ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղություն կհաստատվի, երբ Երևանում ու Բաքվում ռազմական ուժի հավասարակշռություն լինի․ քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին։

Փորձագետների համոզմամբ՝ ռազմաստրատեգիկան հարցերն առաջնային կլինեն հանդիպումների ժամանակ, թեև գուցե այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում հիշատակում չլինի։

Տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռության պայմաններում Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելը ամենակարևոր հանգամանքն է այսօր, որ պետք է շեշտել հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին խոսելիս՝ ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Բավականին կարևոր հանգամանք է, որ Հայաստանը ստանում է առաջադեմ, ավելի արդիական զենքեր Արևմուտքից։ Բնականաբար, ֆրանսիական զենքերն ու սպառազինությունը համեմատած այն գների հետ, որոք Հայաստանը սովորաբար ձեռք է բերել սպառազինություն, արժեքային իմաստով թանկ է, բայց եթե համեմատելու լինենք դրանց ֆունկցիոնալ կարողությունները, չափազանց կարևոր է հատկապես ՀՀ ԶՈՒ արդիականացման տեսանկյունից։ Այս համագործակցությունը նաև հնարավորություն է ՀՀ համար դիվերսիֆիկացված սպառազինության ներկրման, ինչը չափազանց կարևոր է այնպիսի պետությունների համար, որոնք գտնվում են պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում»։

Բացի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին մասնակցելուց Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը համոզված է, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկման թեմա կլինի ռազմական համագործակցության հարցը․

«Այն, որ ռազմական համագործակցության մասին խոսք կլինի, ես առավել քան վստահ եմ, դրա մասին բազմիցս ակնարկ եղել է, ավելին, որոշ սպառազինություն և զինտեխնիկա մենք, ըստ պաշտոնական տվյալների, արդեն ձեռք բերել ենք Ֆրանսիայից։ Կարծում եմ՝ ունենք պոտենցիալ՝ ընդլայնելու ռազմաստրատեգիական հարաբերությունները, ավելի բարձր մակարդակի հասցնելու, կարծում եմ՝ պատեհ առիթը ընձեռվել է, հետկուլիսային պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»։

Միջազգայնագետը, սակայն նկատում է, որ եթե անգամ պայամանվորվածություններ ձեռք բերվեն, դրա մասին անգամ հիշատակում գուցե չլինի պաշտոնական հաղորդագրություններում։ Ռազմական համագործակցության հույժ գաղտնիության մասին շեշտում է նաև քաղաքագետ Արա Պողոսյանը, քանի որ դրա մասին բարձրաձայնելը կարող է մրցավազքի հիմք տալ Ադրբեջանին։ Նման օրինակի ականատես եղանք հնդկական զենքի Հայաստան մատակարարումներից հետո։ Ըստ այդմ, գաղտնիությունը այս հարցերում բխում է մեր շահերից, ասում է Արա Պողոսյանը։

«Իրական խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել այն պարագայում, երբ Բաքուն համոզված կլինի, որ այլևս ուժային մեթոդներով Հայաստանին հնարավոր չէ հարկադրել զիջումներ, ինչը կմղի Բաքվին իրապես խաղաղության մասին մտածելու»։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին ուղիղ մեկ տարի առաջ, ինչին հաջորդեցին ֆրանսիական «Բաստիոններ» Հայաստան տեղափոխելու մասին տեղեկությունները։ Չորս ամսի առաջ էլ ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը գրեց Հայաստանին ֆիանսիական հաուբիցներ մատակարարելու մասին։ Այնուհետև «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի մասին նշվեց և ոչ միայն։

Նշվեց, որ Հայաստանին հրթիռներ ու ռադարներ են մատակարարելու։ Ադրբեջանն այս համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում, անգամ որոշակի գործընթացներ է սկսել Փարիզի դեմ․ «Բաքվում ստեղծվել է «Բաքվի նախաձեռնությունների կենտրոնը», որի նպատակը ֆրանսիական տիրույթներում սեպարատիստական տրամադրություններ ու շարժումներ առաջացնելն է, որով նպատակ կա խարխլել Ֆրանսիայի ներքին կայունությունը։ Եթե այլ կերպ ասենք, Բաքուն փորձում է հիբրիդային պատերազմ վարել  Ֆրանսիայի դեմ։ Եթե այս ամենը համադրենք, ստացվում է, որ Ֆրանսիան Հայաստանի հետ հարաբերությունների առավել արժևորման փուլում է, որտեղ սեփական շահերը հաճախ համադրում է ՀՀ հետ։ Սա, ես կարծում եմ՝ բավականին կարևոր հանգամանք է»։

Վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ճնշումների և տարածքային պահանջների պայմաններում։ Այս ձևակերպման համար Բաքուն մեղադրանքների հերթական տարափը տեղաց Ֆրանսիայի հասցեին, մոռանալով Թուրքիայի հետ բազմաթիվ զորավարժություններ անցկացնելու ու սեփական բանակը զինելու մասին։

Կարդացեք նաև

Back to top button