ԿարևորՀասարակություն

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն՝ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Հոկտեմբերի 1-ին Փարիզում Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում կատարվել է հիշատակի արարողություն՝ նվիրված Շառլ Ազնավուրին։ Նրա մահվան 6-րդ տարելիցի օրը նրա ընկերներն ու հարազատները հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու սիրելի հորը, ընկերոջը, մեծ արտիստին:

Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, արարողությունն ավարտվել է աղոթքով՝ նվիրված Բաքվում պահվող հայ գերիներին:

Խորհրդանշական է, որ աղոթքը հնչել է հենց այդ օրը, քանի որ Ազնավուրը ոչ միայն բացառիկ արտիստ էր, այլև հումանիստ և մարդու իրավունքների պաշտպան:

1989 թվականին հենց նրա ջանքերի շնորհիվ են ազատ արձակվել Հայաստանի անկախության համար պայքար մղող՝ «Ղարաբաղ» կոմիտեի մտավորականները. Ազնավուրը նրանց ձերբակալությունից հետո մեկնել էր Մոսկվա, և նրա բանակցության արդյունքում խորհրդային բանտում պահվող 13 անդամից 12-ն ազատ են արձակվել։

Եկեղեցու արարողությունից հետո Նիկոլա Ազնավուրը նշել է. «Հայրս միշտ պայքարում էր արդարության համար: Ցավոք, նա այլևս մեզ հետ չէ, բայց մենք համոզված ենք, որ նա այժմ էլ կդառնար հայ գերիների իրավունքների համար պայքարի առաջամարտիկն ու կաներ ամեն ինչ, որպեսզի նրանք վերադառնան հայրենիք ու վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»:

Կարդացեք նաև

Back to top button