ԿարևորՌադիոլուրՏնտեսական

Շահագործման պատրաստ հանքավայրերը տնտեսական մեծ էֆեկտ կարող են ապահովել

Ծաղկաձորում ընթացող հանքարդյունաբերական միջազգային համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև: Կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Ինչպե՞ս զարգացնել հանքարդյունաբերությունը Հայաստանում։ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մատնանշում է  զարգացման երեք ուղղություն։ Դրանցից մեկն այն հանքավայրերի շահագործումն է, որոնք արդեն պատրաստ են շահագործման։ Դա, ըստ նրա, միանգամից տնտեսական էֆեկտ կտա։ Հաջորդ ուղղությունները, ըստ նրա, գործող հանքավայրերի շահագործման ծավալի ավելացումն ու դրանց արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև նոր հանքերի հայտնաբերումը, ինչը, սակայն, ավելի երկարատև պրոցես է։

 «Այն հանքավայրերը, որոնք արդեն պատրաստ են, օրինակ՝ Ամուլսարը, Լիճքի հանքավայրը, որը միանգամից կտա տնտեսական էֆեկտ։ Ամենաարագ տարբերական է ունենալու տնտեսական աճ»։

Երկու օր շարունակ ոլորտի մասնագետները քննարկում ու խոսում էին Հայաստանի ընդերքից։ Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը դեռևս գտնվում է արատավոր շրջանում։

«Ոլորտը կարգավորման դեռևս ցածր մակարդակ ունի, որն իր հերթին բերում է չլուծված խնդիրների, որն էլ հասարակության կողմից ձևավորում է բացասական վերաբերմունք ոլորտի նկատմամբ, ոլորտային ռիսկերը բարձր են գնահատվում»։

Ըստ Նարինե Թադևոսյանի, լավագույն սցենարներով հնարավոր է մինչև 2035 թվականն որոշակի նոր հանքավայրեր բացահայտել և շահագործել։ Այդ դեպքում ոլորտը կարող է ունենալ մինչև եռապատիկ աճ, կարող է արձանագրել մինչև 6,2 տոկոս տնտեսական աճ։

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նկատում է, որ  2014-2015 թվականներից հետո հանքարդյունաբերության ոլորտում աճ չի գրանցվել։

«Ներկայում ոլորտում կայուն վիճակ է, այնինչ, ոլորտի ներուժը մեծ է, ու այն այսօր ամբողջությամբ չի օգտագործվում»։

Աշխարհն այսօր մետաղների աննախադեպ պահանջարկի շրջան է ապրում։ Ըստ կանխատեսումների՝ աշխարհում պղնձի պահանջարկը մինչև 2035 թվականը գրեթե կրկնակի աճելու է։ Մոլիբդենի պահանջարկն էլ առաջիկա տարիներին, ըստ տարբեր կանխատեսումների, աճելու է 2-4 անգամ։

Վարդան Ջհանյան․ «Մոլիբդենի պաշարների մասով Հայաստանը ճանաչված է աշխարհում։ Երբ ոլորտի մասին խոսում ենք հասարակության լայն շրջանակների հետ, բոլորը հիշում են, որ Հայաստանն ունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշարներ։ Բայց, ցավոք սրտի, այդպես չէ, Հայաստանը չունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշար, Հայաստանի մոլիբդենի հաստատված պաշարներն աշխարհում կազմում են ընդամենը 1 տոկոս։ Եվ աշխարհում մոլիբդենի պահանջարկի աճի առումով Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ»։

 Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նկատում է՝ հանքարդյունաբերության արտադրողականությունը բարձրացնելու համար ռազմավարություն է մշակվում։

«Կառավարությունը պարտավորված է աջակցել և վստահություն ունի հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ»։

Կանադայից ժամանած Բոբ Քարուն, որն հանքարդյունաբերության ոլորտում Կայուն զարգացման փորձագետ է, լրագրողների հետ զրույցում ասում է, որ հիմա Հայաստանի համար լավագույն ժամանակներն են, քանի որ մետաղների շուկաները շատ թեժ են ։

Ի դեպ Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի շրջանակում նաև եռակողմ հուշագիր ստորագրվեց ԶՊՄԿ-ի, ԵՊՀ-ի եւ ՏԿԵ նախարարության միջև։ Կողմերը պարտավորվեցին միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button