ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմը մասնագետներով համալրման կարիք ունի

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներում հաճախ թիրախավորվում են երեխաները, որոնք երբեմն գործիք են դառնում ծնողների կամ նրանց հարազատների ձեռքին:  Այդ ընտանիքներին առաջին ձեռք մեկնողը և երեխայի լավագույն շահը որոշողը համայնքապետարաններում  գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն են: Մասնագետները, հետևելով հանձնաժողովների  աշխատանքին, մի շարք խնդիրներ են նկատել, որոնց մասին պատմել են «Ռադիոլուր»–ին: Խնամակալության և հոգաբարձության մարմնի, հանձնաժողովների աշխատանքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը և մի շարք առաջարկներ ներկայացրել։

Խնամակալության և հոգաբարձության մարմինները, օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորութունների շրջանակում, ապահովում են երեխաների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը: Դրանք գործում են համայնքապետարաններում։ Համայնքների ղեկավարններին կից հանձնաժողովներում ընդգրկվում են համայնքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովների աշխատանքն անարդյունավետ է` ասում է «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյանը:

«Տարիների աշխատանքային փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ առնչվել ենք նաև խտրական մոտեցումների և ոչ անաչառ գնահատականների: Ուղղակի հանձնաժողովը ձևավորվել է, վերահսկող մարմին չկա, դրա համար էլ ունենք այսպիսի բացթողումներ»:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները գործում են հասարակական հիմունքներով և հաճախ կողմնակալ  մոտեցում են ցուցաբերում ընտանեկան վեճերի լուծմանը: Նույն սկզբունքով են աշխատել նաև  բնակավայրերի խոշորացումից առաջ:

«Բացարձակապես ինձ դուր չի գալիս նրանց հրամայական տոնը մեր շահառուների նկատմամբ: Իրապես անձը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում և հանձնաժողովը պետք է ամբողջովին ապահովի և շահապաշտպան աշխատանք իրականացնի: Այստեղ անաչառությունը պետք է միշտ կենտրոնում լինի, բայց,  ըստ իս, մեր խնամակալության հանձնաժովն այս հարցում կաղում է: Նկատի ունեմ բոլոր հանձնաժողովները»:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ոչ արդյունավետ աշխատանքի  մասին հաճախ  խոսում են նաև իրավապաշտպան կառույցները: «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը բազմաթիվ դեպքերի վերլուծությունից եզրակացնում  է.

«Հայաստանում դեռևս խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները ոչ պրոֆեսիոնալ են, գործում են համայնքապետին կից և համայնքի ղեկավարը տարրական գիտելիքներ չունի ընտանեկան բռնության,  և հատկապես երեխայի իրավունքների, երեխայի լավագույն շահի վերաբերյալ: Եվ հաճախ նրանք կայացնում են որոշումներ, որոնք կարող են ճակատագրական նշանակություն և ազդեցություն ունենալ մարդու կյանքի վրա»:

Ընտանեկան անհաշտությունների հետևանքով տուժած երեխաները  հաճախ հայտնվում են ծնողներից մեկի  և նրա հարազատների հոգեբանական ծանր ներգործության տակ, որտեղ մնալը չի բխում երեխայի լավագույն շահից: «Ռադիոլուրի» զրուցակիցը, որ չի ցանկանում ներկայանալ,  պատմում է ՝  ամուսինն ու նրա ծնողները ավագ որդուն արգելել են շփվել իր հետ.

«Երեխան ինքն էլ չէր պատկերացնում, հիմա հեռախոս ունի, զանգում եմ, կանչում, գալիս է ինձ մոտ: Մի ընթացքում ոչ մի շփում չկար: Երբ եկել էր, ասում էր՝ մամ, Աստված էի կանչում, թե մամաս երբ պիտի գա, Աստված ջան, թող իմ մաման գա, ախպերս գա: Էն սկզբից առհասարակ չէր գալիս, արգելում էին՝ մի գնա, քեզ կբռնի, կտանի, չգիտես ինչ կանի… »:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների արձանագրությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Մարմինը որոշում է կայացնում խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքով՝ թվացյալ հաշտեցման հիման վրա: «Կանանց աջակցման կենտրոն» հասրակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն է նկատել.

«Հատկապես փոքր համայնքներում կարծես թե տղամարդու ընտանիքը միշտ լինում է ավելի զորեղ, ավելի մեծ կապերով համայքի ղեկավարության հետ և կարողանում են ազդել որոշումների վրա՝ ի վնաս երեխայի: Նաև չվճարված աշխատանք կատարելը  իրենց թույլ է տալիս գնալ թե կոռուպցիոն ռիսկերի, թե ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, և թե ավելի շատ ծանոթների ու բարեկամների ազդեցության ներքո որոշումներ կայացնել, քան մասնագիտական կարողությունների և մասնագիտական գնահատման արդյունքում»:

Նույն կարծիքին է նաև  «Երիտասարդական ավանագարդ» հ/կ-ի ղեկավար, սոցիալական աշխատող Սուսաննա Մատինյանը: Դեպքի քննարկման ընթացում տունայցի ժամանակ նկատել է հանձնաժողովի կողմանակալ գնահատականը:

«Մենք այցելեցինք ու տեսա այն, ինչը չէր համապատասխանում մյուս արձանագրություններին: Այս դեպքեւմ շատ կարևոր է տունայցերը, նկատել անգամ փոքր դետալները, որը որպես մասնագետ կարող ես հաշվի առնել ու զետեղել արձանագրություններում՝ ի օգուտ շահառուի»:

Խնամակալության և հոգաբարձության մարմնի, հանձնաժողովների աշխատանքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը և  առաջարկել  հանձնաժողովների կազմում ներգրավել  վճարովի հիմունքներով աշխատող մասնագետների, այդ թվում՝ հոգեբան, մանկավարժ և սոցիալական աշխատող: Արմավիրի մարզում հանձնաժողովի կազմը համալրվել է Արմավիր համայնքում, իսկ Մեծամորում հիմնականում ընդգրկված են համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի աշխատակիցները: Մեծամորի համայնքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Բադալյան.

«Մեր հանձնաժողովը կազմված է 9 անդամից՝ հասարակական կազմակերպությունից կա ներկայացուցիչ, ավագանու անդամ ու արդեն համայնքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչներ»:

Հանձնաժողովների աշխատանքը շարունակում է մնալ անվճար: ՄԻՊ-ն առաջարկվել է նաև միջոցներ ձեռնարկել հանձնաժողովի անդամների մասնագիտական կարողությունների զարգացման  ուղղությամբ՝ պարբերաբար  և պարտադիր վերապատրաստումների միջոցով: Առաջարկներից մյուսն էլ հանձնաժողովի անդամների կրթական որակավորման շեմի ու մասնագիտական կրթության հստակ պահանջների սահմանումն է, նաև՝ հանձնաժողովների անդամների վարքագծի կանոնների վերանայումը:

Կարդացեք նաև

Back to top button