
Մեկ տարի առաջ ստեղծվել է «Էնկի» ստվերների շարժական թատրոնը, որի խաղացանկում հայ առասպելական հերոսապատումներն են։ Հիմնադիրները թատերական ինստիտուտի շրջանավարտներն են։ Մեկ տարում ներկայացումներով հանդես են եկել Ժողովրդական արվեստների թանգարանում, ապա նաև Լուսիկ Ագուլեցու և Եղիշե Չարենցի տուն-թանգարաններում։ Ներկայացումները նախատեսված են 4 տարեկանից մեծ երեխաների համար, 30-40 հանդիսատեսով։ Թատրոնը ստեղծած երիտասարդները ոչ միայն ներկայացնում են դասական ստվերախաղք, այլև հոգ են տանում դրա զարգացման մասին և հարստացնում են ստվերների «լեզուն»։
Բեմադրել ստվերներն ու ձայները․ այս որոշմանն է հանգում ռեժիսուրայով տարված դերասան Արմեն Բալաբանյանը, երբ գիտակցում է ռեսուրսների սահմանափակությունը։ Միտքը ծագում է Ժողովրդական արվեստների թանգարանում ստվերախաղքի դասերից հետո։
«Ռեժիսուրան իմ տարրերքն էր, բայց մեր երկրում դժվար է հավաքել դերասաններ և ներկայացում բեմադրել։ Ինձ դուր եկավ ստվերախաղքի տարբերակը, որովհետև դու կարողանում ես պատրաստել տիկնիկներ, այսինքն, ունենալ քո սեփական դերասանները ու իրենց հետ ինչ ծավալի ներկայացում ուզես՝ կարող ես անել»։


Արմեն Բալաբանյանը սկսում է Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ»-ը փոխադրել ստվերախաղի։ Շատ արագ հասկանում է, որ գործը մենակ գլուխ չի բերի ու դիմում է կուրսընկերներին՝ ռեժիսոր Սոնա Քանքանյանին և դերասան Մհեր Ալաբեգյանին։
Սոնա Քանքանյան․ «Մի օր Արմենը գրեց, ուղարկեց, ասաց, որ խնդրեմ, նորից կկարդա՞ս Ղազարոս Աղայանի այս գործը, հետո քննարկենք, մի նախագծի եմ մասնակցում։ Վերցրել էր այնպիսի նյութ, որը դասական ստվերախաղքի տրամաբանության մեջ պետք է շատ բարդ լիներ լուծումը, այսինքն՝ այդ մասշտաբները ստանալ, գործողությունների, տարբեր լոկացիաների փոփոխությունները, որոնք այդ էպիկական ժանրի մեջ վիթխարի է, պետք էր որևէ կերպ ստանալ»։
Չորս էնտուզիաստներով, դեռևս տնային պայմաններում ձայնագրվում են, նախապատրաստվում Արվեստի և արհեստների միջազգային փառատոնին։ Փառատոնը հետաձգվում է, սակայն ստեղծագործական ընթացքը շարունակվում էր։ Մոտենում էր Ամանորը և խմբի ընտրությունը կանգ է առնում Աստղիկ Սիմոնյանի «Կաղանդ Պապ․ վերադարձ Ռիգելից» հեքիաթի վրա։ Այս անգամ բեմադրում է Սոնա Քանքանյանը։
«Ստվերների աշխարհը ինձ հետաքրքրում է նրանով, որ կարողանում է փոխանցել այդ միստիկան, անհասանելիությունը և միաժամանակ կարողանում ես տեսնել, որ շատ մոտ է այդ պերսոնաժը, քթիդ տակ է, բայց միևնույն է, իրեն մինչև վերջ չես տեսնում, տեսնում ես միայն ստվերը։ Այդ էներգետիկան, որ ունենում ենք ներկայացումների ժամանակ, շատ հետաքրքիր է, հատկապես երեխաների լռությունը։ Դուք պատկերացնու՞մ եք՝ 30 երեխա 6-7 տարեկան, չենք ունեցել մի ներկայացում, որ աղմկեն։ Իրենք այդ 15-20 րոպեն լռության մեջ են։ Ես երեխաների լռություն երևի չեմ տեսել, բացի մեր ներակայցումներից»։


Տիկնիկներ և լամպի լույս․ էպիկական պատմություն պատմելու համար սա Արմեն Բալաբանյանին քիչ է թվում։ Որոշում է ստվերախաղքի լեզվում նոր «բառեր» ավելացնել։ Տորք Անգեղի պատկերապատումները քիչ էին․ այստեղ օգնության է հասնում 21-րդ դարի գործիքակազմը՝ արհեստական բանականությունը։ Գեներացված նկարները դառնում են ներկայացման մաս։ Հիմա էլ փնտրում են թվային նկարչության արտիստների՝ համագործակցելու համար․
«Եթե փորձենք գտնել մեր առասպելական հերոսների կերպարները, կհասկանանք, որ մաքսիմում մի արձանի կամ մի նկարի տեսքով պատկերներ ունենք, բայց ոչ շատ։ Դա շատ բարդ է, փորձում ենք հենց մեր առասպելական հերոսներին ճանաչելի դարձնել ավելի նոր սերնդին, որովհետև երեխաները պետք է իմանան, որ այդ հերոսներից մենք էլ ունենք, ու մերը ոչ պակաս է։ Մեր թատրոնի տարբերությունը դրանում է կայանում, որ հետևից վիզուալ պատկերներ ենք պրոյեկտում, և մեր ստվերախաղքը գունավոր ու հետաքրքիր է դառնում»։
Առաջին ներկայացումից առաջ, առաջին ներդրումն անում է Մհեր Ալաբեգյանը։ Ձեռք են բերում անհրաժեշտ կտորե էկրանը, պրոյեկտորը և մյուս տեխնիկական մասերը։ Առաջիկայում կներկայացնեն «Հայկ և Բել»-ը, որտեղ Հայկին մարմնավորել է Սամվել Թոփալյանը, Բելին՝ Արտաշես Ալեքսանյանը, պատմիչին՝ Արման Նավասարդյանը։ Հայկի հորը՝ Թորգոմին, Դավիթ Հակոբյանը։
Արմեն Բալաբանյան․ «Սեպտեմբերի 28-ին կունենանք մեծ և շատ հետաքրքիր պրեմիերա «Հայկ և Բելը․ Բաբելոնից դեպի երկիրն Արարատի»։ Տևական ժամանակ աշխատել ենք այդ ներկայացման վրա։ Դա մեր դիցաբանական պատմության ամենալուրջ, ամենահետաքրքիր հատվածներից է, որի մասին անպայման ուզում ենք խոսել»։



Ներկայացման հնչյունավորման ռեժիսորն Արգիշտի Ազիզյանն է։ Վաչագան Քանքանյանը կտրում է տիկնիկները լազերային հատիչով։ Նկարիչ Վարդան Քանքանյանը տիկնիկների նոր մեխանիզմներով օգնում է, որ դրանք ավելի շարժունակ լինեն։ Գրաֆիկական աշխատանքներով խմբին աջակցում է Նորայր Աբրահամյանը։
Դերասաններից մեկն էլ Մհեր Ալաբեգյանն է․ «Իմ հիմնական գործունեությունը տիկնիկները խաղացնելն է, այսինք՝ կա ներկայացում, որտեղ ես կոնկրետ կերպար ունեմ, որը ձայնագրել, մարմնավորել եմ ու համ էլ խաղացնում եմ, բայց «Հայկն ու Բելը»-ում շատ փոքրիկ հատված է։ Ամբողջ ներկայացման մոտ 20 տիկնիկը երեքով ենք խաղացնում»։
Ասում են՝ ստվերախաղքի բարդությունն այն է, շարժումն ու խոսքը պետք է բնականորեն համապատասխանեն իրար։ Այն, ինչ հանդիսատեսը տեսնում է էկրանին, հաճախ սկզբունքորեն տարբերվում է նրանից, ինչ կատարվում է հակառակ կողմում։
Սոնա Քանքանյան․ «Հանդիսատեսը նայում է, օրինակ, դանդաղ պատերազմի տեսարան է, ինքը տեսնում է հանդարտ, համակարգված, իսկ էկրանի մյուս կողմում մեր մի ոտքը առաջ, մյուսը՝ մի կիլոմետր հետ, մի ձեռքը այստեղ, մյուսն այնտեղ, որ կարողանանք երեքով այդքան դեր խաղալ»։
Արմեն Բալաբանյան․ «Հանդիսատեսը երբեմն մտածում է, որ ուղղակի ֆիլմ ենք դրել ու իրենց ֆիլմ ենք ցույց տալիս, ու տեսնում ենք՝ գալիս են, թաքուն նայում են, որ կա՞ն իրենք, թե չէ, բայց հետևում դերասանների շատ մեծ ու ակտիվ աշխատանք է գնում, որ այդ ամենը առանց վրիպումների լինի»։

Ներկայացումներին, սովորաբար, նախորդում է շրջայցը թանգարանում, իսկ հաջորդում է վարպետաց դասը, որտեղ պատրաստում են ստվերախաղի տիկնիկներ։
Սոնա Քանքանյան․ «Երբ որ իրենք իրենց ձեռքն են վերցնում արդեն իրենց պատրաստած տիկնիկը ու, եթե հիշում են ինչ-որ խոսքեր, սկսում են դիալոգներ անեն ամեն մեկն իրա տիկնիկի հետ։ Ասենք, այնտեղ Տորք Անգեղին ու Հայկանուշին խաղացնում, սեր են խոստովանում իրար և այլն։ Իրենք արդեն հասկանում են, որ դա մուլտֆիլմ չէր, կենդանի կատարում է»։
Դյուցազներգություններ ու առասպելներ պատմող թատրոնը պետք է համապատասխան անուն ընտրեր։ «Էնկի» անունը Սոնային հանդիպում է՝ որպես Հայկ նահապետի անուններից մեկը, իսկ շումերա-աքքադական էպոսն ուսումնասիրող Արմենին՝ որպես Հայա աստծո անուններից մեկը։ Անկախ նրանից, թե որ տարբերակն է բացատրում անունը, հասկացան, որ ճիշտ տարեբարկն արդեն գտել են։




