ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանը պնդում է ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության գործուղումը Արցախ

Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հետևանքով հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է՝ նյույորքյան համաժողովում ահազանգել է  Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Մասնագետները նույնպես ահազանգում են՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է անհապաղ և համատեղ միջազգային ջանքեր։ Մինչ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների առաքելությունը կդառնա իրականություն, Հայաստանը շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ՝ պահանջելով միջազգային իրավունքի կատարումը և մշակութային արժեքների պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար վերացման վտանգի առջև՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ պատմական հայկական հուշարձանների ու մշակութային վայրերի ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

«Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկմանը՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում են Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում»։

Մշակութային կեղծ նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ ասել է Միրզոյանը  և պնդել՝  պետք է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Նախարարը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները, սակայն մինչ օրս այդ պահանջները անտեսվում են։ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու այդ ժառանգության պաշտպանությունը։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, այլև մշակութային ցեղասպանության դրսևորումներ են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, ներառյալ հայկական եկեղեցիների և հուշարձանների պղծումը, հակասում են Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և միջազգային իրավունքի սկզբունքներին։ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության նպատակն է կանխել այս պատմական ժառանգության լիակատար ոչնչացումը, որը համամարդկային նշանակություն ունի՝ նշում է Սիրանուշ Սահակյանը։

«Միջազգային համագործակցության հարցեր քննարկելիս՝ անպայման պետք է դիտարկել համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, եւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում միջազգային կոնվենցիաները, որոնք հատուկ կարգավորում են հենց հակամարտության ընթացքում այս ժառանգության պահպանումը»։  

Սահակյանը նաև հավելում է, որ միջազգային կազմակերպությունները պարտավոր են ներգրավել համապատասխան փորձագիտական խմբեր՝ փաստաթղթավորելու այս գործողությունները և ապահովելու, որ դրանք պատշաճ իրավական հետևանքներ ունենան։ Փաստաբանը, սակայն, միաժամանակ նկատում է, որ այս պահին այդ առումով հստակ խոչընդոտ կա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծված կոմիտեի անդամ է նաև Ադրբեջանը՝ հասկանալի հետևանքներով.

«Կա ստեղծված կոմիտե, բայց , ցավոք, 2021 թվականին այդ կոմիտեի անդամ է դարձել նաև Ադրբեջանը՝ 4 տարի ժամկետով»։ 

Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները, խաչքարերը, վանքերը և գերեզմանոցները հազարամյակների պատմություն ունեն։ Այս հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգություն են։ Դրանց կորուստը կհանգեցնի տարածաշրջանի մշակութային և պատմական հարուստ ժառանգության լուրջ վնասմանը։

Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմը դիտարկվում է որպես մշակութային ցեղասպանություն, և Հայաստանը շարունակաբար բարձրացնում է այս հարցը միջազգային մակարդակներում՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա կորուստները։

Լեռնային Ղարաբաղում ոչնչացման վտանգի տակ են 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան։ Այս գույքագրումն իրականացրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն» հիմնադրամը։ Կազմակերպության հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը կարևորում է այս թվերը։

«Շատ անհրաժեշտ է այսօրվա վիճակում։ Սա պետք է մեզ միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետև միջազգային հարթակներում շատ է կարևորվում, թե կոնկրետ ինչ ենք կորցրել և ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը»։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնագույն քաղաքակրթությունների նյույորքյան ֆորումի նախարարական հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է Հայաստան՝ դեկտեմբերի 18-ին մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը։ Այս միջոցառումը կարող է դառնալ միջազգային կարևոր հարթակ՝ քննարկելու ո՛չ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու  հարցը։

Կարդացեք նաև

Back to top button