
Հայաստան– Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու համար արևմտյան հարթակում կազմակերպված ցանկացած հանդիպումից հետո, որպես կանոն կազմակերպվում էր նաև հանդիպում ռուսական հարթակում։ Այդպես էր մինչև վերջերս, և դա արդեն ձևավորված օրինաչափություն էր դարձել։ Հաշվի առնելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում նյույորքյան հարթակում երկու սկզբունքային հանդիպում տեղի ունեցավ՝ Փաշինյան–Էրդողան և ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ բանակցություններ, ապա կրկին օրակարգում է նոր հանդիպումների հավանականությունը արդեն ռուսական հարթակում։ Ամենահավանական և քննարկվող տարբերակը այս պահին հոկտեմբերի 22-24-ը Կազանում կազմակերպվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն է։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումներից հետո հաջորդ հավանական հարթակը, որտեղ կարող են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարները, ռուսական Կազան քաղաքն է։ Բոլոր կողմերը արդեն հաստատել են, որ մասնակցելու են BRICS-ի գագաթնաժողովին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն, Նյու Յորքում չի հաստատել, որ ռուսական կողմը աշխատում է BRICS-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների ժամանակ Փաշինյան–Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ռուս դիվանագետը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հայտարարել է, որ որոշումն նրանցն է։
«Լավրովը հավելել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցանկանում են հանդիպել, ռուսական կողմը միշտ պատրաստ է իրականացնել այն, ինչ պայմանավորվել են իրենց մասնակցությամբ»։
Հայաստանի գործադիր մարմնում չեն հաստատում, որ լարված հարաբերություններ կան ռուսական կողմի հետ։ Միակ դժգոհությունը կապված է ՀԱՊԿ–ի պարտավորությունները չկատարելու հետ։
Սահմանազատման, ինչպես նաև ապաշրջափակման հարցերով հանձնաժողովներում Հայաստանի ներկայացուցիչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս հստակեցնում է․
«Ինչ խոսք, կան պրոբլեմներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք և փորձենք այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակը աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս, ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Կարծում եմ՝ պետք է փորձել բացատրությունները հասկանալ և ճիշտ որոշումներ կայացնել»։
Հայաստանում քաղաքագետների շրջանում տարածված է կարծիք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցությունների համար ավելի շատ կնախընտրի կազանյան հարթակը և ռուսաստանի միջնորդությունը։ Նախորդ շաբաթ նա չէր այցելել Նյու Յորք։ Բլինքենի միջնորդությամբ եռակողմ բանակցությունները տեղի ունեցան արտգործնախարարների հետ, բայց դրանք շրջադարձային արդյունք չեն տվել, ըստ հայտարարությունների, կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նա համաձայն չէ Փաշինյանի ձևակերպման հետ, որ խաղաղությունը շատ մոտ է և պետք է պարզապես ձեռքը մեկնել և վերցնել այն։
«Գուցե, պայմանագրի կնքումը մոտ է, բայց դա ինքը իրենով խաղաղություն չի նշանակում։ Առավել ևս, որ Փաշինյանը որոշ չափով քողազերծեց բովանդակությունը, և այնտեղ կա կետ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն, որը հետևի խաղաղության պայմանագրի իրականացմանը։ Եթե խաղաղությունը այդքան մոտ լիներ և ընդամենը մեկ ստորագրություն պակասեր, ապա հանձնաժողովի կարիքը չէր լինի։ Իմ գնահատմամբ՝ մինչ նոյեմբեր ստորագրելու հավանականությունը շատ ավելի փոքր է, քան չստորագրելու հավանականությունը։ Դա կապված է առաջին հերթին այն բանի հետ, որ նախաձեռնող կողմը՝ ԱՄՆ–ն այլևս այն ձգտումը, այն եռանդը, այն ջանքերը չի ներդնում, ինչը ներդնում էր, քանի դեռ ԱՄՆ նախագահ Բայդենը չէր հրաժարվել ընտրապայքարից։ Կապված է նաև այն բանի հետ, որ կոնկրետ պաշտոնյաներն են հեռանալու իրենց զբաղեցրած դիրքից։ Խոսքը Բլինքենի, Սալիվանի, Օ’Բրայենի մասին է, ինչի մասին արդեն հայտարարվել է անկախ նրանից, թե ով կանցնի նախագահական ընտրություններում»։
Հարցերի լուծումը ձգձգելուն զուգահեռ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներով հանդես գալ։ Այս անգամ Ադրբեջանի նախագահն Հայաստանին մեղադրել է, թե Երևանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի մասին, մինչդեռ Հայաստանը մշտապես արտահայտել է ցանկացած հարցով համագործակցելու պատրաստակամություն, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերազմներից հետո նույնպես ունի անհետ կորածներ։
Նյու Յորքի հանդիպումներից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում ուղիղ և երկկողմ բանակցությունների միջոցով։ Օրինակ է բերել սահմանազատման, խաղաղության համաձայնագրի և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքները։ Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանը կշարունակի առաջ տանել այս գործընթացը»:
Նյու Յորքում անցակցված շաբաթը ամփոփել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ Անդրադառնալով նյույորքյան հարթակում սկզբունքային մեկ այլ՝ Փաշինյան–Էրդողան հանդիպմանը, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Anadolu» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպմանը «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են ցուցաբերել։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «դրական դինամիկայից» և պատրաստ է հարաբերությունների «ամբողջական կարգավորման»։




