
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ, անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ հետ համագործակցությանը։
Վարշավայում ՀՀ արտգործնախարարը նաև հարցազրույց է տվել ու միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ներկայացրել խաղաղության պայմանագրի չստորագրման իրական պատճառների մասին, տեղեկացրել է նաև, որ Բաքուն խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին և հավակնություններ արտահայտում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, պատասխանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին հարցին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չի կարող ողջունել որևէ հակամարտություն․
«Հույս ունենք, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։ Եթե գիտեք քաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում՝ մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Իհարկե, մենք անհանգստացած ենք, երբ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում»։
Արարատ Միրզոյանը խոսել է Արցախից բռնի տեղահանվածների մասին և նշել, որ 2-3 օրում ավելի քան 100 000 փախստական ընդունելը մեծ մարտահրավեր է աշխարհի ցանկացած երկրի կառավարության համար։
«Դիմել ենք նաև միջազգային հանրության օգնությանը և գնահատում ենք բոլորի աջակցությունը։ Այժմ հաջորդ փուլի ժամանակն է, երբ պետք է հոգալ նրանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները։ Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ եթե չկա հնարավորություն, որ այս մարդիկ վերադառնան իրենց տները, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն և մնան Հայաստանում»։

Այս համատեքստում նա ընդգծել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հստակեցրել, որ անգամ դրանից հետո ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ շատերն այս իրավիճակում սկսեցին կասկածի տակ դնել ժողովրդավարության արդյունավետությունը և շեշտել անվտանգության հարցերը․
«Լավ, ժողովրդավարությունը գուցե լավ է մարդկանց բարեկեցության համար, բայց արդյոք այն ի զորո՞ւ է ապահովել նաև անվտանգությունը»։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Արարատ Միրզոյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում և ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից հետո դժգոհություններ կան Մոսկվայից, և Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է առաջնահերթություն լինի, իսկ այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Նկատի ունեմ, որ սա հասարակ հարց չէ»։
Խաղաղության օրակարգի մասին ևս հարց հնչեց, որին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ Երևանն ադրբեջանական կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման քաղաքական կամք չի տեսնում։
«Պատկերացրեք, որ մի իրավիճակում ենք, որ տեքստը գրեթե ամբողջությամբ պատրաստ է, բայց չի ստորագրվում։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը»։
ՀՀ արտգործնախարարը միջազգային հանրությանը նաև տեղեկացրեց, որ Բաքուն խոսում է մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ չթաքցնելով իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Իրական հնարավորություն կա փակելու մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և բացելու խաղաղության և համագործակցության էջը։ Բայց, այո, իրականությունը բոլորովին այլ է»։
Արարատ Միրզոյանը խոսել է նաև Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումների ու հայ-թուրքական սահմանը բացելու հավանականության մասին։ Նա ներկայացրել է Անկարայի առաջ քաշած նախապայմանը, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն միայն Ադրբեջանի հետ առկա խնդիրները լուծելուց հետո։




