երկրներին՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններն ավելի բորբոքելու համար։
Հանրահավաքը համընկել է Գերմանիայի Միասնության Օրվա հետ, սակայն մռայլ տրամադրությամբ է անցել։ Մասնակիցները քաղաքի միջով երեք ուղղություններով են քայլել՝ դեպի Թիըրգարթն պարկ՝ միասնական կոչ անելով դիվանագիտական լուծում տալու համաշխարհային հակամարտություններին։
Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել խաղաղության հասնելու հարցում Միացյալ Նահանգների և Եվրամիության «անգործության» առնչությամբ։ «Հիմա մենք տեսնում ենք, որ ամերիկացիներն իրապես չեն պաշտպանում խաղաղությունը, չենք տեսնում, որ Եվրամիությունը հզոր է և խաղաղության պահպանման հարցում լուրջ դիրք է գրավել։ Այստեղ՝ ցույցի ժամանակ ամենաշատը խոսվեց զենքի տրամադրման մասին։ Մարդիկ ասում են, ինչ էլ որ մենք անենք, որպես երկիր, Գերմանիան պետք է դադարեցնի զենքերի տրամադրումը։ Սա օրինական չէ», – ասել է ցուցարար Ուլրիկա Գերոտը։
Վերջին տարիներին սաստկացող հակամարտությունները և դրանց ցնցումնալից ազդեցությունը զգալի հետք են թողել Գերմանիայի հասարակության և տնտեսության վրա՝ ողջ երկրով բազմաթիվ բողոքի ցույցերի պատճառ դառնալով։
Ցուցարարներն արևմտյան և հակամարտությունների մեջ ներքաշված ազգերին հորդորում են անհապաղ դիվանագիտական լուծումներ տալ ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Մեկ այլ ցուցարար՝ Ռայնըր Բրաունը բացականչել է․ «Մենք ցանկանում ենք վերջ դրվի աշխարհի պատերազմներին, իսկ հետո մեզ բանակցություններ, հրադադար և դիվանագիտություն են պետք լինելու։ Վերջ տվեք սպանելուն, այդ բոլոր ավերածություններին»։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի։




