
Սոթքի ոսկու հանքավայրում շուրջ 200 մարդ է աշխատում։ Հանքավայրի նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսից, ադրբեջանական կողմի հրետակոծություններից հետո հանքը ժամանակավորապես փակ էր։ Այժմ հանքից ոսկին արդյունահանում են արդեն փակ եղանակով։ Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունը վստահեցնում է, որ նորագույն տեխնոլոգիաներ են ներդրել, որոնց շնորհիվ այժմ ոսկի ավելի շատ են կորզում։
Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է միայն ստորգետնյա շահագործման, այսինքն՝ փակ եղանակով։ 2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արդյունահանումը դադարեցվել էր ադրբեջանական կողմի մշտական կրակոցների պատճառով։ Նախկինում հանքը շահագործվում էր բաց եղանակով։ ՏԿԵ Փոխնախարար Հովհաննես Հարությանն ասում է, որ անկախ տեղի ունեցած գործընթացներից, որոշվել էր, որ հանքը 2023 թ–ից շահագործվելու է փակ եղանակով։
«Հանքավայրերը կարող են շահագործվել կամ ստորգետնյա եղանակով, կամ՝ բաց։ Այն բնամասերը, որոնք այս պահին նպատակադրված է դուրս բերել ընդերքից, դրա համար որպես տնտեսական հիմնավորում ընդունվել է ստորգետնյա եղանակով շահագործումը։ Եվ դա չպետք է կապել որևէ այլ գործողության հետ, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական հարցերի հետ չի կարելի սա կապել»։
Արդյո՞ք տնտեսական կորուստների գնահատում իրականացվել է 2020 թվականից հետո, երբ հանքի մի մասն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Փոխնախարարը նշեց, որ վերլուծություն չի իրականցվել, և այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն սահմանազատումից հետո։
«Երբ տեղում կունենանք սահմանազատված սահման և կտեսնենք, թե որ հատվածն է Հայաստանում և որ հատվածն է Ադրբեջանում։ Դրանից հետո արդեն կարող ենք խոսել և տալ տնտեսական գնահատական, թե ինչ ունեցանք դրա արդյունքում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ոլորտն ինչ վնաս կրեց, կարող եմ ասել՝ հանքաքարի վերամշակման նվազումը տնտեսական բացասական բաղադրիչ է ունենում, բայց որևէ հանքավայր ինքը ցմահ չէ, և ինչ-որ մի պահ վերջանալու է»։
Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերության բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարիչ Անուշ Գևորգյանը նշեց, որ հանքավայրի փակ շահագործումից հետո աշխատակիցներից 300-400-ը կրճատվել էին, բայց այսօր նրանց թիվն ավելացնում են։

«Սոթքի հանքն աշխատում է միայն ստորգետնյա եղանակով, իսկ ֆաբրիկան արդեն վերսկսել է իր աշխատանքները։ Իհարկե, արտադրողականությունը չի կարող լինել նույնը, չնայած 2025 թվականից մեր նախագծով արդեն նախատեսված էր, որ պետք է անցնեինք ստորգետնյա եղանակով աշխատանքին, և արտադրողականությունը նախագծով պետք է լինի տարեկան մինչև 400 հազար տոննա»։
Ներկայում հանքում շուրջ 200 մարդ է աշխատում։ Նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի։
Ու քանի որ հանքը այսուհետև շահագործվելու է փակ եղանակով, աշխատակիցները պետք է վերապրոֆիլավորվեն, և նախընտրությունը տրվելու է հանքի նախկին աշխատակիցներին։
Ի դեպ՝ Սոթքի հանքավայրը ոսկու պաշարներով ամենամեծն է Հայաստանում։ Անուշ Գևորգյանը նշում է, որ այժմ նորագույն տեխնոլոգիաներ են ներդրել ու ոսկի ավելի շատ են կարողանում կորզել նախկինի համեմատ։ Պատկերավոր ասված,եթե նախկինում տվյալ տարածքից կարողանում էին կորզել մոտ 20 տոկոս, ապա այսօր այն որոշ դեպքերում հասնում է 80 տոկոսի։
Իսկ ահա Ամուլսարի ոսկու հանքի գործարկումով երկրում բավարար քանակի հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար։ Գործարկման ժամկետները մնում են անփոփոխ․ 2025-ի առաջին կիսամյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ հանքավայրը կառավարող «Lydian» ընկերությունը լրացուցիչ պաշարների հետախուզում չի իրականացնում, այլ կենտրոնացած է նախկին ենթակառուցվածքի կրկնակի գնահատման վրա:
«Ժամկետների աննշան փոփոխություններ հնարավոր են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ֆինանսական գործոնների պատճառով: Սակայն, նույնիսկ այդ ռիսկերը հաշվի առնելով, կառավարությունը հայտարարված ժամկետներից էական շեղումներ չի ակնկալում»։
2023-ի փետրվարին հուշագիր էր ստորագրվել «Lydian» ընկերության, ՀՀ կառավարության ու Եվրասիական զարգացման բանկի միջև։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը կկազմի ԵԱԶԲ-ի վարկը։




