ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

21-րդ դարում դեռ պետք է հասկանանք  վարդապետին․ Երգի պետական թատրոնում վերաբեմադրվել է «Կոմիտաս» ներկայացումը

Երգի պետական թատրոնի հիմնադրման 30-ամյակի և վարդապետի 155-ամյակի առթիվ վերաբեմադրվել է «Կոմիտաս» ներկայացումը։ Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն ասում է՝ նոտայագրելով գործը` փորձել է վերականգնել Արթուր Գրիգորյանի ժառանգությունը ու ներկայացման միջոցով ասել՝ Կոմիտասը ամենավառ գույնն է։

«Ոնց որ գար կողքիս նստեր ու ասեր՝ անդրադարձիր ինձ, ես սև չեմ, ես գույն եմ ու բավականին ուրախ եմ»։

10 տարի առաջ այդ ժամանակների համար անսովոր ձևաչափում Արթուր Գրիգորյանը Երգի  պետական թատրոնի բեմում ներկայացրեց «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը։ Գրիգորիչը կոտրեց Կոմիտասին միայն սևի մեջ տեսնելու կարծրատիպը։ Ասում էր՝ Կոմիտասը գույն է, որը  պետք է զգա ու տեսնի երիտասարդ սերունդը։

Տասնամյա դադարից հետո թատրոնի հիմնադրման 30 -ամյակի և Կոմիտաս վարդապետի 155-ամյակի առթիվ «Կոմիտասը» վերադարձել է բեմ։ Վերաբեմադրության ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։

«Երաժշտական առումով ամեն ինչ նույնն է, միայն բեմադրական  մասն է  փոփոխությունների ենթարկվել։ Իսկ Կոմիտասի ժառանգության մասին անվերջ կարելի է խոսել, մարդ, որն իր հոգևորական ծառայությանը զուգահեռ աշխարհիկ մի մեծ ինստիտուտի գործ կատարեց ու  ստեղծեց հայկական երաժշտության մեծագույն արժեքներ»։

Դուստրը՝ Մանեն, խոստովանում է՝ տևական ժամանակ ցանկանում էին վերականգնել ներկայացումը, բայց չէին համարձակվում։ Ահռելի աշխատանք կար կատարելու՝ նոտագրել, թվայնացնել ու ամենակարևորը՝ պահպանել ձեռագիրը։

«Տարիներ առաջ, երբ հայրս ներկայացրեց Կոմիտասը իր մշակմամբ ու մեկնաբանությամբ  նպատակը մեկն էր՝ երիտասարդներին բերել Կոմիտասի մոտ, երիտասարդ հանդիսատեսին պատմել Կոմիտասի շատ վառ գույների մասին, որ Կոմիտասին չասոցացնեն սև գույնի հետ»։

Ներկայացման մեջ նախորդ կազմից մասնակցում է երգիչ Ռուսլան Էյլազյանը, որի հետ նոտայագրել են ամբողջ ներկայացումը։ 

«Նոտայագրման պրոցեսը անցանք  դաշնակահար Սիմոն Սարգսյանի հետ, որ Արցախից էր եկել, իսկ բեմում թատրոնի սաներին էին, որոնք իմ ուսանողներն էին։ Ամեն երգի հետ աշխատելիս հիշում էի Գրիգորիչի դիտարկումներն ու աշխատում էին այնպես անել, նույն շունչը տայի, նույն մտքերն էի փոխանցում, թե երգողը ինչ պետք է պատկերացնի այս երգը լսելիս։ Ամեն էմոցիա, որ այն ժամանակ զգացել եմ, փորձել եմ փոխանցել։ Իրենց էլ նույն բանի մեջով անցկացնել, որ այսօրվա շունչը զգացվեր»։

Դահլիճում ներկաներից շատերը եղել են նաև նախորդ ներկայացման հանդիսատեսը։ Նոր ներկայացման մեջ Գիրգորիչի ներկայության պակասը զգացվում է, բայց  Հրաչ Քեշիշյանը  գեղեցիկ լուծումներով փորձել է լրացնել բացը՝ ասում է Մանե Գրիգորյանը։

«Երաժշտական առումով Կոմիտասը վերականագնել էինք ու արդեն պետք է իջնեինք դահլիճ  բեմադրական փորձերի։ Ուզում էինք հասկանալ՝ ինչ դեկորներ են պետք, հագուստ ու նաև անցումային երաժշտություն, որը եղել է օրիգինալ տարբերակում։ Դրանք պետք է փոխվեին այնպես, որ ձայնի հետ համադրվեր, որ և՛ Կոմիտաս լիներ, և՛ Արթուր Գրիգորյան։ Չգիտեի՝ ինչ անել։ Պապային էի ուզում, ասում էի բարձրանամ իր սենյակ, ասեմ՝ մի բան գրի, մոտ մեկ րոպե տևողությամբ մեղեդի է պետք։ Ու շատ պատահական գտում եմ մի փոքրիկ տեսանյութ Կոմիտասի փորձերից, որը դեռ իր սենյակում էր ու նոր էր մշակում։ Գտա «Չինար ես»-ի նախնական տարբերակը, որտեղ մեկ րոպե տևողությամբ կար  այն մեղեդին, որը փնտրում էինք»։

Ներկայացումն ավարտվում է Գրիգորիչի խոսքով՝ 21-րդ դառում դեռ պետք է հասկանանք Կոմիտասին։

«Իսկ ով է ասել, որ Կոմիտասը միայն մեկինն է։ Այս ներկայացումը հենց այն մասին է, որ  Կոմիտասը բոլորինն է, ու նրա երաժտության մեջ կա գույն, ու ամեն մարդ պետք է գտնի իր գույնը»։

Կարդացեք նաև

Back to top button