ԿարևորՀասարակություն

Հայաստանում մեկնարկել է «Americas Competitiveness Exchange» ծրագիրը

Այսօր Հայաստանում մեկնարկել է «Americas Competitiveness Exchange» (ACE) ծրագիրը, որին մասնակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Էկվադորից, Ջամայկայից և Բահամյան կղզիներից Հայաստան ժամանած պաշտոնատար անձինք և գործարար շրջանակներ։ Ծրագրի առաջին օրը մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի, որպես նորարարության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատարի, դերին։

Ծրագիրը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարան այցելությամբ, որտեղ կրթությունն իրականացվում է համաշխարհային առաջատար բուհերի չափանիշներին համապատասխան։ Մասնակիցներին ներկայացվել է ՀԱՀ-ի առանցքային դերը ապագայում Հայաստանի բարձրագույն կրթության հեռանկարաները ձևավավորելու մեջ, ինչպես նաև՝ ուսումնական հաստատությունում գործող «Ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարության կենտրոն» նորարարական ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ստարտափների աճին նպաստելը:

Մասնակիցների հաջորդ կանգառը եղել է «Մատենա» միջազգային դպրոցը, որը կենտրոնացած է առաջնորդության և մասնագիտական զարգացման վրա: Պատվիրակությանը ներկայացվել է Մատենայի առաքելությունը․ համախմբել համաշխարհային գիտելիքներն ու լավագույն փորձը՝ Հայաստանի մասնագետների կարողությունները հզորացնելու համար:

ԹՈՒՄՈ-ում պատվիրակությունը ծանոթացել է կենտրոնի կողմից դեռահասների համար իրականացող հետդպրոցական կրթության ծրագրերին։

Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև կենտրոնի կողմից ստեղծված եզակի ուսումնական հարթակները, որտեղ համատեղվում են ոլորտի մասնագետների մենթորությունը՝ անհատականացված ուսուցման ծրագրային ապահովման հետ:

Օրվա ավարտին հյուրերն այցելել են Picsart՝ Հայաստանի ամենահաջողակ տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որը համաշխարհային մասշտաբով հայտնի է իր հանրահայտ լուսանկարների և տեսանյութերի խմբագրման փաթեթով (Picsart-ն ունի ավելի քան 1 միլիարդ ներբեռնումներ 180 երկրներում): Պատվիրակությունը ծանոթացել է Picsart-ի պատմությանը՝ տեղական ստարտափից մինչև համաշխարհային տեխնոլոգիական հսկայի կարգավիճակի ձեռքբերումը՝ 2022 թ․ SoftBank-ից 130 միլիոն դոլարի ֆինանսավորում ստանալուց հետո:

Կարդացեք նաև

Back to top button