
174 դիմում աշխարհի 26 երկրի 91 քաղաքից: Ամենաշատ դիմումները ԱՄՆ-ից են՝ 60 դիմում: «Ուժեղ Սփյուռք» ծրագրին ներկայացրեծ ամենաշատ նախագծերը եղել են կրթության ոլորտում, որին հաջորդում է մշակույթը, երրորդ տեղում համագործակցության ցանցեր՝ Network-ներ ստեղծելուն են վերաբերում։ Հաղթող է ճանաչվել 10 նախագիծ։ «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համանախագահ Նուբար Աֆեյանն ասաց, որ այս դրամաշնորհների միջոցով փորձելու են հզորացնել Սփյուռքը և ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ։
«Այս քայլով մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն հայերին, որոնք միշտ ակտիվ ու նվիրական աշխատանք են տանում Սփյուռքում և հավատարիմ են մնում իրենց արմատներին ու ժառանգությանը: Օգնելով այս հայերին՝ մենք հույս ունենք ավելի պայծառ ապագա կառուցել Հայաստանի և մեր համայնքների համար»։
«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը մեկնարկել է 2023 թ.` նպատակ ունենալով դրամաշնորհների միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը, հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը։ Կապ ստեղծել Սփյուռքի ու Հայաստանի միջև, աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջև փոխգործակցությունը:
Հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյան․ «Ուրախ եմ, որ որոշ առաջարկներ ներկայացվել էին ծագումով ոչ հայերի կողմից, օրինակ` մի երիտասարդ Սինգապուրից ներկայացրեց ծրագիր, որը հարավ-արևելյան Ասիայում և Սինգապուրում հայկական հետքերն էր ուսումնասիրում, մյուսը՝ Թուրքիայում տարիներ առաջ անգլերեն դասավանդող մի երիտասարդ էր, որը երիտասարդ հայերի էր հանդիպել հեռավոր գյուղերում: Նա էլ մի ծրագիր առաջարկեց: Եվ մի ներշնչող դիմում եկել էր ավելի քան 60 տարեկան մի կնոջից՝ Իրաքից, որը սովորել էր ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում, ՆԱՍՍԱ-ում բարձր դիրքեր էր գրավել, որից հետո տեղափոխվել էր Հայաստան իր ամուսնու հետ: Հիմա նրանք աշխատում են երիտասարդների հետ, իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում, իրենց նպաստը բերելով Հայաստանի զարգացմանը»:
Նուբար Աֆեյանն ասում է՝ հաճախ են իրենց քննադատել, որ հիմնադրամի ծրագրերը հենված են երևակայության վրա։
«Միշտ քննադատել են, թե ինչու եք աշխատում ապագային միտված, երբ այստեղ այս պահին պրոբլեմներ կան, եկեք ձեր փողը դրեք ներկա պրոբլեմների վրա: Մենք միշտ ասել ենք, որ մենք չենք զանազանում ներկան ու ապագան, երկուսին էլ օգնում ենք: Մեր կարծիքով՝ անհնար է ներկան ու ապագան իրար թշնամի դարձնել»:
«Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհ ստացած նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսում՝ մինչեւ 2026 թ. գարունը:
«Հայաստանի կառավարության հետ միշտ էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Գտել ենք ձևը իրենց հետ համագործակցելու՝ անկախ իրենց մտածելակերպից, մոտեցումներից, երբմեն էլ մեր ծրագրերի հանդեպ կասկածներից: Յուրաքանչյուր ծրագիր զարգանալու համար շատ կարևոր է, որ կառավարության հետ համագործակցի»:
Նւոբար Աֆեյանը նաև վստահություն հայտնեց, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններն իսկապես կարգավորվեն ու խաղաղություն տիրի, ավելի շատ ներդրողներ կգան երկիր։




