
Երևանում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական համաժողովը, որն անցնում է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ ու առաջնահերթություններ» խորագրով։ Վաղը նախատեսվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։ Թեհրանից Երևան կժամանի նաև ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը։ Երևանյան նիստերի ընթացքում քննարկվելու են Միության շրջանակում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները՝ ուշադրություն առանցքում պահելով արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացման խնդիրները:
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար՝ փաստում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը, հստակեցնելով, որ այժմ ԵԱՏՄ մանրածախ առևտրում էլեկտրոնային առևտրի ընդհանուր չափաբաժինը կազմում է մոտ 13 տոկոս և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն այն կհասնի 30%-ի։ Էլեկտրոնային առևտուրն աճ է գրանցում ԵԱՏՄ բոլոր երկրներում։
Ուշագրավ է, որ գործարքների մոտ 60%-ն իրականացվում է ինտերնետ-հարթակների միջոցով։ Ըստ հետազոտության՝ վաճառքի առաջատարը սննդամթերքն է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը վստահեցնում է, որ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով, ոչ թե դոլարով։
«Փոխադարձ առևտրի ավելի քան 90%-ը և ֆինանսական համակարգերի զարգացումը ազգային արժույթով է, ինչը նշանակում է, որ ազգային արժույթների օգտագործման միջոցով առևտրի ապահովման մեծ առաջընթաց է գրանցվել։ Ինչ վերաբերում է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորմանը, ապա դա տնտեսական ինտեգրման կարևոր տարրերից մեկն է։ Սակայն գործընթացը բարդանում է արտաքին բազմաթիվ գործոններով պայմանավորված։ Մենք պետք է մեր ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցումը, օրենսդրության ներդաշնակեցումն ավարտենք մինչև 2025 թվականը և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր հարթակներում»։
2025 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները նախատեսում են ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին ստեղծել։
«Ենթակառուցվածքներն եւ լոգիստիկան գյուղատնտեսությունում» թեմայով պանելային քննարկման ժամանակ, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը բիզնեսի ու գիտության ներկայացուցիչների, գերատեսչությունների աշխատողների հետ անդրադարձել է լոգիստիկ խնդիրներին։
Քաղաքացիներն ու բիզնեսը կոնկրետ արդյունքներ են ակնկալում՝ ըստ նրա և պետք է կարողանալ համատեղ ուժերով շոշափելի արդյունքների հասնել ինտեգրացիոն օրակարգի զգայուն հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ Հայաստանը որպես ԵԱՏՄ նախագահող երկիր, հոկտեմբերին նախաձեռնել է ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում ՝ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։
«Քննարկել ենք բավականին սուր և հրատապ հարցեր գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այս ուղղությունը բավականին զգայուն է ԵԱՏՄ -ում։ Մտադիր ենք մշակել ընդհանուր թվային հարթակների ներդրման հարցը՝ անդամ պետությունների համար, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի և միասնական տեղեկագրերին հասանելիություն լինի։ Համատեղ աշխատանքը կնպաստի մատակարարումների շարունակական շղթայի ստեղծմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը ինչպես միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Հույս ունեմ, որ համատեղ կկարողանանք ինտեգրացիոն օրակարգի զգայուն ուղղություններով շոշափելի արդյունքների հասնել, քանի որ քաղաքացիներն ու բիզնեսը մեզնից կոնկրետ արդյունքներ են ակնկալում»։
Հոկտեմբերի 1-ին արդեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հաստատմանն է ներկայացվելու ռազմավարական մի փաստաթուղթ, որտեղ ներառված կլինեն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։ Փաստաթուղթը ռազմավարական բազա կլինի հնգամյա աշխատանքի համար` կոնկրետ մեխանիզմներով ու իրականացման քայլերով։ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարը հույս ունի, որ փաստաթուղթը վաղը կհաստատվի։
Վերամշակող արդյունաբերության ծավալը ԵԱՏՄ–ում 2024 թվականի հունվար-հուլիսին աճել է 8.5 տոկոսով։ Գոհար Բարսեղյանի խոսքով` աճ նկատվել է անդամ բոլոր երկրներում, սակայն առաջատարը ՀՀ–ն է։ ՀՀ-ում վերամշակող արդյունաբերության ծավալը կազմել է 23.5 տոկոս, ՌԴ–ում 8.5 տոկոս, Բելառուսում` 7.5 տոկոս, Ղազախստանում` 5 տոկոս։ Ըստ նրա ԵԱՏՄ հիմնական կապիտալի 10 տոկոս աճ է արձանագրվել ողջ 2023 թվականի և 2024 թվականին 1-ին կիսամյակի տվյալներով։
Քաղաքական լարվածությունը որքանո՞վ է ազդում գյուղատնտեսության վրա, մասնավորապես արտահանումների։ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների մասին լրագրողներին հետաքրքրող հացերին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը թվերով է ներկայացնում պատկերը։
«2024 թ. հունվար–օգոստոսին ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը աճել է 7.5 տոկոսով։ Ցանկացած մատակարարումների ժամանակ առաջանում են խնդիրներ ու գտնվում են նաև դրանց համար լուծումներ»։
Իսկ արտահանման ծավալները ՀՀ-ից ՌԴ նվազել են։ Էկոնոմիկայի փոխնախարարը պարզաբանում է, թե որ ապրանքատեսակների մասին է խոսքը։
«Թարմ միրգ բանջարեղենի արտահանումը ավելացել է, նվազել է նախորդ տարվա համեմմատ չրերի արտահանումը և ձկնամթերքի։ Հիմա շուկան տարբե կերպ է դրսևորում, տնտեսական ցնցումներ են ողջ աշխարհում, մի տեղ ապրանքի սպառումը նվազում է որոպհետև սոցիալական խնդիօրներն են ավելանում, մեկ այլ տեղ ապրանքի սպառումը ավելանում է, քանի որ լավ գին են կարողանում առաջարկել։ Խորը վերլուծություններ են անհրաժեշտ»։
Իսկ ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգի նախագիծը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի, կքննարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում և հույս կա, որ հայեցակարգը կհաստատվի կառավարությունների ղեկավարների կողմից և բորսային ընդհանուր շուկան կսկսի գործել 2030 թվականին։
Հոկտեմբերի 1-ին Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին կմասնացի նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա Երևան կժամանի Թեհրանից։




