
Իսրայելի բանակը հայտարարել է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող Հեզբոլլահի օբյեկտներին՝ նշելով, որ իր օպերատիվ կարողությունները չեն տուժել Իրանի հրթիռային հարվածներից:
Չորեքշաբթի վաղ առավոտյան Բեյրութում պայթյուններ են հնչել, որոնց կրակն ու ծուխը տեսանելի են եղել քաղաքի երկայնքով, իսրայելական զինվորականները հաստատել են, որ իրենց հարվածների թիրախում Հեզբոլլահն է:
Ավելի վաղ Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակիչները զգուշացվել էին տարհանման անհրաժեշտության մասին: X-ում հրապարակված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրեյը արաբերենով զգուշացրել էր բնակիչներին, որ նրանց տները գտնվում են «Հեզբոլլահին պատկանող օբյեկտների մոտ»:
Իսկ երեքշաբթի գիշերն Իրանը առնվազն 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Հրթիռների նարնջագույն փայլը տարածվել է Իսրայելի գիշերային երկնքում, երբ հնչել են օդային ռմբակոծության ազդանշանները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի հարձակման համար՝ այն անվանելով «մեծ սխալ»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իսրայելական օդուժի օպերատիվ կարողությունները չեն տուժել Իրանի հրթիռային հարվածներից, և գիշերվա ընթացքում ավելի շատ հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում ։
«Օդային ուժերը շարունակում են ամբողջությամբ գործել, և այս գիշեր այն կշարունակի հզոր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքին», — ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Հագարին հավելել է, որ Իսրայելը կշարունակի հետապնդել Հեզբոլլահի հրամանատարներին և բոլոր նրանց, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին։
Թեհրանում կառավարության կողմնակիցները երեքշաբթի երեկոյան տոնել են Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ ՝ ծածանելով Իրանի, Լիբանանի և Հըզբոլլահի դրոշները և ձեռքներին պահելով Հեզբոլլահի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի դիմանկարները: Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին մարդիկ նույնպես տոնել են հարձակումը:
Մինչ Իրանի հարձակումը, Իսրայելը վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավերիչ հարվածներ էր հասցրել Լիբանանին:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածները Լիբանանում ավելի քան 1000 մարդու կյանք են խլել, որոնցից գրեթե մեկ քառորդը կանայք և երեխաներ են:
Հարյուր հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։




