ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Իրանի հարվածները Իսրայելի ռազմական օբյեկտներին նոր փուլի սկիզբ են Մերձավոր Արևելքում

Ի՞նչ զարգացումների կհանգեցնեն Մերձավոր Արևելքում Իրանի հրթիռային հարվածները Իսրայելի ռազմական օբյեկտներին։ Թեհրանը այս գործողությունը ներկայացրեց որպես ինքնապաշտպանության քայլ՝ ընդգծելով, որ Իսրայելի հնարավոր պատասխանին կհետևի էլ ավելի հուժկու արձագանք։ Փորձագետների կարծիքով՝ Թեհրանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է գնալ էսկալացիայի, եթե դա անհրաժեշտ լինի իր շահերը պաշտպանելու համար։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Հրթիռակոծության թիրախներ են եղել երեք ավիաբազաներ, տանկերի և զրահամեքենաների տեղակայման վայրեր։ Իրանի գլխավոր շտաբի պետը հայտարարել է՝ այս հարվածները պետք էր իրականացնել՝ կանխելու Իսրայելի շարունակական սադրանքները։ Իսկ Թել-Ավիվը իր հերթին հայտարարել է, որ Իրանի գործողությունները անպատասխան չեն մնա, քանի որ Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը։

Վերջին մեկ-երկու տարում Իսրայելը տպավորություն էր ստեղծել, որ իր ունակություններն անգերազանցելի են, իսկ Իրանի կողմից հայտարարված գործողությունները զրո հաջողություն են ունենում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Իրանն այս անգամ ցուցադրեց իր ռազմաքաղաքական կարողությունները՝ արձակելով հրթիռներ, թիրախավորելով ռազմավարական կարևոր օբյեկտներ Իսրայելի ներսում։

«Հիմնական արդյունքը կարելի է արձանագրել, որ Իրանն ապացուցեց, որ «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանությունն այդքան էլ իդեալական չէ, և կարելի է ճեղքել նախապես լավ ծրագրված գործողություն կազմակերպելով։ Սա շատ մեծ շրջադարձ է նաև քաղաքական առումով, նաև կողմերի վստահությունները միմյանց նկատմամբ գործողություններ ձեռնարկելու բալանսավորելու տեսանկյունից»։

Իսրայելը կփորձի վերականգնել նախկին բալանսը, որը շահեկան էր իր համար, հավելեց Հովհաննիսյանը, սակայն, ըստ նրա, փաստն արդեն կայացած է՝ Իրանն ապացուցեց, որ ընդունակ է անելու այն, ինչ ասում է։ Թեպետ, ռազմական փորձագետի խոսքով, դժվար է հիմա ասել, թե դա ինչ գնով էր և ինչ հետևանքներ դեռ կլինեն։

Իրանի այս հարվածները միջազգային իրավունքի տեսանկյունից բազմաշերտ են։ Ըստ որոշ փորձագետների՝ Թեհրանը ներկայացնում է իր գործողությունները որպես ինքնապաշտպանության օրինական իրավունք՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը վկայակոչելով։ Բայց հաշվի առնելով, որ տարածաշրջանում արդեն իսկ լարված իրավիճակ էր, նման գործողությունները կարող են խստորեն քննադատվել միջազգային հանրության կողմից։ Միջազգային իրավունքի շրջանակներում, ինքնապաշտպանության իրավունքը կիրառվում է միայն, երբ կա անմիջական սպառնալիք, ինչը կարող է բարդացնել Իրանի դիրքորոշումը՝ նկատում են փորձագետները։

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ընդգծում է, որ այս հարվածների հետևանքները կարող են դուրս գալ Իսրայելի և Իրանի փոխհարաբերությունների շրջանակներից՝ կախված Իսրայելի արձագանքից և ԱՄՆ դիրքորոշումից։

«Այս պահին եղած իրողությունների փորձագիտական գնահատականը ցույց է տալիս, որ որոշակի պատասխան Իսրայելի կողմից, այնուամենայնիվ, կլինի, բայց դա չի լինի այնպիսի մասշտաբի, որը վերածվի տարածաշրջանային պատերազմի, կամ Իրան-Իսրայել պատերազմի, որովհետև այս պահին գոնե, իմ գնահատմամբ, Իսրայելը հակված է իր համար շատ ավելի կենսական խնդիրների լուծման գնալու, կամ շարունակելու այդ քաղաքական ուղեգիծը, քան ուղիղ առճակատման մեջ մտնելն է Իրանի հետ։ Չնայած դա էլ Իսրայելի ռազմավարական նպատակներից է, բայց այս պահին շատ ավելի կարևոր խնդիր ունի լուծելու Լիբանանում»։

Պետրոսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն նույնպես այս պահին հակված չէ այս տարածաշրջանում մեծ պատերազմի, քանի որ նախ՝ առջևում նախագահի ընտրություններն են, բացի այդ ԱՄՆ-ի համար ավելի կարևոր ռազմավարական խնդիր է ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդուհանդերձ, Իրանին իսրայելական պատասխան լինելու է։ Այս կարծիքին է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը.

«Շատ հնարավոր է, որ մենք պատասխանը կամ չտեսնենք, կամ սահմանափակ ինչ-որ գործողություն տեսնենք, որը նրանք կանվանեն «հուժկու» հարված Իրանի նկատմամբ, և այսքանով այս միջադեպը ավարտվի։ Թեև՝ Իրանն արդեն հայտարարել է, որ եթե պատասխան լինի Իսրայելի կողմից, ապա շատ ավելի մեծ հարված նրանք կհասցնեն»։

Նախորդ նախադեպն է հիշեցնում փորձագետը, որով իրավիճակը հանդարտեցվեց։ Բոլոր դեպքերում, փորձագետների համոզմամբ, այս գործողությունների արդյունքում Մերձավոր Արևելքում նոր լարվածության փուլ է սկսվում։ Թեհրանը միաժամանակ զգուշացրել է, որ Իսրայելի պատասխանը կհանդիպի ավելի հուժկու հարվածների։

Մինչ այդ, Իսրայելն էլ նախապատրաստվում է իր պատասխանին՝ ընդգծելով, որ Իրանը խախտել է բոլոր սահմանված գծերը։ Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, փորձում են կանխել հետագա սրացումները և հանդես են գալիս խաղաղ կարգավորման կոչերով։ Սակայն, ներկա փուլում, թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը կարծես պատրաստ են դիմակայության։

Կարդացեք նաև

Back to top button