ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղետի գոտի․ բնակիչները ստացել են  առաջին փոխհատուցումները

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից անցել է 4 ամիս, աղետի հետևանքները  ամենածանրն էին Ալավերդի համայնքում։ Առայսօր խնդիրների միայն մի մասին է լուծում տրվել։  Բնակարանների համար առաջին փոխհատուցումներն արդեն տրամադրվել են, դրանց տրամադրման սկզբունքից բոլոր տուժողները չէ, որ գոհ են։ Ինչո՞ւ փորձեցինք պարզել հենց բնակիչներից ու պատկան մարմիններից։

30-ամյա   տղամարդը, ով  Ալավերդիի Սանահին կայարան բնակավայրի՝ ջրհեղեղից տուժած իր բնակարանն էր վերանորոգում, առանց գործից կտրվելու և մի քիչ դժկամությամբ է արձագանքում Ալավերդի այցելած  լրագրողներիս հարցերի տարափին։ 

Արդեն  4 ամիս իր համաքաղաքացիներից  շատերի նման ապրում է այլ հասցեում, վարձով և սպասում պետական աջակցությանը՝ աղետի հետևանքները վերացնելու և տուն վերադառնալու համար։  Օրերս ստացավ այն ու անմիջապես սկսեց վերանորոգման աշխատանքը։

«Էնքան պատմել եմ, հերիքա էլի։ Էպիկենտրոնն իմ տուննա եղել՝ 2 մետր, 95 սմ լցվել է։ Փոխհատուցում ստացել ենք, ամեն ինչ նորմալ է, գոհ ու շնորհակալ ենք կառավարությունից էլ, մարդկությունից էլ։ Փոխհատուցումը 5 օր առաջ ստացել եմ, հաջորդ օրվանից էլ սկսել վերանորոգումը»։

Երբ ջրհեղեղեղը սկսվեց, իրենք քնած էին, առաջին հարկում գտնվող իրենց բնակարանում։ Երեք անչափահաս երեխաները  տանն էին։ Կարողացան արթնանալ, երեխաներին տարհանել երկրորդ հարկ, մինչև օգնությունը տեղ հասավ։

«Գիշերը ժամը 4-ին փրկարարներն էլ, մեր Սանահինի տղերքն էլ լոդկով իջացրել են, լոդկով տեղափոխել երկաթգիծը։ Չնայած հույս չկար, բայց մարդիկ ձեռք մեկնեցին, փառք Աստծո, մատներս փուշ չմտավ։ Առողջ ենք, մնացածն էլ կստեղծենք»։

 Բնական աղետ է, ոչ ոք դրանից ապահովագրված չէ,  մտածում են սանահինցիները, և վերականգնում իրենց տները։ Ալավերդիի  բնակիչներից շատերը նման մասշտաբի ջրհեղեղ չեն հիշում։ Ծեփագործ Ռուբիկ Ալեքսանյանը, ով արդեն երկրորդ  ամիսն է, ինչ  աշխատում  է աղետի գոտու բնակարանների վերականգնման վրա, ասում է, որ հնաբնակներից լսելով, Դեբետը նման ավերածություններ արել է 1959 թվականին, ինքն այդ ժամանակ մեկ տարեկան էր ընդամենը։

«Մեկ էլ 86 թվին է եղել, էդ լավ եմ հիշում․ Դեբեդը բարձրացավ, անցավ կամուրջի վրայով։  Մայիս էր։ Էս ձևի չէր, բայց էլի շատ էր»։

Պետական կառույցներն արդեն հաշվարկել են վնասի չափերը․ Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժածների մի մասն արդեն ստացել է փոխհատուցում։ Բնակիչներն ասում են, որ այն տրամադրվել է առաջին հարկի բնակիչներին, որոնց բնակարաններն ամենաշատն են տուժել։ Երկրորդ և ավելի բարձր բնակարանների տերերին այն չի տրամադրվում։ Պետական աջակցության տրամադրման սկզբունքից բոլորը չէ որ գոհ են։

Փոխհատուցումների և աղետի գոտում առկա այլ խնդիրների լուծումների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

«Բնակարանները գնահատվել են, եկել ենք վերջնական որոշման, որ եթե անհատապես անցնենք տներով և գնահատենք գույքն առանձին առանձին, տեղ չենք հասնի։ Կառավարությւոնը որոշում կայացրեց, որ փոխհատուցում կատարվում է  1քառ․ մ-ի համար 60 հազար դրամ։ 1 մլն 200 հազ դրամ էլ յուրաքանչյուր ընտանիք գույքի գումար է ստանում։»

Ամենաշատ տուժած քաղաքացիներն այդ գումարները ստացել են՝ Դավիթ Ղումաշյանի խոսքերն են։ Բնակիչները չեն ժխտում՝ ստացել են։ Իսկ  բնակիչներին, որոնց փոխհատուցում չի տրվել, և որոնք դժգոհ են պատկան մարմինների որոշումից, պետական աջակցությունը մերժվել է մի քանի պատճառներով։  Ալավերդի համայնքի ղեկավարը պարզաբանում է․

«Բնակիչների կեսից ավելին բնակարանների հետ կապված  ունեն փաստաթղթային խնդիրներ․ մեկը ժառանգություն չի ճանաչել, մյուսը վկայական չունի, երրորդը  ապօրինի կառույց է ունեցել և չի օրինականցրել,  մի մասն ունի լիազորագրի խնդիր։ Պատճառները  տասնյակներով են։  Շուրջ 63 դեպք կա, որ փոխհատուցում չեն ստացել, ու դա կառավարության  մեղքով չի։ Ով թղթաբանության հետ խնդիր ճունի, գումարները փոխանցված են, իսկ իրենք՝ այդ մասին տեղեկացված»։

Քարկոփում կա 8 ընտանիք սակայն, որի մեղքով չէ իրենց փոխհատուցումների ստացման դանդաղումը, նշում է համայնքի ղեկավարը․ նրանք ավելի քան 2 տասնամյակ ապրել են մի շենքում, որը սեփականատեր ունի։ Շենքը նվիրաբերվել է համայնքին և համայնքի ավագանու որոշմամբ տվյալ շենքի բնակարաններն էլ կնվիրաբերվեն այնտեղ բնակվող անձանց, որից հետո կսկսեն փոխհատուցման տրամադրման գործընթաց։

 Փոխհատուցումները փուլային տարբերակով են տալիս, դրանց նպատակային կիրառությունը  վերահսկելու նպատակով։  Կան քաղաքացիներ, որոնք ստացել են ֆինանսական միջոցները, բայց վերանորոգման աշխատանքեր այդպես էլ չեն սկսել, իսկ դա բացասական  ազդեցություն է ունենում անմիջապես իր  հարևանի վրա, ասում է համայնքի ղեկավարը, այդ իսկ պատճառով կառավարությւոնը կիրառում է ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ՝  աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար։

Ինչո՞ւ համայնքը անպատրաստ  դիմավորեց  աղետը, և ի՞նչ է արվում առաջիկայում նման խնդիրներից խուսափելու  համար․ կա՞ քաղպաշտպանության պլան, ինչպե՞ս է այն կիրառվում գործնականում։

«Ցանկացած համայնքում դա գոյությւոն ունի։ Ես իհարկե, նման հարցերում պրոֆեսիոնալ չեմ, բայց նման դեպքում ես չեմ պատկերացնում քաղպաշտպանության որևէ պլան, որով կարող ես գործել։ Բայց  համաձայն եմ Ձեզ հետ, որ ունենալով նման փորձ, վստահաբար մեր քաղպաշտպանության պլանը վերաձևակերպվի, այլ կերպ նայենք այդ հարցերին։ Քաղպաշտպանության պլանը չպիտի լինի այն ձևական պլանը, որը, ենթադրում եմ, առկա է բոլոր համայնքներում»։

 Բնակարանների և կենցաղային գույքի  փոխհատուցման հարցը կարծես լուծված է, բայց խնդիրներ ու անհամաձայնութուններ կան  ասենք մեքենաների, ընտանի կենդանիների ու այգիների փոխհատուցման մասով։ Յուրաքանչյուր դեպք անհատական քննությւոն  է պահանջում, և պատասխանուտու մարմինները հենց նման մոտեցում էլ ցուցաբերում են, որպեսզի Ալավերդու համայնքի բնակիչները հնարավորինս շուտ հաղթահարեն  խնդիրները և վերադառնան կյանքի բնականոն հուն,- ասում է Դավիթ Ղումաշյանը։

Կարդացեք նաև

Back to top button