ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թվային վերափոխումը՝ մարտահրավեր աշխատաշուկայում․ ինչպես չկորցնել աշխատատեղը

Թվային տեխնոլոգիաները փոխում են աշխատաշուկայի կառուցվածքը։ Մասնագետներն ասում են, որ աշխատուժին փոխարինելու են գալիս նոր համակարգերը և կանխատեսում, որ թվային վերափոխման արդյունքում առաջիկա տարիներին աշխարհում շուրջ 700 մլն աշխատատեղ կկրճատվի: Շուկայում մրցունակ լինելու, համացանցը նպատակային օգտագործելու նպատակով  «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները հիմնել են Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը, որը կրթական տարբեր դասընթացներ է կազմակերպում: Հերթական երկօրյա դասընթացը Արմավիրում էր։

Համացանցում թվային գործիքները բազամազան են, սակայն գիտելիքների պակասի պատճառով քչերն են օգտվում դրանցից: Ինտերնետ կառավարման հայկական դպրոցն արդեն 8 տարի փորձում է լրացնել բացը: «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը կարևորում է մարզերի բնակիչների ներգրավումը կրթական գործընթացներին:

«Փորձում ենք միջոցառման միջոցով հետադարձ կապ հաստատել բնակիչների հետ, որպեսզի իրենք էլ մասնակցեն այն գործընթացներին, որոնք կազմակերպությունն արդեն 30 տարի իրականացնում է: Ի դեպ, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն «.am» և «.հայ» դոմենային անվանումների ռեգիստրն է: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք կազմակերպում, իսկ սա այդ ծրագրերից մեկն է, որն ամենամյա է»:

Դասընթացի մասնակիցները հետագայում կարող են մասնակցել արտերկրում կազմակերպվող ծրագրերի և ստացած գիտելիքները կիրառել տարբեր ոլորտներում: Նոր գործիքներից մեծ տարածում է ստանում արհեստական բանականության «ChatGPT» ծրագիրը, որից օգտվում են նաև ուսանողները:

«Ծանոթ եմ «ChatGPT»  ծրագրին, որով աշխատել եմ, քանի որ այս տարի պետական բուհն եմ ավարտել, պետական քննությունների համար օգտագործել եմ ծրագիրը, որն ինձ շատ է օգնել: Կատարողական արվեստի համար ինձ պետք էր երեք նյութերի անոտացիա՝ բովանդակության հակիրճ շարադրանք: Ժամանակի կորուստ չեմ ունեցել․ այն, ինչ ուզում էի, արել եմ ավելի արագ, քան ես կանեի երկար փնտրտուքի արդյունքում»:

Զրուցակիցս երեք երեխաների մայր է, երկու մասնագիտություն ունի, որոնք կապված են երաժշտության հետ: Թվային գիտելիքներ ձեռք բերելով՝  փորձելու է յուրացնել երրորդ մասնագիտությունը:

 Համացանցը  նոր հմտություններ է զարգացնում առցանց դասընթացների միջոցով, որն  ազդում է աշխատաշուկայի վրա: «Իննովեթ» ընկերության հիմնադիր Դավիթ Սահակյանը, ուսումնասիրելով միտումները, նշում է, որ առցանց տիրույթում մեծ պահանջարկ ունի սոցիալական  ցանցերի մարկետինգը: 2023թ համաշխարհային աշխատաշուկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ առաջիկայում կառուցվածքային նոր փոփոխություններ են սպասվում:

«Ապագա հինգ տարիների ընթացում գործատուների և ընկերությունների 75 տոկոսը ներդնելու է թվայնացման գործիքներ: Եվ սա մեզ համար շատ կարևոր ահազանգ է, մենք այդքան երկար ժամանակ չունենք սպասելու և չսովորելու: Մենք  այսօրվանից պետք է ձեռք բերենք մասնագիտություններ, որպեսզի հինգ տարվա մեջ աշխատաշուկայում մրցունակություն ապահովենք»:

Աշխատատեղերի թվային վերափոխման արդյունքում  առաջիկա տարիներին կանխատեսվում է շուրջ 673 մլն աշխատատեղի կրճատում և 69 մլն նոր աշխատատեղի ստեղծում: Դավիթ Սահակյանն ասում է, որ մարդկային ուժին փոխարինելու են գալիս նոր համակարգերը՝ ծրագրային տարբեր լուծումներով:

«Վերանում է մարդու աշխատատեղը, դրա փոխարեն ստեղծվում են այն աշխատատեղերը, որոնք ստեղծում են նման համակարգեր, զարգացնում ու սպասարկում են այդպիսի համակարգեր:  Սա է նշանակում է, որ  մասնագիտություններում  կառուցվածքային փոփոխություներ են լինելու: Նույնիսկ ավելին՝ կառուցվածքային փոփոխությունների և նոր մասնագիտությունների ի հայտ գալու արդյունքում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվում, քան նախկինում պետք էր»:

Համացանցում անհրաժեշտ է զգոն լինել  նաև անձնական տվյալների անվտանգության հարցում: Դասընթացի միջոցով մասնակիցները տիրապետելու են նաև այդ գիտելիքներին: Աշոտ Պողոսյանը հեռահաղորդակցության ոլորտի մասնագետ է, թվային գիտելիքները հարստացնելու նպատակով մասնակցում է կրթական տարբեր դասընթացների:

«Ինտերնետը լայն հասկացողություն է, որտեղ շատ են լինում խարդախություններ: Ինձ ավելի շատ դա է հետաքրքրում՝ ինչից հեռու մնանք: Կիբերանվտանգությունը, որն այս պահին, իմ կարծիքով, մեր հասարակությանը շատ-շատ պետք է»:

Աշոտ Պողոսյանն առաջարկում է , որ այս թեմայով կրթական ծրագրերն ավելի շատ լինել ու հանրության ավելի լայն շերտերի համար:

Կարդացեք նաև

Back to top button