
44-օրյա պատերազմից արդեն 4 տարի է անցել։ Պատերազմական պատմությունները ու պատերազմի միջով անցածների ճակատագրերը որքան նման, այնքան էլ տարբեր են։ Ծանր վիրավորումներից, կյանքի ու մահվան կռվից հետո շատերը կյանքին ասեցին ԱՅՈ՛, ու շարունակեցին պայքարել, ժպտալ, սիրել, նոր նպատակներ սահմանել ու հասնել դրանց։ «Ռադիոլուրը» փորձել է մի քանի պատմության, մի քանի ճակատագրի օրինակով ցույց տալ՝ ինչպիսինն է կյանքը պատերազմից հետո ու հաղթանակից առաջ։
- Պատերազմ ու նպատակներ

«Այս 4 տարիները եղել են դժվար տարիներ, չնայած եղել են նաև ուրախ ու երջանիկ պահեր, հաղթահարելի ու ոչ հաղթահարելի պահեր»։
«Սովորել իմ ու իմ այն ընկերների փոխարեն, որոնք չհասցրին»․ պատերազմից, ծանր վիրավորումից ու կյանքի ու մահվան պայքարից հետո սա Սեյրան Սողոյանի ամենակարևոր նպատակներից մեկն էր։ Պատերազմից 4 տարի անց Սեյրանն արդեն ավարտել է ԵՊՀ-ը ու ուսումը հեռավար շարունակում է Կալիֆորնիայի պետական համալսարանում։
«4 տարիների ընթացքում ավելի շատ գիտելիք ու փորձ եմ ձեռք բերել, իսկ դա շատ կարևոր է, հետ եմ նայում ու հասկանում, որ այս տարիներն անիմաստ չեն անցել»։
Վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու Սեյրան Սողոյանի ծառայության ավարտին 113 օր էր մնացել, երբ սկսվեց պատերազմը։ Ռազմի դաշտում գնդակից մի քանի անգամ հրաշքով է փրկվել։ Հերթական մի օր հակառակորդը, սակայն, չվրիպեց։ Ողնաշարային վնասվածքից հետո Սեյրանը նպատակ ուներ․ համալսարանն ավարտելիս դիպլոմային աշխատանքը պաշտպանելու գնալ առանց սայլակի, քայլելով ու աշխատանքը ներկայացնել ամբիոնի մոտ կանգնած։ Նպատակն իրականացավ․․․
«Նպատակներիցս մեկը, որ իրականացավ, նորից լողալն էր։ Իհարկե, շատ մեծ դժվարությամբ, բայց նպատակս իրականացավ, մի քանի տարվա ընթացքում սովորեցի, ու հիմա արդեն ինքնուրույն լողում եմ»,– Սեյրանն ասում է՝ պատերազմը ինձ չի փոխել, միայն դժվարություններն են ավելացել, երազանքները ավելի ամրապնդվել։
«Ճիշտն ասած, առաջ շատ էի սիրում բարձրաձայնել իմ երազանքների ու նպատակների մասին, իսկ հիմա պահում եմ իմ մեջ ու ոչ ոքի չեմ ասում»։
- Պատերազմ ու սեր

44-օրյա պատերազմի օրերին ժամկետային Սերգեյ Համբարձումյանը ծանր վիրավորումից, կոմայից, վարականգնվելուց հետո հենց «Զինվորի տանը» գտել է իր սերը։ Հիմա՝ պատերազմից 4 տարի անց ապրածն ամփոփելիս, վստահեցնում է՝ իր կյանքում պատահած լավագույն բանը ամուսնությունն էր։
«Ժողովուրդ ամուսնությունից ճիշտ ու լավ բան չկա, մենակ թե ճիշտ մարդու պիտի գտնեք, երջանկությունը հենց դրանում է։ Հիմա արդեն ամուսնացած եմ մեծ հույսեր ունենք Աստված տա՝ արդեն մեր մեջ երրորդ մարդը կհայտնվի»։
Սերգեյը 2020-ին զորակոչվել է բանակ, ծառայել Ջրականում։ 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մարտունիում ծանր մարտերի ժամանակ վիրավորվել է, միասին կռվող 30 տղաներից ինք ու ևս մեկն են ողջ մնացել։ 13 ծանր վիրահատություն, երկար վերականգնողական բուժում ու հենց այդ ընթացքում էլ տեղի ունեցքավ ճակատագրական հանդիպումը։
- Պատերազմ ու լավատեսություն

Պատերազմ, հետո հարաբերական հրադադար, ու ընդամենը ամիսներ անց նորից ռազմական գործողություններ։ Մխիթար Հարությունյանը Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող էր, կռվում էր Մարտակերտում, հենց այդ ժամանակ է հասկացել, որ շարունակելու է ծառայել հայրենիքին ու հետո արդեն որպես պայմանագրային մեկնել է Արցախ։ 44-օրյա պատերազմի օրերին ամեն ինչ անում էր, որ իրեն էլ ռազմադաշտ տանեն, ժամկետային եղբոր հետ կռվում լինի, բայց այդպես էլ չստացվեց, Արցախ հասավ արդեն հարաբերական հրադադարից հետո։
«Ու այդ ժամանակ արդեն սիրահարվեցի զինվորական գործին, զինվոր լինելուն, ու այդ սերը մնաց իմ մեջ, ու դրանից հետո արդեն եկա ու տարիներ հետո, որպես պայմանագրային, նորից գնացի Արցախ։ Ու էլի շատ սիրահարված եմ եղել Արցախին, դե սկզբում դժվար էր տնից հեռու, բայց հետո դարձավ հոգեհարազատ»։
2022-ի հուլիսին հերթական հարձակումն էր։ 4 օր դիմակայելուց հետո Մխիթարը անօդաչուի հարվածից բեկորային վնասվածք է ստանում։ Պատմում է՝ հիվանդանոցից հետո սայլակով է «Զինվորի տուն» եկել, տարիներ անց հիմա արդեն միայն հենակի օգնությամբ քայլում է։
«Կյանքդ 180 աստիճանով փոխվում է, բայց փորձում էի ուժեղ լինել, եկա ստեղ ու արդեն էս մոտեցումը, էս վերաբերմունքը, սկսեցի տղաների հետ շփվել, ընկերություն անել, արդեն իրենց պատմություններն էլ լսելով, թե ինչ փորձությունների միջով են անցել, մտածեցի, որ սա էլ մի կյանք էր, որ պետք ա անցնել, հիմա արդեն ես եմ մնացածին դուխ տալիս փորձում եմ օգնեմ, որ չընկճվեն, չհիասթափվեն։ Ես, որ նայում եմ առաջվա Մխիթարին ու հիմա, դրանք բոլորովին տարբեր մարդիկ են, թե՛ մտածելակերպով, թե՛ որոշումները կայացնելու հարցում։ Ոնց որ այն ժամանակ պատանի լինեի ու հիմա մի քանի օրվա մեջ դարձել եմ մեծ մարդ»,-ասում է Մխիթարը։
Պատերազմական պատմությունները տարբեր են, պատերազմի միջով անցած մարդկանց ճակատագրերը՝ ևս, միավորողը միայն նպատակներն են՝ սերը, լավատեսությունը ու կյանքը պատերազմից 4 տարի անց։




