
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Մոսկվա կինոթատրոնում այսօր տեղի կունենա գրող, բանաստեղծ Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը։ Գրքի մասին Վահրամ Սահակյանը չի սիրում խոսել, նախընտրում է, որ դրա մասին խոսեն ընթերցողները: Այն ամեն ինչի մասին է, ասում է։ Իսկ թե ինչի մասին է Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպանները» կարող են իմանալ նրանք, ովքեր ներկա կլինեն շնորհանդեսին ու կկարդան գիրքը:
Վարձու ինքնասպաններ. այսպես է կոչվում Վահրամ Սահակյանի նոր ստեղծագործությունը: Արձակագիրն իր նոր վեպը ընթերցողի դատին կներկայացնի այսօր: Գրքի վրա հեղինակն աշխատել է շուրջ 4 ամիս: Այն գրված է առաջին դեմքով, բայց ինչպես «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց Վահրամ Սահակյանը, «Ես» դերանուն վեպում չկա: Որքան էլ փորձի գիրքը բանավոր ներկայացնել, չի հաջողվի, մի տեսակ մակերեսային դուրս կգա: Գիրքը պետք է կարդալ, ասում է հեղինակը:
Թե ովքեր են վարձու ինքնասպանները, հեղինակը դժվարանում է հստակ պատասխանել: Բոլոր պատասխանները կստանա ընթերցողը՝ վեպը կարդալուց հետո:
Վահրամ Սահակյանը, ի դեպ, շատ է բարկանում, երբ փողոցում մոտենում են իրեն և հիշեցնում հին ստեղծագործությունների, հումորային հին դրվագների մասին: Չի կարելի ապրել անցյալով, ցանկացած ստեղծագործող պետք է նախևառաջ ապրի իր ժամանակաշրջանում, ասում է գրողը: Այսպիսով` այսօր երեկոյան Վահրամ Սահակյանը հրավիրում և սպասում է բոլորին Մոսկվա կինոթատրոնում։:




