ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կառավարությունը կծախսի շուրջ 3.5 տրիլիոն դրամ, «կհավաքի»` 3 տրիլիոն․ հաստատվել է 2025-ի բյուջեի նախագիծը

Կառավարությունն այսօր հաստատել է 2025 թ․ բյուջեի նախագիծը։ Հաջորդ տարվա  ֆինանսական գլխավոր փաստաթղթով նախատեսվում է զգալիորեն ավելացնել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը։ Ըստ նախագծի՝ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի շուրջ 665 մլրդ դրամ, որը մոտ 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ 2025-ին գործադիրը նախատեսում է ծախսել շուրջ 3.5 տրիլիոն  դրամ ու ստանալ 3 տրիլիոն դրամ եկամուտ։ Կառավարության հավանությանն արժանացած նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև Ազգային ժողովում։

Հայաստանի պաշտպանությունն ապահովելու համար Կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է ծախսել շուրջ 665 միլիարդ դրամ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատում է՝ անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար նախորդ տարիների համեմատ զգալիորեն ավելի շատ գումար կծախսվի։

«Ծախսային քաղաքականությունը միտված է լինելու նաև պաշտպանական համակարգի ամրապնդրամը՝ բարձրացնելով երկրի դիմադրողականությունը հնարավոր ռիսկերի հանդեպ»,– մանրամասնում է Վահե Հովհաննիսյանը։

Ծախսերը կիրականացվեն, եթե Հայաստանի Հանրապետության 2025թ պետական բյուջեի նախագիծը արժանանա նաև Ազգային ժողովի հավանությանը։ Այն այսօր հաստատվել է գործադիրի կողմից։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

«Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քվեարկել։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Մնացած քննարկումները կլինեն արդեն Ազգային ժողովում»։

Օրենքի նախագծի համաձայն՝ եկող տարի Կառավարությունը նախատեսում է ծախսել ավելի քան 3.5 տրիլիոն դրամ և ունենալ գրեթե 3 տրիլիոն եկամուտ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆինանսական մայր փաստաթղթի նախագիծը գործընկերներին ներկայացնելիս մանրամասնել է։

«2025 թվականի համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ, տնտեսական աճը 5.6 տոկոս, ՀՆԱ–ի դեֆլատորը 3.5 տոկոս և միջին գնաճը 3.5 տոկոս»,– ասում է ֆինանսների նախարարը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

Կառավարությունը 2025թ․ նախատեսում է շուրջ 905 մլրդ դրամ ուղղել սոցիալական ոլորտին։ Գումարի կեսից ավելին՝ շուրջ 560 միլիարդը կհատկացվի կենսաթոշակների վճարմանը։ Ավելի քան 23 միլիարդ դրամ կծախսվի անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, ևս 4.8 միլիարդ դրամ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու համար։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին 2025-ին կուղղվի շուրջ 362 մլրդ դրամ, դրանից 27 միլիարդը՝ գիտությանը։ 2 միլիարդ դրամից ավելի կծախսվի Ակադեմիական քաղաքի ստեղծման, 6.5 միլիարդ դրամ էլ զբոսաշրջության զարգացման ու 97 միլիարդից ավելի ճանապարհային ցանցի բարելավման համար։ Կառավարությունը պլանավորում է 2025թ 11 միլիարդ դրամից ավելի պարգևավճար ու պատվովճար վճարել։

«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 միլիարդ դրամ։ 2025թ հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետական բյուջեի պակասուրդը, որը աճում է մինչև 5.5 տոկոս 2025թ, այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոս մակարդակի։ Արդյունքում Կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2025թ վերջում կկազմի 53.5 տոկոս»։

Կառավարությունը նախատեսում է հարկային վարչարարության ու ստվերի դեմ պայքարի արդյունքում բարելավել հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2024թ հաստատված բյուջեի համեմատ 0.1, իսկ 2024–ի արդյունքի համեմատ 0.7 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ ցուցանիշը կհասնի Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին։ Ֆինանսների նախարարը Վահե Հովհաննիսյանը շեշտում է՝ հաջորդ տարվա բյուջետային փաստաթուղթը փոփոխություններ ունի ու լավարկվել է գործող փաստաթղթի հետ համեմատ։

«Առաջին կետը վերաբերում է կապիտալ ծախսերի հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխման մեխանիզմին։ 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծով կառավարությանը թույլատրվում է 2025թ պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին ֆինանսավորել կապիտալ ծախսերի գծով 2024թ ստանձնված, սակայն 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի չիրականացված պայմանագրային պարտավորությունները»,– մանրամասնում է Հովհաննիսյանը։

Բյուջեում առանձին հավելվածով ներառված են նաև պետական գույքի վարձակալության դեպքում վարձակալության վճարների մոտարկված չափերը։ Հետագայում այդ վարձակալական վճարները կարտացոլվեն պետական բյուջեի համապատասխան հոդվածներում՝ դրանով մեծացնելով հանրային ակտիվների կառավարման թափանցիկությունը։

Գործադիրը նախատեսում է մինչև 2025թ պետական բյուջեի հաստատումը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել նաև 2025-2027թթ միջնաժամկետ հատվածի վերանայված ծախսային շրջանակը։

Կարդացեք նաև

Back to top button