
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ Կառույցից հայտնում են, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Դրանից առաջ էլ Ադրբեջանի գլխավոր դատախազն էր հաղորդել, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում հոդվածով։ Նա նաև հայտարարել էր, որ նախաքննության ավարտից հետո սկսվել է նյութերին ծանոթանալու գործընթացը, որը կարող է երկար տևել։ Փորձագետները նշում են, որ Բաքուն «հայելային դիվանագիտություն» է իրականացնում՝ անելով այն գործողությունները, որոնք պետք է իր նկատմամբ ձեռնարկվեին։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Ալիևի խոսքով՝ մեղադրյալների պաշտպանությունն իրականացվում է մի քանի փաստաբանի կողմից, ինչը, նրա կարծիքով, կարող է զգալիորեն դանդաղեցնել գործընթացը։ Նա նշել է, թե մեղադրանքները բավական լուրջ են և ընդգրկում են ո՛չ միայն պատերազմական հանցագործություններ, այլ նաև, մեջբերում եմ, «պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցեր»։
Ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մասնագետները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի հարուցած գործերին մոտենում են կասկածանքով՝ նշելով, որ Ադրբեջանը իրավական գործիքներն օգտագործում է որպես քաղաքական ճնշման միջոց։ Այս տեսակետը բազմիցս կրկնել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի առաջադրած նոր մեղադրանքին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը նկատում է․
«Ամեն դեպքում, այնտեղ ինչ-որ ասելու բան չկա. ամբողջապես շինծու մեղադրանքների մեջ մեկ հատ ավելը կամ պակասը գործընթացի էությունը չի փոխում»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը Բաքվի գործունեությունն այսպես է որակում։
«Սա կոչվում է հայկական սոցիալ-մշակութային տիրույթների նկատմամբ էքսպանսիա։ Նրանց ճշմարտության, նրանց այլընտրանքային իրականության շուրջ, այպես կոչված, «արադարության» վերականգնում հօգուտ Ադրբեջանի»։
Քաղաքական վերլուծաբաններն ու փաստաբանները համոզված են, որ Բաքվի մեղադրանքները շինծու են և Արցախի էթնիկ զտումն ու հայ ժողովրդի հանդեպ իրագործված բռնությունները լեգիտիմացնելու նպատակ ունեն։ Մեղադրանքների հիմքում ոչ թե փաստարկված ապացույցներ են, այլ քաղաքական նպատակներ, որոնք ձգտում են արդարացնել ադրբեջանական իշխանությունների գործողությունները միջազգային հանրության աչքերում։
Ադրբեջանն անում է այն, ինչը պետք է մենք անեինք՝ ասում է միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը։ Իսկ դա միջազգային տերմինաբանությամբ «հայելային դիվանագիտություն» է կոչվում։
«Այն, ինչ որ իրավասություն ուեինք անելու և առաջ տանելու, մենք չենք անում, նրանք են անում։ Փորձում են հայելային իրականություն ստեղծել, որպեսզի պատումների պատերազմում հաղթանակ տանեն։ Որևէ տարօրինակ բան չկա այս հանգամանքում։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը իր պրոակտիվ քաղաքականությամբ, ռազմական գործողությունների տրամաբանությանը հարիր վարք է դրսևորում՝ միտված հայկական քաղաքակրթության դեմ, այդ թվում նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։
Փորձագետները համոզված են, որ սպասվող դատավարությունը կդառնա Բաքվի վարած քաղաքականության մի մասը։ Ուստի կարևոր է, որ միջազգային հանրությունն իրապես հասկանա Ադրբեջանի քայլերի իրական բնույթը՝ դրանք դիտարկելով որպես քաղաքական շինծու գործընթացներ, որոնց նպատակը դիվանագիտական ու քաղաքական հաղթանակներ ձեռք բերելն է։
Այս ֆոնին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում, այսօր քննարկվում է «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացումը» թեման։ Չնայած որոշ պատգամավորների հակառակ դիրքորոշմանը՝ հարցն ընդգրկվել է օրակարգում։
Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ ԵԽԽՎ-ն կոշտ որոշումներ կայացնի Ադրբեջանի նկատմամբ՝ իր շահերից ելնելով։
«Եթե գլխավոր շահառուն իներտ և կրավորական կեցվածք է զբաղեցրել, ապա այս հարցը արդեն կպատկանի շահագրգիռ այլ կողմերի կամքին և նախասիրությանը, նախապատվությանը՝ կախված նրանց շահի գերակայության աստիճանից։ Մենք շահառու ենք, որպես այդպիսին, իներտ և կրավորական վարք ենք դրսևորել այդ դատավարությունների նկատմամբ, հետևաբար՝ բոլոր օգտվողները, ինչքանով որ կցանկանան օգտվել՝ կօգտվեն, բացի մեզանից»։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և առնվազն մեկ տարով նրան հեռացրել ԵԽԽՎ-ից։ Ի պատասխան՝ Բաքուն էլ հայտարարել էր, որ արգելում է մուտք գործել Ադրբեջան ԵԽԽՎ այն պատվիրակներին, որոնք կողմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցմանը։




