
Երևանի 1 մլն բնակչից 750 հազարը գլխացավ ունի, իսկ Հայաստանում գրեթե չկա ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը գլխացավի պատճառով բժշկի դիմած չլինի՝ սեփական գնահատումներն է ներկայացնում «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը և ընդգծում՝ գլխացավի բոլոր տեսակները ճանաչող մասնագետները, սակայն, հատուկենտ են․
«Մեր ախտորոշումները լավագույն դեպքում սահմանափակվում են միգրենով, վերջին տարիներին՝ նաև լարվածության տիպի գլխացավերով։ Սակավաթիվ մասնագետներ են, որ տիրապետում են գլխացավերի իրական դասակարգմանը և դասակարգիչներին, իրական՝ միջազգայնորեն ընդունված ախտորոշումներին, իսկ այդ ախտորոշումների թիվը գերազանցում է 200-ը»։
Գլխացավերով զբաղվող հայ բժիշկներից միայն մեկն ունի այս ոլորտում միջազգային չափանիշերին համապատասխան դիպլոմ։ Հայաստանը զգալիորեն հետ է մնացել աշխարհից, չունի գլխացավերի վարման առանձին կենտրոններ՝ հակառակ ամենատարածված հիվանդության՝ գլխացավերի ավելացմանը՝ ասում է Ավետիսյանը։
«Առողջապահության պահպանման առաջնային օղակում թերապևտին, ընտանեկան բժշկին, տեղամասային նյարդաբանին ամեն տասը պացիենտից 7-ը դիմում է ցավի գանգատով, դրանց ուղիղ կեսը և ավելին գլխացավերն են։ Եթե մենք չենք տիրապետում դասակարգիչներին, բոլորի անունը դնելու ենք գլխացավ և վերջացնենք։ Միևնույն պացիենտին կամ երկու տարբեր ախտորոշումների դեպքում չի կարելի նույն դեղորայքը նշանակել, խնդիրները բազմաթիվ են»։
Որպեսզի գլխացավը ճիշտ ախտորոշելն այլևս գլխացավանք չլինի ոլորտում, «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ն, Երևանի քաղաքապետարանը և Eventure Global ընկերությունը կազմակերպել են գլխացավերի մասին իրազեկման արշավ՝ նվիրված գլխացավի տեսակների դասակարգման մասնագետ, դանիացի պրոֆեսոր Յես Օլեսենին։
Վերջինը հեղինակել է գլխացավի տեսակների դասակարգման, դրանց բժշկագիտական նկարագրի ու բուժման մասին 33 գիրք ու 400-ից ավելի գիտական աշխատություն, 3 միջազգային ամսագիր։ Պրոֆեսորը հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում կլինի, շուրջ 1000 հայ բժշկի մասնակցությամբ մարզահամերգային համալիրում անցկացվելիք գիտաժողովին կկիսվի մասնագիտական փորձառությամբ։ Գիտաժողովին մասնակցել ցանկացող բժիշկների առնվազն 40 տոկոսը մարզերից են և Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական բոլոր կազմակերպությունններից։ Կազմակերպիչներն ասում են՝ այսպիով նոր լիցք կհաղորդեն նաև մարզային պոլիկլինիականերին։ Գիտաժողովին կզուգորդի առողջապահական էքսպո։
Ավետիս Ավետիսյան. «Սրա մեջ խորհրդանշական մեծ իմաստ կա, որպեսզի նա էլ մեր ձեռագրերի, բժշկագիտության ակունքների այդ օթյակից իր մամուլի ասուլիսը տա, որտեղ ամբողջ աշխարհի առջև խոսելու է գլխացավերի կարևորությունից»։
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Օլեսենի մասնակցությամբ տեղի կունենա միջազգային գիտաժողով։ Հայաստանի բժշկական հաստատություներից 1000 բժիշկ կմասնակցի։ Արշավի համակազմակերպիչն ու գլխավոր գործընկերը քաղաքապետարանի Առողջապահության վարչությունն է։
Վարչության պետ Դավիթ Կարապետյան․ «Ներկայացված են լինելու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական բոլոր կազմակերպություննները, արդեն իսկ մոտ 500 բժիշկ մասնակցության ցանկություն է հայտնել կազմակերպվող գիտաժողովին, որոշ կազմակերպություններ մասնակցելու են նաև կազմակերպվող առողջապահական էքսպոյին»։

Գիտաժողովին կզուգորդի առողջապահական թեմայով էքսպո։ Այն ձևի ու բովանդակության մեջ ամենամասշտաբայինն է լինելու։ Էքսպոյի կազմակերպիչ Eventure Global ընկերության տնօրեն Արմեն Նիազյանն ասում է՝ առաջին անգամ բժիշկները կգան քաղաքացիների մոտ՝ առանց վերջինների գանգատների կամ առողջական խնդիրների․
«Մենք սովոր ենք մշտապես գնալ հիվանդանոց, գնալ բժշկական կենտրոն, երբ սթրեսային վիճակում ենք և արագ ստանալ հարցերի պատասխան։ Այս ցուցահանդեսով փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր է հանդիպեն քաղաքացին և բժիշկը և ոչ սթրեսային պայմանններում, այլ ուղղակի ծանոթանան, և ընդհանուր առմամբ տեսնենք Հայաստանում առողջապահական պատկերը, ի՞նչ բժշկական կենտրոններ կան, ի՞նչ ծառայություններ կան»։
Հանրությանը կներկայացվի նաև հայ բժիշկների և Յես Օլեսենի հեղինակած «100 հարց գլխացավերի մասին» առաջին հայալեզու թեմատիկ գիրքը, կպարգևատրեն ոլորտի լավագույնները։ Ավետիս Ավետիսյանն ասում է՝ երկօրյա գիտաժողովը ոչ միայն բեկումնային կլինի ոլորտի զարգացման համար, այլև պետական մարմինների, միջազգային կատույցների ու մասնագիտական ասոցիացիաների միջև համագործակցության կարևոր նախադեպ կլինի․
«Մեր ասոցիացիայի կարգախոսն է՝ ինքնակրթվելով հաղթահարենք ցավը, բայց ինքնակրթվելը բավարար չէ, տեսական գիտելիքները պետք է վերաճեն պրակտիկ՝ գործնական հմտությունների և պետք է սկսենք ոչ թե մրցել, այլ համագործակցել»։
Գիտաժողովին մասնակցել ցանկացող բժիշկների առնվազն 40 տոկոսը մարզերից են, կազմակերպիչներն ասում են՝ այսպիով նոր լիցք կհաղորդեն նաև մարզային պոլիկլինիականերին։ Գիտաժողովի բացման և փակման արարողությունները կուղեկցվեն ֆիլհարմոնիկի կատարումներով։ Թեև թեմատիկ ցուցահանդեսը և միջագային գիտաժողովը 2 օր կտևեն, գլխացավերի մասին տարբեր հարթակներում իրազեկման արշավները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 17-ը։




